Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Հուլիս 02,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ ԳՈՎՔ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ Երբ սրճարանից դուրս եկանք, ես թաքուն Ջանսուղին խնդրեցի, որ Բախվային էլ հրավիրի մեր բանկետին, եւ Ջանսուղը հրավիրեց: Բախվան ասաց, որ մի հատ կհանդիպի տուն ու անպայման կգա: Ողջ բանկետի ընթացքում ես սպասեցի Բախվային, բայց նա չեկավ: Մենք այլեւս չտեսանք իրար: Բանկետի գինին ընտիր էր, բայց պակաս հարբեցնող չէին իմ հասցեին հնչած բազում գովեստները: Ես, իհարկե, Երեւանում արդեն գրողներից ու գրագետներից գովեստներ լսել էի, որովհետեւ գիրքս ու բանաստեղծական մի քանի շարքեր արդեն տպագրել էի ու արդեն միանգամայն ծանոթ էի գրական գովեստների էդ բթացնող թմբիրին, բայց էդ բանկետի ընթացքում իմ հասցեին հնչած գովեստներն ինձ ոչ բթացնում եւ ոչ էլ թմրեցնում էին էն հասկանալի պատճառով, որ էդ ամենը խիստ ժամանակավոր էր, ու մի քանի օրից, ուզեի թե չուզեի, վերսկսելու էի Երեւանում կիսատ թողած իրական ու մշտական կյանքս, եւ, բացի այդ, այն ամենը, որ տեղի ունեցավ ութսունմեկ թվականի հուլիսի տասնիննին Քութայիսի օպերայի բեմում, ես ընդամենը երջանիկ պատահականություն էի համարում եւ, ի տարբերություն Կուդիմովա Մառայի, լավ էլ գիտեի ու հասկանում էի, որ Բախվայի ու Վիսոցկու մասին արտասանածներս մակերեսային ու պրիմիտիվ բաներ էին, ու դա հրաշալի էի գիտակցում, որովհետեւ արդեն միանգամայն նոր բաներ գրած ունեի: Այդուհանդերձ, էդ բանկետի ընթացքում հնչած գովեստները հաճելի էին ինձ, որովհետեւ բոլոր բանաստեղծների պես ես էլ եմ գովեստներ սիրում, չնայած, ի տարբերություն մյուս բանաստեղծների, լուրջ չեմ ընդունում հատկապես ռուսների գովեստները ռուսերեն թարգմանված բանաստեղծություններիս առումով, որովհետեւ ես ցանկացած բանաստեղծության նույնիսկ լավագույն թարգմանություն համարում եմ բանաստեղծության տնազ եւ հայհոյանք էդ, ուրեմն, ժանրի հասցեին, ու եթե այլ պատճառներ չլինեին էլ, բանաստեղծություն գրելն արժեր թարգել հենց թեկուզ էն պատճառով, որ երբեւէ որեւէ այլազգի գրամոլ հնարավորություն չունենա աղավաղել հանգերդ ու վերապատմել զգացմունքներդ, որոնք, ինչպես Կուդիմովա Մառան էր ասում, նույնիսկ ինքդ կարգին չես հասկանում: Ասածս, իհարկե, չի նշանակում, որ ես մշտապես ցնցվել ու հալումաշ եմ եղել հայրենակիցներիս գովեստներից: Էդ գովեստները քեզ կարող են ցնցել ու հալումաշ անել էնքան ժամանակ, քանի դեռ պատահաբար, ավելի ճիշտ՝ երջանիկ պատահականությամբ չես հանդիպել միակ ընթերցողիդ, որը ոչ միայն գովել չգիտի, այլեւ չգիտի, որ պետք է գովել, ու երջանիկ պատահականությամբ ինքը հենց նա է, ում համար դու գրել եւ գրում ես, ավելի ճիշտ՝ ինքը երջանիկ պատահականությամբ մեկն է էն մարդկանցից, որոնց համար դու գրում ես, եւ որոնք սովորաբար ու ընդհանրապես գիրք չեն կարդում, չնայած ինձ հանդիպած էս մեկը երջանիկ պատահականությամբ կարդացել է ու շարունակում է կարդալ: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե ես քար անտարբերությամբ եմ վերաբերվում գրողների, գրամոլների կամ, ասենք, քաղաքական գործիչների գովեստներին: Քավ լիցի, ինչպես ասում են: Ասածս ընդամենն էն է, որ էդ գովեստներից ցնցվում կամ թեւավորվում ես մինչեւ էն պահը, երբ երջանիկ պատահականությամբ չեղած տեղից հայտնվում է միակ ընթերցողդ եւ սկսում է անհոդաբաշխ ինչ-որ զառանցանք ի բաց արձակել, ու իր էդ զառանցանքը միայն քեզ է հասկանալի, ինչպես որ իմ էս զառանցանքն է միայն իրեն հասկանալի: Ասածս, իհարկե, բնավ չի նշանակում, որ անպայման պիտի տեղի ունենա էդ ասածս երջանիկ պատահականությունը, եւ, ուրեմն, պարտադիր պիտի հանդիպես զառանցողիդ: Շատ հնարավոր է, որ իրեն երբեւէ չհանդիպես ու շարունակես հալումաշ լինել արհեստակիցներիդ ու արվեստակիցներիդ հերթական ու հերթապահ գովեստներից: Ես էդպես ու էդ ոգով մի ամբողջ կյանք արդեն Գրողների միությանը կցված ապրել եմ եւ, կարելի է ասել, առանձնապես դժգոհ չեմ եղել իմ ապրածից: Իրենք ինձ են գովել, ես՝ իրենց: Առանց կարդալու, իհարկե: Մի անգամ դու ես իրեն գովում, մի անգամ ինքը՝ քեզ: Երկու անգամ դու ես իրեն գովում, երկու անգամ էլ ինքը՝ քեզ: Ու էդպես՝ բազմիցս ու մշտապես: Ասածս, իհարկե, բնավ չի նշանակում, որ հիմա էլ է էդպես: Հոնորարների ու գրողական այլ եկամուտների վերացումով գրողական էդ հարաբերություններն էլ, կարելի է ասել, վերացան, բայց քանի որ բնության մեջ որեւէ բան իսպառ չի վերանում, գրողական էդ, ուրեմն, հարաբերությունները ոչ թե իսպառ վերացան, այլ մեկին մեկ տեղափոխվեցին լրագրության ասպարեզ, եւ չնայած էդ նույն ժամանակ ինքս էլ փոխադրվեցի լրագրության ոլորտ, բայց ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում առավոտվա թռուցկաժողովներից առաջ ռեգուլյար գովել նոր կոլեգաներիս հանապազօրյա հոդվածներն ու ինֆորմացիաները, իսկ իրենք միմյանց հանդեպ պարտաճանաչորեն այդ անում էին անկախ էն հանգամանքից, որ խմբագրության համապատասխան աշխատողը դեռեւս բերած չէր լինում էդ օրվա թերթի անվճար ու պարտադիր օրինակները, իսկ ինձ ոչ մի կերպ ու ոչ մի խմբագրությունում չէր ստացվում այդ անել, որովհետեւ ես արդեն միանգամայն հին մարդ էի եւ գրողական շրջանում արդեն հասցրել էի բարոյապես բավական կարծրանալ, այսինքն՝ ես սովոր էի գրող ու բանաստեղծ կոլեգաներիցս իրենց գրքերը նվեր ստանալուց առնվազն մեկ օր անց միայն գովել նրանցից ստացած էդ, ուրեմն, ընծայագրով նվերը, որովհետեւ նույն օրը գովելն ուղղակի ծաղր կհամարվեր, եւ հիմնականում գրողական տարիների իմ էդ բացասական փորձն էր պատճառը, որ լրագրող կոլեգաներիս էդ օրվա տպածները գովում էի միայն էն բանից հետո, երբ խմբագրության համապատասխան աշխատողն արդեն բերած էր լինում էդ օրվա թերթի պարտադիր եւ, ուրեմն, անվճար օրինակները, այսինքն՝ ես իրենց գրածները միայն էն ժամանակ էի սկսում գովել, երբ իրենք արդեն թերթը թերթելուց հետո երկրորդ կռուգ էին սկսում իրար գովել, այսինքն՝ ես իմ գովեստները բաշխում ու իրենցը ձեռի հետ ընդունում էի այն ժամանակ միայն, երբ իրենք խմբագրից արդեն ստացած էին լինում սկսվող օրվա նոր առաջադրանքներն ու հանձնարարությունները, եւ իրենց ուշքերն ու մտքերն արդեն միանգամայն զբաղված էին, էնքան էին զբաղված, որ երբեմն նույնիսկ մոռանում էին գովեստիս գովեստով արձագանքել, ու էդպես մի քանի անգամ իրենցից անպատասխան մնալով՝ շուտով ինքս էլ դադարեցրի իմ էդ ամենօրյա ուշացած գովեստները եւ, լինելով ու մնալով իրենց մեջ, դադարեցի հանդիսանալ ու լինել իրենց լրագրողական ընտանիքի լիարժեք ու լիիրավ անդամը, ու բոլորս էլ միանգամայն ու հավասարապես անմեղ էինք, որովհետեւ ժամանակը փոխվել էր, ավելի ճիշտ՝ ժամանակը քչություն էր անում: Հին գրողների ու նոր լրագրողների նմանություններից մեկն էլ այն էր, որ երկուսն էլ տպվելուց հետո խորասուզված էին կարդում, ընդ որում՝ խորասուզված էին կարդում իրենց իսկ գրածը, ու ես էլ, չնայած արդեն իրենց ընտանիքի լիարժեք անդամը չէի, մեկին մեկ նույնն էի անում ընդամենը մի տարբերությամբ. ես, ուրեմն, արագ-արագ կարդում էի գրածս եւ, ինձ սենյակից սենյակ փոխադրելով, նայում, հրճվում ու հիանում էի, թե ինչպես է ամեն մեկն իր իսկ գրածը հիացմունքով ու խորասուզված ընթերցում էդ պարտադիր եւ, ուրեմն, անվճար օրինակների համապատասխան էջում: Ասածս, իհարկե, չի նշանակում, որ ես, դադարելով գովեստներ շռայլել, դադարեցի նաեւ գովեստներ փնտրել ու կորզել. ես պարզապես էդ գովեստներն սկսեցի փնտրել ու կորզել դրսերում՝ Գրողների միության ու խմբագրությունների պատերից դուրս, ու էդպես դրսերում փնտրելով՝ մի օր դրսերում երջանիկ պատահականությամբ հանդիպեցի զառանցողիս: Ես կարող էի ասել, որ ես ոչ թե ընդամենը մի զառանցողի եմ հանդիպել, այլ՝ մի քանիսին, բայց դրանով գլխավոր զառանցողիս դերն ու նշանակությունը նսեմացրած կլինեմ: Եվ հենց էստեղ ու հենց էս պահին կարող էի նաեւ գլխավոր զառանցողիս անունն ու ազգանունն էլ նշել, քանի որ նա ամենքիս պես անուն ու ազգանուն ունի, ընդ որում՝ շատ յուրահատուկ անուն եւ նույնքան յուրահատուկ ազգանուն, բայց ես նաեւ զգում ու հասկանում եմ, որ գլխավոր զառանցողիս անունն ու ազգանունը հիշատակելով՝ կարող եմ թյուրիմացաբար ու հիմարաբար էդ ամեն խորհրդավորի ու իմաստավորի վերջակետը դնել, մանավանդ որ՝ իմ էդ գլխավոր զառանցողը մեկն է իմ իմացած էն եզակի մարդկանցից, ովքեր իրենց անունները թերթերում տպված տեսնելու ո՛չ ակնկալիք ունեն եւ ո՛չ էլ ցանկություն, այսինքն, ի տարբերություն մյուսներիս, գլխավոր զառանցողս միանգամայն հանգիստ մարդ է ու ընտանիք էլ չունի, եւ իր օրինակով ես վերստին ու նորովի եմ հասկանում, թե ինչու է եպիսկոպոսաց դասին ու օրենքով գողերին արգելված ընտանիք կազմելը. հավանաբար էն պատճառով, որ հանգիստ ու հպարտ մնան եւ ընտանեկան հոգսերի պատճառով չճկվեն ու իրենց դեսուդեն չգցեն. բայց, ի տարբերություն եպիսկոպոսների ու օրենքով գողերի, գլխավոր զառանցողիս ոչ մի օրենք չի արգելել ընտանիք եւ այլ բաներ ունենալ, եւ նա ինքն անձամբ է իր ճակատագիրն ընտրել ու տնօրինել եւ, ի տարբերություն եպիսկոպոսների ու օրենքով գողերի, ինքն իր էդ ընտրության դիմաց աշխատավարձ կամ որեւէ եկամուտ չի ստանում: Ինչ վերաբերում է Քութայիսի մեր բանկետին, էդ բանկետից առանձնապես նշանակալի դրվագներ չեմ կարողանում հիշել, որովհետեւ ես նախ մեծամասշտաբ քեֆեր չեմ սիրում ու նաեւ երկար-բարակ կենացներ չեմ սիրում՝ ոչ ասել եւ ոչ էլ լսել, եւ, բացի այդ, էդ իրիկվա օպերայի բեմում տեղի ունեցածն էնքան տպավորիչ ու ցնցող էր, որ բանկետի ընթացքում ինձ ուղղված գովեստները չէի էլ ընկալում, ու էդ բանկետից միայն հարբած ինչ-որ դեմքեր եմ աղոտ հիշում ու նաեւ Տատյանաներից Բրիկսինայի հարբած լինելն եմ հիշում ու հիշում եմ նաեւ, որ ինքը, մի պահ մյուս Տատյանայից պոկվելով, հաջողացրեց թաքուն մոտենալ ինձ, թուշս պաչել եւ ասել, որ հատկապես ի՛մ մրցանակի կապակցությամբ է շատ ուրախ, եւ նրա էդ խոսքերն առանձնապես էին հաճելի ինձ, մանավանդ որ՝ ասվել էին իր կերածխմածը զուգարանում հետ տալուց ահագին առաջ, ու իր էդ խոսքերից հետո սիրտս մի տեսակ թեթեւացավ, որովհետեւ, էլի եմ ասում, ուրիշի ուրախությամբ գոնե մի քիչ ուրախանալն անհամեմատ դժվար գործ է, քան՝ ուրիշի տխրությամբ տխրելը, ու ես սա իմ անձնական փորձից եմ ասում, որովհետեւ ուրիշի ուրախությամբ ուրախացողների ոչ միայն հազվադեպ եմ հանդիպել, այլեւ անձամբ ինձ էլ է հազվադեպ հաջողվում խորքանց ու ըստ էության ուրախանալ ուրիշների հաջողություններով, իսկ ուրիշի տխրությամբ ինչքան ասես տխրել եմ ու ինչքան ասես տխրում եմ: Էդ իրիկուն իմ հաջողությամբ ուրախացողներին ես ջոկում ու հայտնաբերում էի ոչ թե ինձ հասցեագրված գովեստների ու կենացների բովանդակությունից, այլ միայն՝ հայացքներից, եւ կարող եմ ասել, որ նրանք երեքն էին՝ Եվտուշենկոն, իռլանդուհին ու Կուդիմովան, չհաշված, իհարկե, Բախվան, եւ չհաշված Բաղդադիի միլիցիոներն ու այլ անկապ հանդիսականներ, ու էդ ամենի հետ կապված՝ հիմա նաեւ մտածում ու հասկանում եմ, որ սովորաբար հաջողություններովդ ուրախանում են հիմնականում անկապ մարդիկ՝ քեզ հետ որեւէ առնչություն չունեցող, չնախատեսված ու անկանխատեսելի մարդիկ: Ինչ վերաբերում է էդ իրիկվա իմ, Եվտուշենկոյի, իռլանդուհու ու Կուդիմովա Մառայի համատեղ ուրախությանը, ապա էդ իրիկվա մեր բարձր տրամադրություններն ուղղակի մեկին մեկ զուգադիպել ու համընկել էին, ու էդ իրիկուն մենք միասին ուրախ էինք: Ջանսուղն էլ մրցանակիս առումով երեւի տխուր չէր, բայց մրցանակիս հնարավոր հետեւանքներն իրեն, ըստ երեւույթին, հանգիստ չէին տալիս ու չէին թողնում, որ մեզ հետ միասին սրտանց ուրախանա: Ինչ ուզում եք ասեք, շատ հետաքրքիր երեւույթ է մարդ արարածը. ինքը չի կարողանում ուրիշների հաջողություններով ուրախանալ, բայցեւ շատ է ուզում ու նույնիսկ պահանջում էլ է, որ նույն էդ ուրիշներն ուրախանան ու ցնծան՝ իր իսկ հաջողություններից ոգեւորվելով ու թեւավորվելով: Ասվածն անձամբ ինձ մասամբ է միայն վերաբերում, որովհետեւ ինձ երբեմն-երբեմն դեռեւս հաջողվում է ուրախանալ ուրիշների ուրախությամբ, եւ ասածս էլի հիմնականում ֆուտբոլին է վերաբերում, ու չնայած էս շարունակական ու անծայրածիր վեպիս առիթով կտրականապես եմ թարգել խաղադրույքներ դնելը, բայց շաբաթ ու կիրակի ոտքերս էլի ինձ հասցնում են Եվրոֆուտբոլի կենտրոնական բաժանմունք, ուր ես չնայած խաղադրույք չեմ դնում, բայց սրտանց ուրախանում եմ իմ սիրած թիմերի ու ֆուտբոլիստների հաջողությամբ: Պատկերացնո՞ւմ եք. Լամպարդն էնտեղ գոլ է խփում, «Չելսին» հաղթում է, Մորինյոն ու Աբրամովիչը բազմապատկում են իրենց միլիոններն ու միլիարդները, իսկ ես երեխայի պես իրենց հավասար ցնծում ու ուրախանում եմ: Էլ չեմ խոսում Ռոնալդոյի ու Ռոնալդինյոյի մասին, որոնց խփած գոլերից հետո ես ամեն անգամ վերագտնում եմ կյանքիս իմաստը: Մարդ արարածը շատ հետաքրքիր ու անբացատրելի երեւույթ է նաեւ էն առումով, որ երբեք չի շտապում իր հիմնական տեղն ու իր հիմնական կյանքին վերադառնալ: Ութսունմեկի հուլիսի տասնիննի էդ իրիկուն ես հեչ չէի շտապում Երեւան վերադառնալ, ինչպես որ հիմա չեմ շտապում վերադառնալ պատմությանս հիմնական ընթացքին ու պատմությունս շարունակել էն տեղից ու էն պահից, երբ յոթանասունչորսի դեկտեմբերի երկուսի կեսօրին Բախվա Բուրչուլաձեն միացավ մեր, ուրեմն, զինվորական նվագախմբին: Այսինքն, կարծում եմ, որ հենց հիմա իմ էս գլուխգովանությունը թարգելու ճիշտ ժամանակն է, ու վաղուց արդեն ժամանակն է վերադառնալ յոթանասունչորսի դեկտեմբերի մեկին սկիզբ առած բանակային կյանքիս, բայց հիմա նաեւ մտածում եմ, որ բանակային իմ օրերին ու հատկապես էդ առաջին օրերին վերադառնալով՝ ամենեւին էլ գլուխգովանությանս վերջ չեմ տալու, քանի որ դեկտեմբերի երկուսի լույս գիշերվա կեսին արդեն գրել ու պրծել էի էդ, ուրեմն, «ԺՈ ջՊՐՈՉրՑՉցպՑ ՊպվՖ ՍՏվրՑՌՑցՓՌՌ!» լոզունգն, ու տղերքով էլ ընդամենը մի օրվա մեջ «Պրաշչանիե սլավյանկին» էինք համարյա կատարելության հասցրել մանավանդ էն պահից հետո, երբ Բախվան իր ֆլեյտայով գումարվեց մեր խմբին, ու Բախվան, փաստորեն, ամբողջ երկու հոգու դեր էր կատարում, քանի որ էդ մարշի ընթացքում փոխնիփոխ երկու գործիք էր նվագում՝ ալտ ու ֆլեյտա, այսինքն՝ սոլոների տեղում ձախ թեւատակին էր դնում ալտն ու ֆլեյտայով սոլո էր մտնում, ու էդպես՝ մի քանի անգամ, ու էդ մարշի ամբողջ ընթացքում իր էդ երկու գործիքներից հավասարապես էր օգտվում, եւ, ինչպես արդեն երեւի դուք էլ եք համոզվում, ես, յոթանասունչորսի դեկտեմբերի սկզբին վերադառնալով, նույն թափով ու նույն ոգով շարունակելու եմ գլուխգովանությունս, որովհետեւ գլուխգովանությունը ոչ թե նպատակ է, այլ՝ ընդամենը վիճակ, ընդ որում՝ միանգամայն երկկողմանի վիճակ, ու էստեղ երկրորդ կողմի դերն առանձնահատուկ կարեւորություն է ստանում, որովհետեւ գլուխգովանությունը տեղի է ունենում ու կայանում է միայն ու միայն էն պարագայում, երբ լսող կողմը պատմող կողմին բացարձակապես չի հավատում, եւ երբ ես Մայակովսկու էդ պոեզիայի տոներն ավարտելով՝ վերադարձա Երեւան ու մարդկանց սկսեցի պատմել իմ ու Բախվայի էդ օպերային հանդիպումն իր ողջ մանրամասներով, մարդիկ, կոլեգաներս ու ներառյալ Համազասպովիչը պատմածներիս չէին հավատում ու երեւի մրցանակիս էլ չհավատային, եթե վերադարձիցս մի քանի օր անց «Լիտգազետան» մրցանակակիրներիս անուններն ու ազգանունները հատիկ-հատիկ չտպագրեր, եւ երբ «Լիտգազետան» իր առաջին իսկ էջին Մարինայի, Էնվերի եւ իմ անուններն ու ազգանունները բավական մեծ տառատեսակով տպագրեց, պատմածներս կասկածի տակ առնողներն անմիջապես դադարեցրին իրենց էդ կասկածները, ու շուտով ինձ համար հասկանալի դարձավ, որ էդ կասկածողներն ու չհավատացողները հակված էին չհավատալ ո՛չ էնքան իմ ու Բախվայի՝ իսկապես անհավատալի էդ բեմական հանդիպմանը, այլ՝ հենց մրցանակիս գոյությանն ու առկայությանը: Ինչ վերաբերում է բանակային պատմություններիս չհավատացողներին, դրանց չհավատացողները կասկածի տակ էին առնում հիմնականում իմ ծառայության նկարչական ու երաժշտական մասերը, այնինչ իրականում բանակիս հետ կապված ողջ անհավատալին ընդամենն էն էր, որ ես, ի տարբերություն իմ համակուրսեցի տղերքի, փոխանակ մնայի ու եւս վեց տարի գյուղում բարձր աշխատավարձով ուսուցչություն անեի, հիմարաբար վեր կացա ու գնացի բանակ: Էդ առաջ էի նեղսրտում, երբ պատմածներիս չէին հավատում ու պատմածներիս ճշմարտացիությունը կասկածի տակ էին առնում, իսկ հիմա, ընդհակառակը, երբ որեւէ մեկը չի հավատում էս պատմածներիս ու գրածներիս իսկությանը, ես ներքուստ միանգամայն գոհանալով՝ մտածում եմ, որ շատ ավելի լավ կլինի, եթե էս գրածս հենց հորինվածք ընկալվի եւ ոչ թե՝ ինքնակենսագրական պատմությունների մի անվերջ ու անհեռանկար շարան, ու էս պատմածներիս չհավատացողներ էլ են արդեն եղել՝ հատկապես Թամազի ու Դավիդովնայենց աճյունի մասերով, ու համոզված եմ, որ մրցանակիս ու մեր նվագախմբի մասերով էլ կասկածողներ կգտնվեն, չնայած ես ոչ թե կասկածող եմ փնտրում ու ման գալիս, այլ մեր էս համընդհանուր կյանքից վերցնում ու առանձնացնում եմ հիմնականում էն դրվագներն ու իրադարձությունները, որոնք, համոզված եմ, միայն ինձ հետ են պատահել ու տեղի ունեցել, ու մարդիկ, չհավատալով դրանց, անկախ իրենց կամքից, փաստորեն, ինձ շատ զիլ գրող են համարում, որովհետեւ միայն շատ զիլ ու շատ ուժեղ գրողներն են ի վիճակի չեղած տեղից հորինել ու բստրել էնպիսի տարօրինակ ու զարմանալի պատմություններ, ինչպիսիք իմոնք են: Բայց, մյուս կողմից էլ, եթե ժամանակին մարդիկ Քրիստոսի ասածներին ու արածներին են կասկածանքով վերաբերվել, ինչո՞ւ պիտի առանց որեւէ լուրջ հիմքի ու հեշտությամբ հավատան իմ ասածներին ու գրածներին, այսինքն՝ եթե մարդիկ իրենց իսկ աչքով տեսածներին չեն հավատացել, ինչո՞ւ պիտի իմ տեսածին հավատան: Բայց, մյուս կողմից էլ, ես գիտեմ, որ մարդիկ հիմնականում Աստվածներին են կասկածում, ու երեւի դա է պատճառը, որ իմ էս պատմածներին հավատացողներ էլ են երբեմն գտնվում, ու հետաքրքիրն էն է, որ ես դեռեւս ինքս ինձ համար չեմ էլ պարզել՝ էս ամենը ես հավատացողների՞ համար եմ հիշում ու գրի առնում, թե՞, ընդհակառակը, չհավատացողների, ու եթե պարզվի, որ էդ երկրորդների համար եմ էս ամեն ինչն էսքան երկար-բարակ հիշում ու պատմում, առանձնապես չզարմանաք, որովհետեւ մարդ արարածն իսկապես անհասկանալի ու անբացատրելի երեւույթ է, եւ, բնականաբար, ես բացառություն չեմ, ու բացառություն չէի նաեւ ութսունմեկի հուլիսի տասնիննին, երբ Վրաստանի Գրողների միության տարեց հաշվապահից մրցանակիս հինգ հարյուր ռուբլին ստանալով՝ փոխանակ հաջորդ իսկ իրիկուն Թիֆլիսից գնացքով սլանայի Երեւան՝ ուրախությանս բեռը հարազատներիս հետ թեթեւացնելու, որոշեցի եւս մի քանի օր մնալ ու զվռնել Թիֆլիսում, իսկ մինչ այդ մենք մեր «Իկարուսով» Քութայիսից առավոտ շուտ դուրս եկանք, եւ իմ բախտից ամբողջ ճանապարհին «Իկարուսի» մեջ քնած էի ու չէի տեսնում Ասլանբեկի ու մյուսների զզվանքով ու ատելությամբ լեցուն հայացքները, իսկ Եվտուշենկոն, իռլանդուհին ու Մարինան արդեն չկային, քանի որ նույն էդ առավոտ ինձ բավական ջերմ հրաժեշտ տալով՝ իրենց «Զրո վեցով» ու ծովափով ուղղություն էին վերցրել Մոսկվա, ու ես մեր «Իկարուսում» զզվանքով ու ատելությամբ լեցուն էդ հայացքների դեմ մենմենակ ու անպաշտպան էի, ու իմ բախտից գրեթե ողջ ճանապարհին աչքերս կպած էին, քանի որ բանկետը շատ ուշ պրծավ, ու գիշերն ընդամենը երեք ժամ էի քնել, եւ երբ «Իկարուսի» մեջ աչքերս բացեցի ու սկսեցի մեկ առ մեկ դիմակայել ատելությամբ լեցուն հայացքներին, արդեն Թիֆլիսի մատույցներում էինք: Մեր «Իկարուսում» Ջանսուղը միակն էր, որ ինձ զզվանքով ու ատելությամբ չէր նայում, ու երեւի Տանյա Բրիկսինան էլ ինձ զզվանքով չնայեր, եթե դանթած չլիներ, ու ես, ոգեշնչվելով Ջանսուղի միանգամայն մարդկային հայացքից, տեղափոխվեցի ու նստեցի իր հետեւի ազատ տեղը եւ, մինչ Գրողների միություն կհասնեինք, Ջանսուղին տեղեկացրի, որ մտադիր եմ եւս մի քանի օր Թիֆլիսում մնալ, եւ երբ քիչ անց արդեն Գրողների միության իր կաբինետում էինք, Ջանսուղն իր օգնականին վրացերեն ինչ-որ բան ասաց, այնուհետեւ օգնականն ինձ տարավ իր սենյակը, սեյֆից մի կարմիր տասանոց հանեց, տվեց ինձ ու բացատրեց, որ դա իմ վերադարձի գնացքի տոմսի փողն է, եւ երբ ես նրան խնդրեցի «Իվերիա» հյուրանոցում երեք օրով համար հաջողացնել, նա անմիջապես հավաքեց հեռախոսի համարը, վրացերեն ահագին երկար խոսեց հավանաբար հյուրանոցի ադմինիստրատորի հետ, ու իր էդ վրացերեն երկար խոսակցությունից միայն «լաուրեատ» բառը հասկացա, ու երբ Ջանսուղի օգնականն ավարտեց խոսակցությունը, ինձ ասաց, որ ամեն ինչ նորմալ է, ու ես կարող եմ գնալ «Իվերիա» եւ, ուրեմն, տեղավորվել: Գլուխ քսաներեքերորդԳլուխ քսանչորսերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել