Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ

Հուլիս 29,2005 00:00

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՅԺՄ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆՈՒՄ Հարցազրույց Արտաշես Գեղամյանի հետ – Պարոն Գեղամյան, փաստորեն, «Հանրապետություն» կուսակցությունը բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրեց հեղափոխություն անելու, «Ազգային միաբանություն» կուսակցությունը ընդունելո՞ւ է «Հանրապետություն» կուսակցության հրավերը եւ փողոց դուրս գալո՞ւ է: – Արձանագրենք այն փաստը, որ 2003 թվականի խայտառակ նախագահական ընտրություններից հետո ինչպես «Հանրապետություն» կուսակցությունը, այնպես էլ «Ազգային միաբանությունը» եւ ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունները համակարծիք էին, որ ունենք ոչ լեգիտիմ նախագահ, իսկ խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո՝ նաեւ ոչ լեգիտիմ Ազգային ժողով: Այն ժամանակ հրապարակ իջավ բոլորիս համար ընդունելի կարգախոս՝ օր առաջ ձերբազատվել այս ոչ լեգիտիմ իշխանությունից: Դրան հաջորդեց համաժողովրդական վերելքը, որը ճնշվեց 2004 թվականի ապրիլի 12-13-ին, ճնշվեց այն պայմաններում, երբ ավելի քան 40-45 հազար մարդ էր հավաքվում: Եթե մենք այդ վերելքին միջազգային հանրության կողմից տրված գնահատականները փորձում ենք համեմատել այն գնահատականների հետ, որոնք տրվում էին նմանատիպ համաժողովրդական պոռթկումներին Վրաստանում եւ Ուկրաինայում, ապա կույր պետք է լինել՝ չարձանագրելու համար հիմնական մի փաստ, այն է՝ այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը ձեռնտու է ճիշտ այն նույն միջազգային կազմակերպություններին, որոնք սատարեցին մի դեպքում՝ Վրաստանին, մյուս դեպքում՝ Ուկրաինային, եւ չսատարեցին Հայաստանին: Իսկ ե՞րբ են ոչ լեգիտիմ իշխանությունները գոհացնում միջազգային կազմակերպություններին, երբ այդ կազմակերպությունները ունեն որոշումներ, որոնք ցանկացած գնով պետք է կյանքի կոչել: Հայաստանի պայմաններում դա ԼՂ հիմնահարցի կարգավորման մոտեցումներն ու որոշումներն են, որոնք կայացվել են դեռ 2001-ին, մասնավորապես, Փարիզում կայացած Քոչարյան – Հ. Ալիեւ – Ժ. Շիրակ հինգուկես ժամ տեւած բանակցությունների ընթացքում, այնուհետեւ 2001 թվականի գարնանը, արդեն Քի-Ուեսթում՝ Քոլին Փաուել-Ջորջ Բուշ-Քոչարյան-Հ. Ալիեւ հանդիպման ժամանակ: Այս ամենից հետո միջազգային հանրությունը, հանձինս Մինսկի խմբի երկրների, ոչ միայն չի փոխել իր մոտեցումներն ու դիրքորոշումը, այլեւ ավելի է կարծրացրել, ինչի ականատեսը եղանք 2005-ի մայիսին, Վարշավայում կայացած ԵԽԽՎ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ, երբ տեղի ունեցավ նաեւ Քոչարյան8211Իլհամ Ալիեւ-Մինսկի խմբի համանախագահողներ-Սերգեյ Լավրով-Յուդրին հանդիպումը, որն արձանագրեց, թե սկզբունքային որոշում է կայացվել ազատագրված 7 տարածքներից ԼՂ ինքնապաշտպանության զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ: Երբ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի համար կարեւորագույն հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ կան սկզբունքային պայմանավորվածություններ, որոնք գոհացնում են այդ երկրներին եւ երբեք ոչ Հայաստանին, բնականաբար իրենք չեն սատարի Հայաստանի ժողովրդին, ոչ թե ընդդիմությանը, չեն սատարի՝ սեփական ջանքերը, «չարչարանքը» ջուրը չլցնելու համար: Ուրեմն, արձանագրենք այս իրողությունը: Նաեւ այն, որ այսօր Հայաստանի իշխանությունները սեփական քաղաքականության սնանկությունը քողարկելու նպատակով կփորձեն իրենց վրայից պատասխանատվությունը բարդել ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա՝ ասելով, որ երկիրը ներսից ապակայունացրին, սասանեցին իշխանական բուրգը, թուլացած իշխանության վզին փաթաթեցին ոչ հայանպաստ լուծումներ: Ահա սա է մայր պատճառը, որ «Ազգային միաբանությունը» առայժմ ձեռնպահ է մնում հայտարարել, որ միանում է «Հանրապետություն» կուսակցության կողմից հրապարակ իջեցված այդ կոչին: Որ չստացվի՝ «Մրից ելանք, մրջուրն ընկանք»: – «Հանրապետություն» կուսակցության հավաքում մարդիկ բավականին վճռական էին տրամադրված եւ նույնիսկ ասացին, թե պատրաստ են միայնակ իրականացնել գործը: – Արձանագրեք նաեւ մյուս իրողությունը. ձեր հրապարակումից ես հասկացա, որ մարդիկ մեծագույնս ոգեւորությամբ պատրաստ են թեկուզ ինքնազոհողության ճանապարհով, բայց՝ գնալ իշխանափոխության: Սա ապացուցում է, որ մարդիկ իրենց գոյության համար ծայրաստիճան վտանգավոր շեմի են հասել, կորցնելու բան չունեն, պատրաստ են գնալ ծայրահեղ միջոցների: Ինչ վերաբերում է «Արդարություն» խմբակցության անդամ մյուս կուսակցություններին, ապա իրենց դիրքորոշումն ինձ համար չափազանց հասկանալի է եւ նույնպես ընդունելի, որովհետեւ ակնհայտ է, որ միջազգային հանրությունը հանդուրժում է այս ոչ լեգիտիմ իշխանությանը՝ սեփական իսկ խնդիրներ հետապնդելով: Իսկ եթե ընդդիմությունը արհամարհի այդ կառույցների հորդորները՝ աջակցել սահմանադրական բարեփոխումների ոչ միայն քննարկմանը, այլեւ ընդունմանը, եթե իրենց հորդորը մենք չլսենք, ապա հնարավորություն կտանք ոչ թե ընդդիմության, այլ՝ հայ ժողովրդի թշնամիներին, ասել՝ ի դեմս Հայաստանի քաղաքական ընտրանու մենք մի կողմից՝ ունենք իշխանությունը բռնազավթած քաղաքական ուժ, մյուս կողմից՝ մարգինալ, խոսք չհասկացող, անգամ ԵԽԽՎ-ն արհամարհող ուժ, որին երբեք չի կարելի վստահել իշխանությունը: Այս ամենը համադրելով, քեզ իրավունք չես վերապահում միարժեքորեն, երրորդական դատավորի կեցվածք ընդունելով գնահատականներ տալ: Այս իրավիճակը ճգնաժամ է ոչ թե ընդդիմության, ոչ թե «Արդարություն» խմբակցության, այլ՝ ճգնաժամ է հայոց պետականության համար, որովհետեւ առկա մարտահրավերներին իշխանությունները ոչ մի կերպ ի զորու չեն եւ ոչ էլ խելքներն է կտրում արձագանքել: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել