Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿԻՑ

Նոյեմբեր 11,2005 00:00

ԴԱՇՆԱԿԻՑ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ Դաշնակցությունը, որի Արցախի կազմակերպությունն ընդդիմադիր է ԼՂՀ նախագահին, վերջինիս դեմ իրականացված մահափորձի գործով դատապարտված գործչի ղեկավարած «Դաշինք» կուսակցության համագումարին ներկայացված էր ամենաբարձր մակարդակով: Ներկա էր ինչպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, այնպես էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս իր ողջույնի խոսքում Սամվել Բաբայանին անվանեց «գեներալ», թեեւ նա աստիճանազրկվել է: Սակայն առավել ուշագրավ էր Հրանտ Մարգարյանի ներկայությունը, որն անգամ դաշնակիցների հավաքներին հաճախ չէ, որ մասնակցում է: «Սխալվում եք՝ չկա համագումար, որ ինձ հրավիրած լինեն, ես Երեւանում լինեմ ու չմասնակցեմ: Առնվազն մի քանիսին մասնակցել եմ,- մեր դիտարկմանն ի պատասխան ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:- Սամվել Բաբայանի հարցով՝ դա անցյալ է, առնվազն փակված էջ Արցախի նախագահի համար, իսկ մեզ համար բնականաբար այդպես պետք է լինի: Իսկ Սամվել Բաբայանն ունի նաեւ այլ անցյալ, որը մենք միասին ենք անցել՝ Ղարաբաղի ազատագրական պայքարն է: Սա նաեւ այն հավելյալ պատճառն է, որ ես ներկա եմ այս համագումարին»: Անդրադառնալով «Դաշինքի» զբաղեցնելիք տեղին քաղաքական դաշտում՝ Սամվել Բաբայանն ասաց. «Առաջ ենք քաշել ծրագիր, որի շրջանակներում պատրաստ ենք քննարկել ցանկացած համագործակցության առաջարկ»։ Նման երկու առաջարկ նա ստացավ անմիջապես՝ ե՛ւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչներից: Եվ մասնավորապես ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե ի դեմս «Դաշինք» կուսակցության, ձեռք են բերում «լուրջ, վստահելի, ազդեցիկ» գործընկեր՝ «գուցե դաշնակից»՝ կոռուպցիայի դեմ պայքարում, սոցիալական արդարության հաստատման եւ ազգային արժեքների պահպանման համար պայքարում: Ա. Ի.Հ. Գ. Մինչդեռ 2004-ի սեպտեմբերի 24-ին նույն Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր. «Մեծ քաղաքականության մեջ Սամվել Բաբայանը լայն իմաստով միշտ էլ չի եղել, Հայաստանի քաղաքական գործընթացներում նրա մասնակցությունը երբեք էլ աչքի ընկնող չի եղել: Քաղաքականություն գալու համար պետք է համապատասխան դատարկ խորշ լինի, Հայաստանի քաղաքական ներկապնակի վրա ես չեմ տեսնում այն դատարկ տեղը, որը կլրացնի Սամվել Բաբայանը ու կհարստացնի այդ ներկապնակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել