Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը դեռ կառավարություն չէ»

Սեպտեմբեր 10,2005 00:00

«Վարչապետը դեռ կառավարություն չէ» Պետական պաշտոնյաները՝ ռեկտորները շարունակում են դժգոհել կառավարության որոշումից «Հիմա որոշ բուհեր ոչ թե կառավարության որոշման կատարմա՛ն մասին են քննարկում կազմակերպում, այլ՝ որոշման քննարկում: Տարօրինակ է հնչում, որ բուհերը ղեկավարող մեր գիտնականները, որոնք պետական ծառայող են (պետական բուհի ռեկտորը պետական պաշտոնյա է), անհամաձայնություններ են հայտնում ՀՀ նախագահի կողմից վավերացված՝ կառավարության որոշման մասին այն դեպքում, երբ նախապես քննարկումներ են եղել նրանց մասնակցությամբ, եւ ամենակարեւորը՝ այս որոշումը ոչ մի օրենքի ոչ մի կետի չի հակասում»,- ասում է ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանը: Խոսքը կառավարության հունիսի 23-ի որոշման մասին է, որը «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի պահանջով, բուհերի ղեկավար մարմնի՝ խորհրդի նոր կարգ է սահմանում: Բուհերի որոշ ղեկավարներ դժգոհում են, որ ըստ նոր կարգի, խորհրդի կազմում հայտնվելու են վարչապետի եւ ԿԳ նախարարի առաջադրած անձինք՝ պետական պաշտոնյաներ, որոնց՝ բուհի հետ կապ չունենալու հանգամանքը, ըստ նրանց, կազդի բուհի ինքնավարությանն ու անկախությանը: «Խորհուրդը համարվելու է բուհի կառավարման բարձրագույն մարմին, եւ այդ մարմինն է որոշելու թե՛ բուհի գործունեությունը, թե՛ զարգացման ուղիները: Պատկերացրեք՝ համալսարանի հետ կապ չունեցող մարդիկ որոշում են, թե ինչպես պետք է իրականացվի ներկայիս գործունեությունը եւ ինչ զարգացումներ պետք է ունենա: Սա անհասկանալի է: Մարմին, որտեղ բոլորը պետք է լինեն իրավահավասար, ի սկզբանե անհավասարություն է դրված. համալսարանականներն ընտրվում են, իսկ լիազոր մարմնի կողմից ներկայացվողներն, ըստ էության, նշանակվում: Իսկ կազմը հաստատում է վարչապետը»,- ԵՊՀ ռեկտորի անունից դժգոհություն է հայտնում ԵՊՀ գիտական քարտուղար Սերգեյ Առաքելյանը: Վերջինս կարծում է, որ թեեւ կառավարությունն է համալսարանի հիմնադիրը, սակայն «պետական իշխանությունը չպետք է այդ ինքնավարությունը ոտնահարի, մանավանդ՝ եթե բռնել է համաեվրոպական սկզբունքներին հետեւելու ուղին: Եթե խոսում ենք ինքնավարության մասին, ապա այստեղ բավական լուրջ են հակասությունները, եւ համալսարանը պետք է անկախ լինի իշխանություններից, թեեւ պետական վերահսկողություն պետք է լինի՝ համաձայն եմ»: Այս հարցին անդրադառնում է Արա Ավետիսյանը. «Տարօրինակ բառակապակցություններ են հնչում: Բուհը պետությանն է, ումի՞ց պետք է անկախ լինի: Կառավարման ոչ մի ձեւ չի փոխվում այս կարգով»: Ըստ Ս. Առաքելյանի, այս կարգում հակասությունները օրենքների հետ՝ շատ են: Նշենք դրանցից մեկը. «Խորհրդի կազմի հաստատումը վերապահվում է հիմնադրին՝ վարչապետին՝ այդպես ասվում է կարգում: Սակայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, պետական կազմակերպության հիմնադիր է համարվում ՀՀ կառավարությունը, իսկ կառավարություն եւ վարչապետ՝ կներեք, բայց նույնը չէ, որովհետեւ կառավարությունը կոլեգիալ մարմին է»: «Ի թիվս մյուս նախարարությունների փորձագիտական եզրակացությունների, կա նաեւ արդարադատության նախարարությանը՝ այն մասին, որ տվյալ փաստաթութղը՝ նախագիծը, համապատասխանում է օրենքներին»,- վերոնշյալին արձագանքում է Ա. Ավետիսյանը: Խնդրի առնչությամբ այլ մանրամասներ, կարծիքներ ու վերլուծություններ՝ մեր հաջորդ համարում: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել