Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՅՈՒՄՐԻԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵՌՆՈՒՄ» Է

Օգոստոս 18,2005 00:00

«ԳՅՈՒՄՐԻԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵՌՆՈՒՄ» Է Պատճառը, ըստ քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանի՝ քաղաքապետի «քմահաճ» քաղաքականությունն է: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի ամիս է՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնում տեղի է ունեցել կադրային փոփոխություն. քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատճառաբանելով, որ քաղաքի մշակութային կյանքն ակտիվ չէ, երիտասարդության ժամանցը նորմալ չի կազմակերպվում, իր երբեմնի թիմակից Աշոտ Մկրտչյանին ազատեց աշխատանքից՝ նրա փոխարեն այս աթոռը հանձնելով Գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Արա Պապանյանին: Աշոտ Մկրտչյանը, որն այս առիթով դատարան դիմեց ու արդյունքի չհասավ, կարծում է, որ իր պաշտոնաթող լինելուց հետո էլ քաղաքի մշակութային կյանքում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին, այն ներկա պահին մեռած վիճակում է: Նախկին պաշտոնյան այսպես է հիմնավորում իր տեսակետը։ – Որ քաղաքի մշակութային կյանքը պասիվացել է, դա ես չէ, որ պետք է ասեմ, դա ասում են լրատվամիջոցները, թեմի հոգեւոր առաջնորդը, տեսնում ու զգում է ժողովուրդը: Ես, որպես գյումրեցի ու 5 տարի շարունակ այս բնագավառը ղեկավարած անձ, չեմ կարող անտարբեր անցնել քաղաքապետի նորամուծությունների կողքով: Վերջին մեկ տարում քաղաքում ոչ միայն կարեւոր մշակութային միջոցառում չի կազմակերպվել, բացառությամբ տոնածառի հանդեսի, այլեւ, որքան էլ տարօրինակ է, երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգը, որը ստուգատես է, տեղի է ունեցել Ղուկասյաններին պատկանող «Օազիս» բացօթյա սրճարանում, այս միջոցով նաեւ իրենց բիզնեսն են ծաղկեցնում՝ ծնողներին հարկադրելով ներկայանալ սրճարան: Սա, անխոս, մի մարդու հաճույքը բավարարելու համար է: Իհարկե, այս հարցում միայն քաղաքապետարանի ղեկավարությանը մեղադրել պետք չէ. այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ երաժշտական դպրոցների ղեկավարները, որոնցից շատերն իրենց վաղուց են սպառել որպես երաժշտական ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ: Այդ դպրոցների տնօրենների շուրջ 40 տոկոսը կամ 60-ն անց, կամ էլ երաժշտության հետ ընդհանրապես կապ չունեցող անձինք են: Ահա թե ինչու է պատկերն այդքան «փայլուն». շուրջ հազար ութ հարյուր սաներից հանրապետական միջոցառումներին մասնակցում է ընդամենը մի քանի հոգի, ընդ որում՝ 1-2 դպրոցից: Քաղաքապետարանն էլ իր հերթին ամեն ինչ անում է ուսուցիչների իրավունքները ոտնահարելու համար. 13000 դրամ աշխատավարձ է տալիս 2-3 ամիսը մեկ, իմիջիայլոց՝ վերջին տարիների համար սա մեծ առաջընթաց է, սակայն հանրապետությունում ֆիքսված նվազագույն գումարից 5000 դրամը վերցնում ու վճարում է կենսաթոշակային ֆոնդ, որը գործատուի պարտքն է: Երաժշտական դպրոցների վճարն էլ շատ թանկ է գյումրեցիների համար՝ 5000 դրամ: – Այնուամենայնիվ, դուք չեք հաշտվում ձեզ պաշտոնանկ անելու փաստի հետ: – Գիտե՞ք ինչն է զարմանալի, որ մշակույթի բաժնի ներկա պետին, որը նախկինում իմ ենթական էր, քաղաքապետը միշտ առաջարկում էր աշխատանքից ազատել. նրա նկատմամբ անձնական վատ տրամադրվածություն ուներ եւ նաեւ թերություններ էր գտել աշխատանքում, բայց այսօր նրա պաշտոնն են բարձրացրել: Ի դեպ, նա կրթությամբ մաթեմատիկոս է։ – Ձեր ասելով ստացվում է, որ քաղաքի մշակույթը քաղաքապետին ընդհանրապես չի՞ հետաքրքրում: – Եթե հետաքրքրեր, նկարչական դպրոցը առանց շենքի չէին թողնի՝ 6 տարի շարունակ 83 տարվա պատմություն ունեցող դպրոցի հարցերը չլուծեցին: Անորոշ է նաեւ 1-ին երաժշտական դպրոցի վիճակը, որը Անդրկովկասում առաջին երաժշտական ստուդիան է եղել, տարածքը վաճառվել է, բայց դեռ չի վերանորոգվել այն շենքը, որտեղ պետք է միավորվեին 1-ին եւ 2-րդ երաժշտական դպրոցները: Քմահաճ վերաբերմունքը երեւում է նաեւ թանգարանների գործունեության հանդեպ: Թանգարանների առատությունը բնավ էլ մեր մշակութային հարստության մասին չի խոսում: Փոքրիկ քաղաքում, ինչպիսին Գյումրին է, դա ցուցամոլության նշան է, հատկապես այն պարագայում, երբ դրանք ուշադրությունից դուրս են մնացել։ Մինչեւ օրս ոչ Իսահակյանի, ոչ Շիրազի, նաեւ՝ Ասլամազյանների ու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններում ջեռուցման ու նաեւ գույքի խնդիրը լուծված չէ: Ավելին ասեմ, բացի Ասլամազյանների պատկերասրահից, մյուս թանգարաններն անգամ ցուցանակ չունեն: Իսկ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը ոչ մի առնչություն չունի դերասանի հետ, չես կարող մեմորիալ մաս ստեղծել, Մհերի շունչը չկա: Կարելի էր թանգարան դարձնել այն տունը, որտեղ նա ծնվել էր, կարելի էր ճիշտ կազմակերպել: Վստահ եմ, որ տխուր է լինելու վիճակը նաեւ Տիկնիկային թատրոնում: Համայնքային բյուջեից հատկացվում էր շուրջ 6 միլիոն դրամ, սակայն դա էլ զլանում էին տալ եւ փորձում էին ճանապարհներ գտնել կամ մշակույթի նախարարությանը հանձնելու, թեեւ վերջիններս չէին վերցնում, կամ Դրամատիկ թատրոնի հետ միացնելու: Այս քաղաքում մինչեւ օրս նույնիսկ գեղխորհուրդ չկա: Քաղաքապետը որտեղ հարմար գտավ՝ արձաններն այնտեղ էլ կտեղադրի: Հետաքրքիրն այն է, որ նոր արձան տեղադրելու հետ կապված քննարկումներին ով ասես չի մասնակցում, օրինակ՝ կոմունալ կամ քաղաքաշինության բաժինների պետերը, բացի մշակույթի բաժնի պետից կամ հենց արձանի հեղինակից: Թեեւ ասեմ, որ միայն մշակույթը չէ այս վիճակում, բոլոր բաժիններում էլ նույն պատկերն է: Աշխատանքային հարաբերությունների մեջ հարգանքը, փոխադարձ վստահությունը բացակայում են, կա ճորտի հոգեբանություն: Մի խոսքով՝ քաղաքապետարանի ղեկավարները դեռ գյումրեցիներին ու հայությանը զարմացնելու շատ-շատ կարողություններ ունեն: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել