Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Նոյեմբեր 11,2005 00:00

Որից
երիտասարդ մասնակիցը հիասթափված է Օրերս Մոսկվայի Կրեմլի պալատում
ավարտվեց «Անելիք» բանկի հովանավորությամբ անցկացվող «Հայաստանի տարվա երգ-2005»
համահայկական մրցույթը, որ կազմակերպել էր «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը: Գլխավոր
մրցանակը շնորհվեց Էրիկ Մակարյանին (Հայաստան), առաջին երեք տեղերը համապատասխանաբար
զբաղեցրին Վալերիա Ռիշոտնիկովան (ՌԴ), Ավետ Խալաթյանը եւ Արփինե Շահնուբարյանը (Հայաստան):
Մրցույթին մասնակցել է նաեւ երգիչ, հայաստանյան վոկալիստների 4 մրցույթների առաջին
մրցանակակիր, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող Սեւակ Մամբրեյանը, որը իր որոշ
նկատառումները հայտնեց ավանդական դարձած այս մրցույթի մասին: Հայաստանում
եւ արտերկրում կայացած երաժշտական մցույթներին, դրանցում տեղ գտած անարդարություններին
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է ականատեսների, այս դեպքում՝ մասնակցի փոխանցմամբ:
Նկատենք, որ մասնագետների գնահատմամբ՝ վերոնշյալ մրցույթում պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիների
քանակը միշտ եղել է նվազ, ուստի դժվար չէ պատկերացում կազմել դրա մակարդակի մասին:
Իսկ թե ինչու է այն Մոսկվայում անցկացվում, այլ խոսակցության նյութ է: Համենայնդեպս,
այս առիթով հաճախ կարելի է լսել՝ «մարդիկ սպոնսոր են կպցրել, գործ են անում»: Սեւակ
Մամբրեյանը պատմեց, որ հիշյալ մրցույթին մասնակցելու համար Մոսկվայի Գնեսինների անվան
երաժշտական ակադեմիայում մայիսին կայացել էր նախընտրական փուլը, որին մասնակցում
էին շուրջ 50 հայ կատարողներ՝ տարբեր երկրներից: «Նախնական լսումներից հետո մնացինք
12 երգիչ, 6-ը՝ Հայաստանից: Նույն ամսին «Ռոսիա» համերգասրահում կայացավ մրցույթի
կիսաեզրափակիչը: Ընտրվեց 8 կատարող, 5-ը՝ Հայաստանից»,- տեղեկացրեց երգիչը: Ըստ նրա,
յուրաքանչյուր մասնակցից գանձվել էր 100 ԱՄՆ դոլար, նաեւ համապատասխան գումար՝ հոկտեմբերին
եզրափակիչում հանդես գալու համար, մինչդեռ «Անելիքը» պետք է հոգար երգիչների Երեւան-Մոսկվա-Երեւան
չվերթի ծախսերը: Հետաքրքիր էր պրոֆեսիոնալ երգչից իմանալ, թե ի՞նչ տվեց մրցույթն
իրեն: «Իմ նպատակը Կրեմլի բեմում երգելն էր, դրա համար որոշեցի ընդգրկվել մրցույթում»,-
նշեց երգիչը: Ս. Մամբրեյանը, սակայն, հիասթափություն է ապրել, երբ մրցույթի եզրափակիչի
փորձից հետո իրեն մոտեցել է «Անելիք» բանկի գլխավոր տնօրեն Արմեն Ղազարյանն ու արգելել
կատարել Օրբելյանի «Սիրտը երգում է» երգը՝ «ռուսերենիս ակցենտի պատճառով»: Մեր զրուցակիցը
հետեւել է մրցույթի հովանավոր բանկիրի «խորհրդին» ու երեկոյան Օրբելյանի երգը փոխարինվել
է Ն. Ժամհարյանի «Իմ հասակը» երգով, ինչը առաջացրել է ժյուրիի տարակուսանքը: «Ժյուրիի
կազմում ընդգրկված Ռուբեն Մաթեւոսյանը, Սյուզան Մարգարյանը եւ մյուսները այդպես էլ
չիմացան ինչն էր պատճառը, այնքան հիասթափված էի, որ ավելորդ համարեցի տեղեկացնել»,-
նշեց երգիչը: Նրան զարմացրել էր նաեւ մրցույթի անցկացման տարօրինակ կարգը. «Չբարձրաձայնվեց,
թե ով քանի միավոր է վաստակել, ոչ էլ դրամական մրցանակների չափը հրապարակվեց: Ֆուրշեթի
ժամանակ որպես մրցանակ հանձնվեցին միկրոֆոններ եւ «Անելիք» բանկի քարտեր, որոնք,
ըստ պարոն Ղազարյանի, խոշոր գումար էին պարունակում»: Մեր զրուցակիցը որոշել
է այսուհետեւ հայերի կազմակերպած ոչ մի մրցույթի չմասնակցել, թեեւ արդեն երիտասարդ
կատարողների «Կոմիտաս» համահայկական մրցույթի հայաստանյան փուլի հաղթող է եւ փետրվարին
կմեկնի ԱՄՆ՝ եզրափակիչում հանդես գալու համար: Իսկ գարնանը նա կմասնակցի Էնրիկո Չիարայի
անվան երիտասարդ վոկալիստների ամենամյա մրցույթին՝ Ավստրիայում: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել