Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀԵՐԸ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Ապրիլ 29,2006 00:00

Եվրոպայի
Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենի բացառիկ
հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: – Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք
2007 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից: –
Մեր զեկուցողները այս տարի կայցելեն Հայաստան եւ կպատրաստեն զեկույց, որը մենք, ամենայն
հավանականությամբ, կքննարկենք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում` 2007 թվականի հունվարին:
Այդ ժամանակ կծանոթանանք իրավիճակին, ձեռնարկված քայլերին, առկա թերություններին
եւ կոչ կանենք Հայաստանի կառավարությանը՝ կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
– Չնայած Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացմանն
ուղղված միջազգային հանրության ջանքերին, խնդիրը կարծես թե տեղից չի շարժվում: Հնարավո՞ր
է ընդհանրապես նման համագործակցությունը մինչեւ հակամարտությունների կարգավորումը:
– Հակամարտությունների կարգավորումը միշտ էլ բարդ է: Սակայն երբ այցելեցի
տարածաշրջան, ինձ համար ակնհայտ էր, որ երկու կողմերն էլ ցանկություն ունեն կարգավորել
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես համոզված եմ, որ այս հակամարտությունն անհրաժեշտ
է լուծել՝ առաջին հերթին ելնելով երիտասարդ սերնդի շահերից: Իմ կարծիքով, Հայաստանից
դուրս կան շատ մարդիկ, որոնք դրդում են Հայաստանի կառավարությանը եւ ընդդիմությանը
այս կամ այն ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի երիտասարդների ապագան շատ ավելի
կարեւոր է, քան Հայաստանից դուրս բնակվող հայերի զգացմունքները: Այդ նպատակով անհրաժեշտ
է լուծել խնդիրը, եւ մենք կանենք հնարավորին ամենը բարենպաստ պայմաններ եւ մթնոլորտ
ստեղծելու համար: – Դուք դեռ հնարավո՞ր եք համարում հասնել ղարաբաղյան խնդրի
կարգավորմանը 2006 թվականին: – Ես այդպիսի հույս ունեմ: Միջազգային հանրությունը
ցանկանում է օգնել, սակայն խնդիրները դժվար է լուծել, երբ պակասում է քաղաքական կամքը:
Շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական կուսակցությունները, կառավարությունը, ընդդիմությունը
այնպիսի մթնոլորտ ձեւավորեն իրենց երկրներում, որը մարդկանց հնարավորություն կտա
համաձայնել կայացված որոշման հետ: Եթե դուք շահարկում եք իրավիճակը նախընտրական նպատակներով,
ապա չեք կարողանա լուծել այս խնդիրը: Ձեզ անհրաժեշտ է մթնոլորտ, որը հնարավորություն
կտա հակամարտության լուծումը ընդունելի դարձնել բոլոր «հասցեատերերի» համար: –
Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հնարավորության մասին:
– Եթե նման բան հնարավոր դառնա, ապա անհնարին կլինի այն երկրների անդամակցությունը
Եվրոպայի Խորհրդին, որոնք փորձում են լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով:
Այդ դեպքում մենք ստիպված կլինենք քննարկել Եվրոպայի Խորհրդին անդամակցության հարցը:
Իրոք անընդունելի կլինի, եթե Եվրախորհրդի որեւէ անդամ փորձի ռազմական ուժ օգտագործել
կազմակերպության երկու անդամների միջեւ հակամարտությունը լուծելու համար: –
Իսկ ի՞նչ կարծիքի եք Ադրբեջանի ղեկավարների ռազմատենչ հայտարարությունների մասին:
– Նրանք պետք է իմանան, որ եթե, ի վերջո, որոշեն զենք օգտագործել, ապա դրանով
իսկ վերջ կդրվի նրանց անդամակցությանը Եվրոպային Խորհրդին: Սակայն ես համոզված եմ,
որ ոչ ոք նման վարքագիծ չի դրսեւորի: – Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ
սահմանը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաբարդ խնդիրներից մեկը: Չե՞ք կարծում,
որ Եվրոպայի Խորհուրդը կարող է դերակատարություն ստանձնել հայ-թուրքական հարաբերությունների
բարելավման հարցում: – Այն փաստը, որ Հայաստանը եւ Թուրքիան հանդիսանում են
Եվրոպայի Խորհրդի անդամներ, երկու երկրների պատգամավորներին հնարավորություն է տալիս
հանդիպել եւ քննարկել առկա խնդիրները: Կարծում եմ, որ եթե դուք ապրում եք տարածաշրջանում
եւ չունեք իրական բաց շփումներ՝ առեւտրատնտեսական, մշակութային եւ անձնական հարաբերություններ,
ապա դուք չեք ծառայում ձեր երկրի համար լավագույն ապագա կերտելու գործին: Անհնար
է կառուցել կայուն ապագա մի տարածաշրջանում, որտեղ դուք մեկուսացված եք ձեր հարեւաններից:
Համոզված եմ եւ այս մասին ես խոսել եմ Հայաստան կատարած իմ այցի ընթացքում, որ Հայաստանի
շահերից բխում է նայել դեպի ապագա, չօգտագործել անցյալը ապագայի շրջափակման համար
եւ փնտրել խաղաղ լուծումներ: Եթե դուք ցանկանում եք լուծում գտնել, դուք կգտնեք այն:
Սակայն դուք երբեք չեք գտնի հարյուր տոկոսանոց արդյունք ապահովող որոշում: Փոխզիջումը
միշտ անհրաժեշտ է, քանի որ մյուս կողմն ունի իր փաստարկները, եւ եթե կառչեք միայն
ձեր փաստարկներից եւ զգացմունքներից, չափազանց դժվար կլինի գտնել կայուն եւ խաղաղ
լուծում, որն անհրաժեշտ է բարեկեցիկ ապագա կառուցելու համար: ՄԵԴԻԱՄԱՔՍ
Հատուկ «ԱՌԱՎՈՏ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել