Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐՆԵՐ

Փետրվար 02,2006 00:00

ԳՈՒՄԱՐՆԵՐ ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻՆ, ԱՅԼ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ Երազում է ադրբեջանցի կոմպոզիտոր Սիրուդին Ալլահվերդին Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի օպերային ստուդիայում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի կազմակերպած «Հարավկովկասյան JAZZ իմպրովիզացիա» միջոցառմանը Հայաստանի, Վրաստանի, Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հայտնի երաժիշտների կողքին հանդես եկավ ադրբեջանցի երիտասարդ կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար Սիրուդին Ալլահվերդին: Մինչ համերգը նա զրուցեց «Առավոտի» հետ: – Հայաստան գալու հրավերը ընդունեցիք միանգամի՞ց: – Հասկանալի է ձեր հարցը՝ իր նուրբ ենթատեքստով: Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Մտերիմ ընկերս՝ գրող, լրագրող Սեյմուր Բայջանը, որը անկախության տարիներին եղել է ձեր երկրում, իմանալով հրավերի մասին, ընդամենն ասաց՝ նորմալ երկիր է: Եկել ու տեսնում եմ սպասածիցս ավելին՝ մարդկային ջերմ վերաբերմունք, հիանալի երաժիշտներ: Հուսով եմ, որ ղարաբաղցի երգիչ Ռազմիկ Ամյանի ու իմ կատարմամբ հայկական ու ադրբեջանական երգերի մշակումները կընդունվեն սիրով: Ի վերջո, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց ցանկացած քաղաքակիրթ երկրում տարվող երաժշտական քաղաքականությանը, ըստ իս, ոչինչ ու ոչ ոք չպետք է արգելք հանդիսանա: – Ինչպիսի՞ն է եւ ինչպե՞ս է կառավարվում նորանկախ Ադրբեջանի մշակույթը: – Արդեն մի քանի տարի է, ինչ իմ երկրի մշակութային կյանքը նորմալ հունի մեջ է: Ինչպես ԽՍՀՄ մյուս հանրապետություններում, այնպես էլ մեզ մոտ, 90-ականներից դժվար ժամանակներ էին: Վերջին տարիներին ամեն ինչ հետզհետե իր տեղն է ընկնում: Հիմա Ադրբեջանը պետական հեռուստատեսություն չունի, որտեղ ժամանակին գործում էին արտերկրում հայտնի երաժշտական կոլեկտիվներ, բայց արվեստագետներս համոզված ենք, որ լավ է լինելու, որովհետեւ այսօր կան դրա նախադրյալները: Օրինակ, սիմֆոնիկ նվագախմբի արտիստը մեզ մոտ ստանում է 700 դոլար, բայց պայմանով, որ, բացի այդ աշխատանքից, այլ աշխատանքով չեն զբաղվելու: Տարին գոնե մեկ անգամ նվագախումբը հյուրախաղերի է մեկնում արտերկիր: 2005-ին Ադրբեջանի սիմֆոնիկը ներկայացավ Գերմանիայում, մասնավորապես՝ Մյունխենում, որն աշխարհին հայտնի է իր բարձրակարգ սիմֆոնիկ նվագախմբով: Արտիստների աշխատավարձը բարձրացել է նաեւ մեր օպերային թատրոնում: Իհարկե, դեռ կան մտահոգիչ հարցեր: Մեր պետությունը այսօր մեծ ուշադրություն է դարձնում բալետային արվեստին: Նշեմ, որ մեր թատրոնի բալետային խումբը սակավաթիվ է, որի պատճառով էլ հնարավոր չէ ներկայացնել դասական կամ, ուղիղ ասած՝ բալետային մեծ ներկայացումներ: Սակայն բեմադրվում են կամերային ոճի ժամանակակից գործեր: Արդեն քանի տարի է՝ Բաքվի երաժշտական ակադեմիայի վոկալիստները հնարավորություն ունեն վերապատրաստվել արտերկրում, այդ թվում՝ Իտալիայում: Եթե հիշում եք, ԽՍՀՄ տարիներին ջազային արվեստով փայլում էին Օդեսան եւ Բաքուն: Մեզ մոտ գործում էր այդպիսի երկու նվագախումբ՝ Հեռուստառադիոպետկոմում եւ կրկեսում: Հիմա մնացել է միայն կրկեսի ջազ նվագախումբը՝ հանրահայտ Ռային Սուլթանովի ղեկավարությամբ: Ջազմենի շնորհիվ ամեն տարի աշնանը Բաքվում անցկացվում են ջազային մեծամասշտաբ փառատոներ եւ Սուլթանովի անձնական կապերով աշխարհից հրավիրվում են աստղեր: Օրերս պաշտոնանկ է արվել Ադրբեջանի մշակույթի նախարար Փոլադ Բյուլբյուլօղլին: Ըստ տարածված խոսակցությունների, պատճառը Մուսլիմ Մագոմաեւի հետ նրա ունեցած երկարաժամկետ կոնֆլիկտն էր: Հավանաբար մշակույթի նախարարությունը կմիանա սպորտի եւ երիտասարդության նախարարությանը: – Ադրբեջանում, բնականաբար, ձեր լրագրողները կհետաքրքրվեն Հայաստանով, մեր երաժիշտներով եւ ոչ միայն: Ցանկալի կլիներ նախապես իմանալ ձեր պատասխանը: – Ես պարզապես կասեմ՝ բավական է, հոգնել ենք (նկատի ունի թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին): Պետք է գտնել ընդհանուր լեզու ու անընդհատ մատնացույց չանել Եվրոպան՝ իր բարքերով, սովորություններով եւ մշակույթով: Նույն եվրոպացիները, կարծում եմ՝ համակարծիք կլինեք ինձ հետ, որ մեզ նայում են իբրեւ երկրորդ կարգի ազգերի: Կասեմ՝ բավական է, այն ահռելի գումարները, որ ծախսվում են զենք գնելու համար, թող տրամադրվեն մշակույթին: Ինչ խոսք, յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանված լինի, բայց ոչ անմեղ արյուն թափելու հաշվին: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել