Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում

Մայիս 12,2005 00:00

Երեւանում պետական «բոմժանոց» է բացվելու Մտավախություն կա, որ այդտեղ ապրող անօթեւանները դա կընկալեն որպես մշտական կացարան: Օրերս մեր խորհրդարանն ընդունեց Սոցիալական աջակցության մասին օրենքը: Մասնավորապես, օրենքով հստակորեն սահմանված է, թե որոնք են կյանքի այն դժվարին պայմանները, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել սոցիալական աշխատողի կամ ծառայության աջակցությանը: Օրենքի լիարժեք կատարման մասին վաղ է խոսել, բայց արդեն պատրաստ մի նոր ծրագիր կա: «Նախատեսել ենք ունենալ մի բազմաբնակարան շենք, որտեղ ժամանակավոր կացարան կտանք անօթեւան մեծերին եւ փոքրերին: Նրանք կարող են սնվել եւ ապրել այդտեղ երկու ամիս, իսկ մինչ այդ մեր աշխատակիցները կուսումնասիրեն եւ կճշտեն անօթեւանի ինքնությունն ու հետագա ճակատագրի հարցը: Նույն շենքում նախատեսում ենք նույնքան ժամանակով պատսպարել բռնության ենթարկված կանանց: Մեր աշխատանքի բուն էությունն այն է, որ կարողանանք նրանց բացատրել իրենց իրավունքները, օգնել, որ վերագտնեն իրենց եւ կարողանան կողմնորոշվել հետագա անելիքներում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Մտավախություն չունե՞ք, որ անտուն մարդը կտեղավորվի եւ այլեւս դուրս չի գա բնակարանից: Մեր այդ հարցին ի պատասխան՝ վարչության պետը վկայակոչեց արտերկրի նմանօրինակ հաստատությունների փորձը, որտեղ այդպիսի դեպքեր չեն արձանագրվում: Մեկ այլ՝ Պետական նպաստի մասին օրենքով, որը նույնպես ընդունվել է օրերս, աղքատության ընտանեկան նպաստից դուրս է եկել «աղքատություն» բառը: Այսինքն՝ նպաստն այլեւս աղքատների համար չէ՞: Պարզվում է, օրենքով սահմանված է, որ աջակցության ցանկացած միջոց պետք է կիրառել՝ առանց քաղաքացու արժանապատվությունը նսեմացնելու: Իսկ «աղքատություն» բառը վիրավորական արտահայտություն է: Բացի այդ, ըստ վարչության պետի տվյալների, մեր երկրում ծայրահեղ աղքատության տոկոսը նկատելի նվազել է. 1999-ին արձանագրված 29 տոկոսն այս տարի նվազել է 7,2-ի: Մի տեղեկություն եւս՝ ընտանեկան նպաստի համակարգում 2006-ից տեղ կգտնեն նաեւ մահվան դեպքում մասնակի փոխհատուցման (եթե մահացողը կենսաթոշակառու կամ աշխատող չէ), ինչպես նաեւ առաջին դասարանցիների համար միանվագ օգնության կետերը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել