Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ

Դեկտեմբեր 10,2005 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ Վերջին տարիներին քաղաքական պատճառներով միջազգային արշավախմբերի աշխատանքները մահմեդական երկրներում, մասնավորապես՝ Իրանում, Իրաքում, որոշակիորեն բարդացել են: Հին քաղաքակրթությունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները փաստացի հնարավորություն չունեն պեղումներ կատարելու մարդկային քաղաքակրթության այնպիսի կենտրոնում, ինչպիսին Միջագետքն է, որի մեծ մասը գտնվում է Իրաքի տարածքում: Եվ սա, ըստ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանի, այն էական գործոններից մեկն է, որը դեպի Հայաստան է ձգում միջազգային արշավախմբերի, որոնք նպատակ ունեն Առաջավոր Արեւելքի ուսումնասիրությունների ընթացքում առաջացած որոշ «սպիտակ կետերի» պատասխանը ստանալ Հայկական լեռնաշխարհում: «Հայկական լեռնաշխարհը մի տարածք է, ուր շա՜տ հին ժամանակներից սկսվել են տարբեր գործընթացներ՝ թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ առեւտրական, որոնք մեծ նշանակություն ունեն ամբողջ Արեւելքի ուսումնասիրության մեջ: Եվ հետո, արտասահմանցի մասնագետների եւ մեր տեղացի գիտնականների գիտելիքների եւ փորձի համադրությունը տալիս է հիանալի արդյունքներ»,- ասում է պարոն Քալանթարյանը: Միջազգային արշավախմբերի հետ համագործակցությունը շատ առավելություններ ունի: Մասնավորապես՝ ամենակարեւոր կողմերից մեկը նյութի կամերալ մշակման հնարավորությունն է: «Առաջ մենք հնարավորություն չունեինք նյութերի նեյրոնային ակտիվացման հետազոտություն իրականացնել: Իսկ դրա միջոցով որոշվում է, թե, ասենք, ամբողջ Արեւելքում ո՛ր հնավայրում գտնված օբսիդիանը ինչ ծագում ունի: Երկրորդը ռադիոածխածնային հետազոտություններ իրականացնելու հնարավորությունն է: Սա շատ հետաքրքիր հետազոտություն է այն իմաստով, որ դրա միջոցով օրգանական նյութերի հիման վրա որոշվում է նյութի բացարձակ թվագրությունը: Այսինքն՝ հնագիտական պեղումների ժամանակ որոշակի իրադրությունից կամ որոշակի շերտից վերցված նյութը ենթարկելով նման հետազոտության, որոշվում է նյութի, այդ շերտի, հետեւաբար նաեւ հուշարձանի բացարձակ թվագրությունը: Եթե հուշարձանն ունի 6, 7 հազար տարվա հնություն՝ պարզվում է հուշարձանի կառուցման թիվը՝ մի քանի հարյուր տարվա տարբերությամբ»: Այսօր Հարավային Կովկասում ամենից շատ ռադիոածխածնային հետազոտության տվյալներ պարունակում է հայ հնագիտությունը: Ի դեպ, Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են վերջին տարիներին Հայկական լեռնաշխարհից պեղված հնագիտական նորահայտ գտածոներ՝ Ք.ա. 250 000-ից 1100 թթ.: Հարեւան սրահներում օրերս բացվել են Տիգրան Մեծի գահակալության 2100 տարվան նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում կազմակերպված «Տիգրան Մեծը՝ դրամներում» ցուցադրությունը, ինչպես նաեւ «Արտաշատ, մայրաքաղաք Հին Հայաստանի» ցուցադրությունը: Արտաշատի հնագիտական արշավախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանի ներկայացմամբ՝ Արտաշատի տեղի ընտրությունը եւ հատակագծումը հռոմեական պատմագրությունը վերագրում է Կարթագենի զորավար Հաննիբալին: «Գլոբալիզացիայի այս դարում, երբ համաշխարհային մշակույթի արժեքներն ամենեւին չեն պայմանավորում տվյալ երկրի դերն աշխարհում, ի՞նչ են տալիս միլիոնավոր տարիների հնություն ունեցող իրերի, նյութերի պեղումները եւ արդյո՞ք բացի գիտական նեղ հետաքրքրություն ներկայացնելուց՝ դրանք այլ գնահատանքի եւս արժանանում են»,- հետաքրքրվեցինք պարոն Քալանթարյանից: «Համաշխարհային քաղաքակրթության ուսումնասիրությունը բնականոն ձեւով շարունակվում է: Եվ դրանում յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ներդրումը: Կարող ենք հպարտանալ, որ ինչ-որ չափով համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովուրդը եւս ունի իր ներդրումը: Համաշխարհային գիտական հանրության կողմից դա շատ բարձր է գնահատվում: Եթե դու չունես պատմություն, քեզ դժվար հասկանան, դժվար տեղ տան»: «Սակայն, ասենք, Ամերիկան երբեք չի կարող հպարտանալ իր հնագույն արմատներով, իր հերոսական պատմությամբ, սակայն աշխարհում նրան ե՛ւ հասկանում են, ե՛ւ տեղ են տալիս»,- փորձեցինք առարկել: «Ամերիկացիների պատմությունը հնի հետ չի կապվում, այո՛, սակայն նրանց բախտը բերել է, որ ունեն հարստության ահռելի կուտակում, որը բերել է արտադրության վերելքի: Ճապոնիայի, Գերմանիայի, Ամերիկայի հետ չպետք է համեմատվել: Նրանցից պարզապես պետք է դասեր առնել»: Ինչպես վկայեց գիտնականը, վերջին 100-150 տարիների ընթացքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են, բացի գիտական արժեքից՝ նաեւ նյութական հսկայական արժեք ունեցող գտածոներ: Թերի օրենսդրության եւ անվերահսկելիության պատճառով անհատները կամ ինչ-ինչ խմբեր, որոնց պարոն Քալանթարյանը գանձագողեր անվանեց, զբաղվում են սեփական պեղումներով եւ մի իր գտնելու համար ոչնչացնում են ինֆորմացիա պարունակող շատ առարկաներ, խեղաթյուրում են դամբարանադաշտերի ճարտարապետական կառուցվածքները, արտադրության հետ կապված առանձնահատկությունները: Սակայն մեզ պես փոքր երկրի համար վերահսկողություն իրականացնելն այնքան էլ բարդ գործ չէ. դա կարող է անել յուրաքանչյուր գյուղապետ, որը լավ է պատկերացնում տվյալ տարածքի հնագիտական առանձնահատկությունները: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել