Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ

Հունվար 19,2006 00:00

Ո՞Վ Է ՈՒՏՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ «Ակադեմիայի նախագահությունը վախենում է կորցնել իր տաքուկ տեղը»,- վստահ է գիտությունների դոկտոր Հրաչյա Հովհաննիսյանը: Այն, որ ԿԳՆ ղեկավարությունը տեղյակ չէ ՄԱԿ-ի փորձագետների՝ գիտության ոլորտում իրականացրած հետազոտություններից, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Երեկ մեր ձեռքն ընկավ մի փաստաթուղթ՝ ստորագրված ՄԱԿ-ի մշտական համակարգող ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի եւ Սերգո Երիցյանի կողմից: Այն հրավեր էր՝ մասնակցելու ՄԱԶԾ եւ ԿԳՆ կողմից համատեղ իրականացվող «ՀՀ ԿԳՆ ներուժի հզորացում քաղաքականության մշակման բնագավառում» ծրագրի՝ «Գիտության բնագավառում պետական կառավարման բարեփոխումներ» անվանմամբ հայեցակարգի քննարկումներին: Հասցեատերերից մեկը «Հայաստանի գործող գիտնականների հասարակական խորհուրդ» հ/կ անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Հովհաննիսյանն էր, որի հետ էլ ծավալվեց մեր զրույցը՝ ՄԱԿ-ի եւ ԳԱԱ ներկայացրած բարեփոխումների փաթեթների շուրջ: Հր. Հովհաննիսյանը նախ համեմատում է 2 ծրագրերը: Ըստ այդմ, ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, որում ընդգրկված են մենեջմենթի մասնագետներ, ուսումնասիրել է, թե ոլորտում ինչ վիճակ է տիրում, զրուցել ինստիտուտների աշխատակիցների, գործող գիտնականների հետ, արել հարցումներ, բացահայտել այն խոչընդոտները, որ առկա են գիտության զարգացման գործում: Նաեւ ներկայացրել է աշխարհի փորձը՝ ներառելով նախկին սոցիալիստական երկրները: Հետո միայն արվել են համապատասխան առաջարկություններ: ԳԱԱ փաթեթում չկա նախորդ հատվածը, միայն առաջարկություններ են: «Ակադեմիան առաջարկում է վերափոխումներ՝ առանց վերլուծությունների, առանց ուսումնասիրությունների, առանց իրավիճակի նկարագրության: Որովհետեւ այդ դեպքում կերեւար իրենց բացը, իրենց թերացումները, իրենք չեն կարող օբյեկտիվ լինել: Այդ նախագահություն կոչվածը ինչի համար է, ոչ ոք չգիտի: Ինչո՞վ են զբաղված՝ միայն անձնական հարցեր լուծելով: Մենք նրանց ամիսներով չենք տեսնում, բայց ունեն ծառայողական մեքենաներ: Ո՞ւր են գնում այդ մեքենաներով: Բա ամիսը մեկ բաժանմունքի ղեկավարը իր ինստիտուտները չմտնի՞: Բայց ստանում են շատ բարձր աշխատավարձ, որը 8 անգամ գերազանցում է գիտությունների դոկտորինը: Նրանք ստանում են 150 հազար, մենք՝ 22 հազար: Գիտաշխատողներ կան, որ 7-8 հազար են ստանում, պարզապես չեն ուզում աշխատանքից դուրս գալ: Նախագահությունում նստածներն են ՄԱԿ-ի փաստաթղթի դեմ պայքարում, որովհետեւ նրանք արդեն վաղուց հեռացել են գիտությունից, իսկ այս պարագայում պետք է բոլորի հետ հավասար գիտնականների շարքը դասվեն, ինչը չեն ուզում: Եվ նրանց պայքարը նրա համար է, որպեսզի պահպանեն իրենց տաքուկ տեղերը: Երբ ոչինչ չեն անում եւ ստանում են կարգին գումարներ՝ առանց ուղեղներին զոռ տալու: Նրանք արդեն 40-50 տարի ադմինիստրատիվ աշխատանքի մեջ են, մրցակցությանը չեն դիմանա: Գիտությունը շատ արագ է զարգանում, իսկ նրանք հետ են մնում: Մեծ մասը նույնիսկ համակարգչից գաղափար չունի: Ի դեպ, գիտությունը միայն ակադեմիայում չի զարգանում եւ այս ամենը միայն ակադեմիային չի վերաբերում: Իհարկե, հիմնարար գիտությունները պետք է զարգանան ակադեմիայում: Բայց ինչ վերաբերում է պրակտիկ գիտությանը, պետք է դրանք մտցնել ինստիտուտներ, ստեղծել գիտաուսումնական կենտրոններ»: ԳԱԱ-ի բարեփոխումների տարբերակում առաջարկ կա միավորել ինստիտուտները. «Երբ օպտիմալացնում ենք դպրոցները, միացնում ենք նույն ստրուկտուրաները՝ նույն առարկաներով, նույն ծրագրերով: Բայց այս դեպքում, օրինակ, ինչպե՞ս միավորենք ֆիզիկայի եւ կենսաբանության ինստիտուտները, դրանից ոչինչ չի փոխվի, կառավարման արդյունավետության խնդիր այդպիսով չի լուծվի,- ասում է պրն Հովհաննիսյանը:- Ասում են՝ դեմ ենք ասպիրանտուրայի վերացմանը: Ինչո՞ւ: Եթե ուզում ես դոկտորական դիսերտացիա պաշտպանել, ստիպված պետք է մնաս նույն տեղում 20-25 տարի, զբաղվես նույն թեմայով, որը կարող է իր արդիականությունն էլ կորցնի: Դա սահմանափակում է, չի թողնում, որ մարդ շեղվի, գուցե մի ուրիշ լավ ուղղություն է հայտնաբերել»: Հրաչյա Հովհաննիսյանն ինքը 100 տոկոսով կողմ չէ ՄԱԿ-ի առաջարկներին, սակայն առաջարկում է առողջ բանավեճ սկսել, քննարկել հարցը եւ գալ ընդհանուր հայտարարի. «Նրանք չեն էլ ուզում կարդալ, ինչի՞ն են դեմ, թող քննարկեն: Նրանք իրենց առաջարկներով ուզում են ստիպողաբար աջակցություն պահանջել. եվրոպական կառույցին կարո՞ղ ենք ստիպել, որ մեր գիտնականին ներգրավի իր ծրագրերում: Իսկ մրցունակ գիտական կենտրոններով մենք արագ կինտեգրվենք: Կամ՝ ինչո՞ւ պետք է պետությունը ստիպի մասնավոր ֆիրմային՝ ներդնել իմ գյուտը, ինչպես ակադեմիան է առաջարկում: Սա կապիտալիստական երկիր է, սոցիալիստական չէ: Այս ամենը գրել են՝ չհասկանալով, թե ինչ հասարակարգում են ապրում»: Ի դեպ, ըստ դոկտորի, հաշվարկված է, որ գիտությանը հատկացվող բյուջեի 1 տոկոսից գիտնականները 3 անգամ ավելի աշխատավարձ կարող են ստանալ, եթե միայն նախագահության ծախսերը սահմանափակվեն: «Նախագահությունն ուտում է այդ գումարների մոտ 30 տոկոսը: Նրանց պարգեւատրման ֆոնդը ավելի մեծ է, քան բոլոր ինստիտուտների ֆինանսավորումը միասին վերցրած: Բայց այդ պարգեւատրումը ո՞վ է ստանում, հաստատ աշխատող գիտնականները չեն ստանում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել