Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՌՈՒ

Փետրվար 17,2006 00:00

«ՀԵՌՈՒ ՉԷ ՕՐԸ, ԵՐԲ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ ԲԱՆՏ ԿԸՆԿՆԻ» Հույս ունեն գիտնականները, որոնք ԿԳ նախարարին մեղադրում են ԳԱԱ-ն $35000-ով վաճառելու մեջ Ինչպիսի՞ վերաբերմունք պիտի դրսեւորի մտավորականությունը, ինչպիսի՞ միջոցներ պետք է ձեռնարկի Գիտությունների ազգային ակադեմիայի խնդրի վերաբերյալ, որպեսզի լսելի լինի համապատասխան օղակներին: Երեկ այս հարցն էին փորձում պարզել մտավորականները Գրողների միությունում կազմակերպված հավաքի ժամանակ: Գիտնականները հայտարարում էին, որ պատրաստ են անգամ փողոց դուրս գալ ու ցույցեր անել՝ միայն թե ակադեմիայի հարցը հօգուտ ակադեմիայի լուծվի: Նրանցից ոմանք ստեղծված իրավիճակի համար մեղադրում էին ԿԳ նախարար Սերգո Երիցյանին «ակադեմիան $35000-ով վաճառելու համար» ու պահանջում, որ վերջինս ներողություն խնդրի իրենցից: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հիշեցրեց, որ ՀԳՄ նախագահությունը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին է իր մտահոգությունը հայտնել այս առիթով: «Արդեն քանիցս բախվում ենք զանազան եվրոպական կառույցների փորձագետների՝ մեր ազգային ինքնության եւ ինքնատիպության գլխին փորձանք դարձող դրվագներին»,- ասաց Անանյանը: «Ինձ բոլորից շատ անհանգստացրել է ՄԱԿ-ի փորձագետների հայեցակարգի վերնագիրը՝ «Գիտության ոլորտում բարեփոխումների պետական քաղաքականության հայեցակարգ»: Թվում է, թե պետական քաղաքականության հայեցակարգի մշակմամբ պետությունը պետք է զբաղվի իր համապատասխան կառույցների՝ ԿԳ նախարարության եւ ԳԱԱ-ի հետ»,- նեղսրտեց ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ղազարյանը հույս հայտնեց, թե գուցե «հեռու չէ այն օրը, որ հայ ժողովուրդը փաստեր կհավաքի ու Երիցյանին բերդ կուղարկի»: Իսկ գիտնականներին կոչ արեց Անդրանիկ Մարգարյանից ու ԱԺ-ից պահանջել, որ գիտնականներին նորմալ ֆինանսավորեն, իսկ ակադեմիան «բարեփոխեն ոչ թե էության, այլ բովանդակության հաշվին»: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Ղարիբջանյանը նույնիսկ զուգահեռ տարավ, իր խոսքով, երկու սրբությունները՝ Հայաստանի ԳԱԱ-ին եւ մահմեդականների Մուհամեդ մարգարեին ծաղրելու միջեւ: «Հիմա շատերը ներողություն են խնդրում մահմեդական աշխարհից իրենց սրբություններին կպնելու համար, իսկ հայ գիտնականներից ո՞վ պետք է ներողություն խնդրի»,- հարցրեց գիտնականը: Սերգո Երիցյանը՝ բացականչեցին նրա կոլեգաները: «Կարծում եմ՝ ՄԱԿ-ի գործակալները չեն ստեղծել ակադեմիան, որ էսօր նրանց հանձնարարվի այն փակել… 39 երկրում եմ եղել, արտերկրում բոլորը գլխարկ են հանում գիտնականի առաջ, մեր երկրի գրոշներ ստացող գիտնականի առաջ ո՞վ գլխարկ կհանի»,- կրկին հռետորական հարց հնչեցրեց գիտնականը: Քննարկմանը ներկա էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը եւ անգամ ՆԳ եւ ՊԱԿ-ի նախկին ղեկավար, «Անդրնավթգազշին-Պրոմեթեւս» ընկերության ներկայիս փոխնախագահ Հուսիկ Հարությունյանը: Հավանաբար հենվելով իր ԿԳԲ-ական ինտուիցիայի վրա, նա հայտարարեց. «Ո՞նց կարելի է օվկիանոսի այն կողմից ստացած ցուցումը առանց որեւէ խորհուրդ անելու, բերել-դեմ տալ հասարակությանն ու ասել՝ պիտի կատարեք: Ես հակված եմ մտածել, որ այս ամենին խառն են մեր հարեւանները: Հավանաբար՝ մեր դարավոր թշնամիներին, որոնցով շրջապատված է փոքրիկ Հայաստանը, ձեռք չի տալիս մեր ատոմակայանի, արագացուցիչի, աշխարհում հայտնի այլ բնագավառների գոյությունը… Նրանք կամաց-կամաց այդ քայլերով մեր պետական այրերի շնորհիվ ուզում են ոչնչացնել մեր գիտությունը»: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, գրականագետ Ավիկ Իսահակյանն էլ հիշեց հայտնի առածը՝ մի հիմար քարը ձորը գցեց, 40 խելոք չկարողացան հանել: «Միայն ինտելեկտ չունեցող մարդիկ կարող են նման քայլ անել, ովքեր չգիտեն, որ հայ ժողովուրդը աշխարհին ներկայանում է ոչ թե իր կաղ սպորտով, կեղծ բիզնեսով, այլ գիտությամբ ու մշակույթով ու դրանով էլ տարբերվում է բանանային երկրներից»: Պարոն Իսահակյանը ձեռքի հետ քննադատեց ոչ միայն «հետախուզական տարբեր ծառայությունների գումարներով սնվող ՄԱԿ-ին», վերջինիս գլխավոր քարտուղար Քոֆի Անանին ու կոռուպցիայի մեջ մեղադրվող նրա որդուն, այլեւ ԱԺ պատգամավորներ, գրողներ Ալվարդ Պետրոսյանին ու Ռուբեն Հովսեփյանին, որ հարկ չեն համարել ներկա գտնվել բախտորոշ հավաքին: Հետո էլ ավելացրեց. «ՀԳՄ-ն ունի հնարավորություն դուրս գալ ԱԺ եւ գրող պատգամավորների վրա դնել պարտականություն, որ պառլամենտում ակադեմիայի հարցը բարձրացնեն»: Միջոցառմանը ներկա բոլոր մտավորականները այն համոզմունքն էին հայտնում, որ ակադեմիան պետք է պահպանել խորհրդային ժամանակների մոդելով, որ ակադեմիայի լուծարումը հավասարազոր է հայ ժողովրդի վերացմանը եւ այլն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել