Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՂԱԾ

Ապրիլ 16,2005 00:00

«ԵՂԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԱՏԱՄ ԵՆ» ՀՀ մրցակցային օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի փորձագետները 2003թ. ուսումնասիրություններ են կատարում: Վերջին 1.5 տարում միջազգային փորձագետները ձեւավորել են առաջարկությունների մի ամբողջ փաթեթ: Երեկ այդ առիթով կազմակերպվել էր «Մրցակցությունը Հայաստանում. խնդիրներ եւ հնարավորություններ» թեմայով կոնֆերանս՝ մանրամասն ներկայացնելու եվրոպական խորհրդատվության շարժառիթներն ու դրանց անհրաժեշտությունը: Ծրագրի խորհրդատու Մայքլ Նիքոլսոնի հավաստմամբ, նախեւառաջ պետք է փոփոխություններ կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձեզ մոտ օրենքը խախտողներն արդարանում են՝ պատճառաբանելով, թե հոդվածները հստակ չեն սահմանված կամ դրույթը լավ չեն հասկանում, մինչդեռ օրենքից օգտվողները ոչ մի տարակարծություն չպետք է ունենան»: Բացի այդ, ըստ պրն Նիքոլսոնի, օրենքում անպայման պետք է լինի մի կետ, որը վերաբերի պետական մրցույթների ժամանակ պետական մարմինների խախտումներին, «թե չէ՝ եղած հոդվածներն ու պատժամիջոցները անատամ են»: Միջազգային փորձագետի դիտարկումների համաձայն, չնայած տարեցտարի հանձնաժողովի աշխատանքների ծավալները մեծացել են, բայց ֆինանսավորումը կրճատվել է: Անգամ գործուղումների եւ տեխնիկական վերազինման համար լուրջ հատկացումներ չեն արվել, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել հանձնաժողովի համար: «ԱՄՆ-ում հանձնաժողովի անդամները շատ պարզունակ խնդիրների առաջ կարող են կանգնել, բայց ոչ երբեք գույքի կամ տեխնիկայի պակասի»: Պարոն Նիքոլսոնը նշեց, որ աշխատանքը արդյունավետ դարձնելու համար կարեւոր է նաեւ աշխատավարձերի բարձրացումը. «Բոլոր զարգացած երկրներում մրցակցային մարմնի աշխատակազմը ստանում է մասնավոր սեկտորի աշխատավարձի 75%-ը, մինչդեռ Հայաստանում այն ընդամենը 40% է»: Հարցին, թե հակամրցակցային համաձայնությունների առումով ինչպիսի՞ ուսումնասիրություններ են կատարվել եւ ի՞նչ պայքար է իրականացվում այն կանխելու համար, հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը պատասխանեց. «Դրանք ոչ միայն մեզ պես 4-ամյա անփորձ մարմնի, այլ ավելի լուրջ եւ մեծ իրավասություններ ունեցող մարմնի համար չափազանց դժվար է ապացուցել, որովհետեւ կարող ենք միայն կասկածել ու եզրահանգումներ անել, բայց չունենալ կոնկրետ ապացույցներ՝ տնտեսական դատավորին ներկայացնելու»: Փորձագետն առաջարկում է դիտարկել «առավոտյան ռեյդերի» պրակտիկայի կիրառման գաղափարը, որը գործում է եվրոպական երկրներում եւ որի ժամանակ ընկերություններից ձեռք են բերվում կարեւոր տեղեկություններ: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել