Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ

Նոյեմբեր 12,2005 00:00

ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԵԼ ԲՈԼՈՐ «ԿԼԻՇԵՆԵՐԻՑ» Հայտարարում է կինոռեժիսոր Գագիկ Ղազարէն Նոյեմբերի 4-7-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է «Դեբոշիր ֆիլմ-Մաքուր երազներ» անկախ կինոյի միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաեւ ՆՓԱԿ-ի կինոյի, թատրոնի բաժնի համակարգող, ռեժիսոր Գագիկ ՂազարԷն: Նրա «Պատը» ճանաչվել է փառատոնի լավագույն ֆիլմ: – Ինչո՞վ է տարբերվում «Դեբոշիր ֆիլմ-Մաքուր երազները» մյուս փառատոներից: – 1998-ին ստեղծված «Դեբոշիր ֆիլմ-Մաքուր երազները» միակն է Ռուսաստանում եւ քչերից է աշխարհում, որ ներկայացնում է անկախ եւ փոքր բյուջե ունեցող ֆիլմերը: Փառատոնը հանդիսատեսին ծանոթացնում է այն ստեղծագործություններին, որոնք հասանելի չեն լայն հասարակայնությանը` քաղաքական, կոմերցիոն, նաեւ գրաքննության պատճառներով: – Հետաքրքիր է, Անդրկովկասից միայն Հայաստա՞նն էր, թե՞ Վրաստանն ու Ադրբեջանը էլ էին ներկայացված փառատոնում: – Անդրկովկասից մեծ ֆիլմով միայն մենք էինք, կարճամետրաժ ֆիլմով՝ Վրաստանը: Իսկ ժյուրիի կազմում պետք է լիներ ազերի կինոռեժիսոր, որը անձնական պատճառներով չմասնակցեց: Ընդհանրապես փառատոնն իր աշխարհայացքով հակված չէր ունենալու քաղաքական շեշտադրումներ, քանի որ նպատակը կինոյի խնդիրներն էին ու կինոլեզվի զարգացումը: – Ինչի՞ մասին է ձեր ֆիլմը, ո՞րն է նրա հիմնական ասելիքը: – «Պատը» ֆիլմը Ժան Պոլ Սարտրի համանուն նովելի մոտիվներով է նկարվել: Կարծես Սարտրի հետ համահեղինակներ ենք դարձել, որովհետեւ նովելում արծարծված խնդիրները իմ ֆիլմում տեղայնացվել են՝ նկատի ունենալով մեր հասարակության ներսում կատարվող երեւույթները. օրինակ՝ մարդու ամենատարրական իրավունքները, թեկուզ քաղաքական հայացքներ ունենալու իրավունքը, ինչը մեր երկրում հիվանդագին է ընկալվում: «Պատը» ֆիլմում հերոսը մաքառում է իր իրավունքների համար, բայց ի վերջո հայտնվում է պատի առաջ ու սպասում գնդակահարության: – Ի՞նչ տարբերություն հայաստանյան եւ դրսի կինոփառատոների միջեւ: – Մինչ այդ հարցին անդրադառնալը՝ նախ ուրիշ հարցի պիտի պատասխանենք՝ Հայաստանում ընդհանրապես կինո կա՞, թե՞ ոչ: Կամ եթե կա, այն իրենից ի՞նչ է ներկայացնում: Իմ կարծիքով Հայաստանում կինո չկա: Միջազգային կինոփառատոների մասնակցելը չպիտի դառնա հիմնավորումը՝ Հայաստանում կինոյի լինելու կամ չլինելու: Ավելի շատ նախ երկրի ներսում պիտի լինի կինոյի ներկայության զգացողություն, ինչը չի երեւում: Մի կողմ թողնենք սովետական տարիների կինոն, որը բոլորիս նվեր էր, ո՞ւր է այսօրվա կինոն: Այսօր չկա կինոյի կրթություն, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողները կինո չգիտեն, եւ դա ամենեւին էլ իրենց մեղքը չէ: Անձնապես չուզենալով վիրավորել որեւէ մարդու, այնուամենայնիվ ուզում եմ փաստել, որ այսօրվա մեր կինոյի վերնախավը հայկական կինոյի դավաճանությամբ է զբաղված, արվեստի այդ տեսակը օր օրի, ժամ առ ժամ նպատակադրված ոչնչացվում է այս երկրում: Ես վստահ եմ, որ Հայաստանում կարելի է անել լավ կինո, եւ դա փողով պետք չէ հիմնավորել: Պարզապես անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդը ազատված լինի տարբեր «կլիշեներից», որպեսզի կարողանա ազատ մտածել: Դառնանք հայաստանյան փառատոներին…Մեր երկրում մի տեսակ գավառամտություն կա, մարդիկ փառատոներ են անում, որ օտարներին կանչեն էստեղ խորոված ուտելու: Բայց ինչ-որ բան էլ պիտի անեն նաեւ մեզ համար, չէ՞: Հայաստանում արդեն կլասիկա է դարձել՝ մենք վատն ենք, դրսից եկածը լավն է, տաղանդավոր է, հանճարեղ: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել