Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանի

Ապրիլ 14,2005 00:00

Թանգարանի մասին մոռացել են Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում ժամացույցի սլաքները համառորեն ցույց են տալիս միեւնույն ժամը՝ 6:15։ Թանգարանի տնօրեն Ամալյա Հովհաննիսյանը չի հիշում, թե երբ են կանգնել սլաքները, բայց ասում է, որ քանի տարի է՝ թանգարանում ժամանակը կարծես առաջ չի գնում, ոչինչ չի փոխվում։ Չի փոխվում ոչ այն պատճառով, որ, ինչպես բոլոր թանգարաններում, այստեղ եւս իրերը թողնվում են անփոփոխ։ 1948172ին էջմիածնում բացված այս մշակութային օջախը վերջին տասնամյակում դարձել է մոռացված անկյուն։ Տիկին Ամալյան, որն, ի դեպ, ազգակցական կապ չունի բանաստեղծի հետ, քսանհինգ տարի աշխատում է թանգարանում։ Այդ տարիների ընթացքում այցելուներին մանրամասն պատմել է բանաստեղծի կյանքի եւ ստեղծագործությունների մասին, աշխատելով ամեն անգամ հնարավորինս հետաքրքիր, նորովի ներկայացնել բանաստեղծին։ Պատահել է՝ օրվա մեջ մի քանի անգամ շրջել է այդ չորս սենյակներով եւ ցույց տվել հեղինակի անձնական իրերը։ Առանձնահատուկ է ներկայացրել հատկապես բանաստեղծի դաշնամուրը, որով նվագել է նաեւ Կոմիտասը։ Հիմա աշխատանքը ավելի «հանգիստ» է, նույնը մի քանի անգամ կրկնելու կարիք չի լինում։ Գալիս են հիմնականում աշակերտներ, բայց լինում են օրեր, որ թանգարանի դուռը չի բացվում, հատկապես ձմռանը, երբ շենքը չի ջեռուցվում։ Տիկին Ամալյան վստահ է, որ եթե պայմանները նպաստավոր լինեն, այցելուները կլինեն ավելի շատ։ Նա արդեն կարոտով է հիշում թանգարանի այն գարունները, երբ ինքը նոր էր սկսել աշխատել։ «Առաջ մենք գեղեցիկ պարտեզ, ծաղիկներ, բարդիներ ունեինք։ Թանգարանը հանգստի վայր էր այցելուի համար։ Հիմա մեր տարածքը կրճատվել է, պարտեզի խնամքը մնացել մեզ վրա»,֊ ասում է Ամալյա Հովհաննիսյանը։ Ավելի տխուր է տան վիճակը։ Փայտե դուռը եւ աստիճանների բազրիքները գունաթափվել են, սենյակի պատերին ճաքեր են առաջացել, վերանորոգման կարիք ունի տանիքը։ Ինչպես տիկին Ամալյան է նշում, մասնակի վերանորոգումներ 80-ականների վերջերին կատարվել են, բայց դրությունը շարունակում է մնալ անմխիթար։ «Տարբեր տարիների դիմել ենք այս կամ այն կառույցին: Վերջերս էլ մշակույթի նախարարությունից եկան, նայեցին, բայց ոչ մի կոնկրետ բան չխոստացան»,֊ ասում է թանգարանի տնօրենը։ Մշակույթի նախարարությունը իրոք ոչինչ չի խոստանում։ Նախարարության լրատվության բաժնից հայտնեցին, որ եթե տվյալ մշակութային օջախը չի գտնվում իրենց ենթակայության ներքո, ապա այդ հարցով չեն զբաղվում, իսկ թանգարանը մոտ երկու տարի է՝ Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայությանն է հանձնված։ Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինությունում ասացին, որ թանգարանը այս տարի կարծես պետք է վերանորոգվի քաղաքաշինության նախարարության կողմից։ Քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությունից հայտնեցին, որ հաստատված է այն շինությունների ցանկը, որոնք կվերանորոգվեն այս տարի: Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը այդ ցանկում չկա։ ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել