Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԼՈՒԾՎԱԾ

Հունվար 19,2006 00:00

ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՏ ԵՆ Ըստ Իշխան Զաքարյանի, դրանց թվում են ՏԻՄ համակարգում գործող մարզադպրոցները եւ սպորտային բժշկությունը Երեկ Սպորտպետկոմում հանրապետության սպորտի պետական կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական թեմաներն էին 2005 թվականի տարեկան հաշվետվությունը եւ ընթացիկ տարվա ծրագրերը, որոնք նախորդ օրը քննարկվել էին կառավարությունում: «Սպորտպետկոմի 2005թ. աշխատանքներն օրենսդրական դաշտում, կառավարության որոշումների կատարման, Սպորտպետկոմ-Ազգային ժողով հարաբերությունների ոլորտներում գնահատվեցին բավարար»,- տեղեկացրեց Իշխան Զաքարյանը: Նա ներկայացրեց կառավարությունում քննարկման դրված խնդիրների փաթեթները: Քանի որ «Առավոտը» ժամանակին այդ բոլոր հարցերին հանգամանալից անդրադարձել է, ներկայացնենք Սպորտպետկոմի այս տարվա երկու խնդիրներ, որոնց երեկ անչափ կարեւորություն տրվեց: «Առաջինը ՏԻՄ համակարգում գործող մարզադպրոցների վիճակն է,- ասաց Ի. Զաքարյանը:- Հանրապետությունում կա շուրջ 160 մարզադպրոց: 120-ից ավելին գործում է այդ համակարգում: Բայց արի ու տես, որ դրանցում աշխատավարձերը շատ ցածր են ու հաճախակի են վճարման ուշացումները: Այդ դպրոցներում մասնագիտական բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Ինքներդ դատեք. տասը մարզերից հինգը մեր հավաքականներին ոչ մի մարզաձեւից որեւէ անդամ չեն տալիս, յոթ մարզ ոչ մի մեդալ չի նվաճում եւ վեց մարզ էլ միասին վաստակում է այնքան մեդալ, որքան, ասենք, միայն Գառնի գյուղի մարզադպրոցը: Անձամբ ես չգիտեմ, թե այս երեւույթին ինչ գնահատական տամ: Երկրորդը կադրային խնդիրներն են: Օրինակ, ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը պետպատվերով 129 հոգի է ընդունում: Այդքան կամ ավելի շատ երիտասարդ էլ վճարովի է ընդունվում: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանավարտների հինգ տոկոսն էլ չի գնում մարզիչ աշխատելու: Ինչո՞ւ: Աննորմալ երեւույթ է: Ցածր աշխատավա՞րձն է պատճառը, վատ պայմաննե՞րը: Ուրեմն այդ խնդիրները պետք է լուծենք՝ միջոցներ, մոտեցումներ գտնելով, ինչ-որ հայեցակարգ մտածելով, որպեսզի իրավիճակից ձերբազատվենք»: «Առավոտը» առաջարկեց խոսել նաեւ սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության մասին, որին ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց. «Այդ ոլորտը մեզ համար միշտ էլ բաց է եղել ու դա մենք երբեք չենք թաքցրել: Ավելին ասեմ. մենք գտնվում ենք քարի դարում: Այսօր ցանկացած մեդալ 50 տոկոսով մարզչի աշխատանքն է՝ նկատի առնելով նաեւ պայմանները, 50 տոկոսով՝ սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության: Հուրախություն մարզաշխարհի՝ մենք անցած տարի կարողացանք կառավարության որոշմամբ ստեղծել այդ առանձին կառույցը՝ սպորտային բժշկության կենտրոնը: Հատկացվեց 47 մլն դրամ՝ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որոնք մինչեւ մարտի վերջ կլինեն Հայաստանում: Դրանք, ըստ մեր ունեցած փոքրաթիվ մասնագետների, լիուլի կբավարարեն մարզիկների սպորտային բժշկության խնդիրները լուծելուն: Իսկ մինչ այդ, խնդիրը ձեռքից բաց թողնված չի: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Քուշկյանի ցանկությամբ մեր հավաքականների բոլոր մարզիկները՝ 300 հոգուց ավելի, անվճար բժշկական հետազոտման եւ սպասարկման են ենթարկվում, որի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում: Ինչ վերաբերում է հակադոպինգային ծառայությանը, մենք կշարունակենք աշխատել Քյոլնի եւ Մոսկվայի լաբորատորիաների հետ»: Երեկ լրագրողների խնդրանքով Իշխան Զաքարյանը մեկնաբանեց նախորդ օրը ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, ըստ որի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվող այդ երկրի դահուկավազքի հավաքականը Ծաղկաձորում մարզումային, բնակության պայմաններից եւ սննդից դժգոհ է: «Ըստ ներկայացվածի, ճաշարանում ցուրտ է՝ 4 աստիճան տաքություն, ջուրն է պրոբլեմը ու մեկ էլ դահուկուղիները: Դա որեւէ մեկից կախված չէ: Ձյունն է քիչ: Այսօր լեռնադահուկային սպորտի սիրահարները չեն կարողանում մարզվել, որովհետեւ ձյունն ուղղակի հալվել է՝ սարում ձյուն չկա: Մենք ունենք ձյուն հարթեցնող հինգ հզոր մեքենա: Այդ գործում որեւէ խնդիր չունենք: Բայց իրենց մասնագետներն են ասում. «Այդ մեքենաները եթե մտցնեք հարթեցնելու, եղածն էլ կավերվի: Ստիպված դահուկուղիները հարթեցնել փորձում են տարբեր միջոցներով: Ինչ վերաբերում է ճաշարանի սառնությանը, այդ պրոբլեմն առաջին երկու օրն, իրոք, եղել է՝ հիմա չկա: Ինչո՞ւ: Իրենց մեղքով: Եթե պիտի 80 մարդ գար, բարի պետք է լինեին 80-ի հայտ ներկայացնել: Սկսել են գալ դեկտեմբերի վերջից՝ հինգ, վեց, ութ, յոթ հոգով: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն այսօր վերանորոգված չէ: Հյուրանոցային համալիրում գործում է երկու հարկ, որտեղի պայմաններն ընդամենը կարելի է նորմալ համարել, որտեղ կա ջուր, քնելու, վերնաշապիկով նստել-սնվելու տեղ: Բայց եկել-եկել են, ու տնօրենը ստիպված չօգտագործվող ճաշարանի մի մասը վերցրել է 80 հոգուն կերակրելու տեղ ապահովելու համար»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել