Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆՏՐՈՆԻ ԴԵՄՔԸ ՍՓՅՈՒՌՔՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

Ապրիլ 29,2006 00:00

Այսպիսի
սրբագույն ծրագիր ունի Կենտրոնի տարածքներից մեկն իրացնող մեր հայրենակից սփյուռքահայը
Երեւանի Կենտրոն համայնքի Կողբացի 28 հասցեի բազմաբնակարան շենքում դեռ 1930-ական
թվականներից ապրած ու անցյալ տարվա հունիսի 1-ին վտարված Վարդանյանների 9 հոգանոց
ընտանիքի պատմությունը հեչ նման չէ «պետական կարիքների համար» վտարված քաղաքացիների
պատմությանը: Ու թեեւ ընդունված է ասել, որ ե՛ւ նախկին, ե՛ւ գործող Սահմանադրությամբ
սեփականության օտարումը պետական կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ
դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ, սակայն կոնկրետ Վարդանյանները
ԴԱՀԿ-ի ակտիվ միջամտությամբ վտարվել էին ո՛չ օրենքի կիրառմամբ, ո՛չ համարժեք կամ
էլ նախնական փոխհատուցմամբ: Ավելին, նրանց հետ մինչ օրս էլ պետությունը որեւէ պայմանագիր
չի կնքել, որովհետեւ նրանց պատկանող տարածքը օտարել է մասնավոր անձի: Այս
դեպքում մեր «չկոռումպացված» որոշ պաշտոնյաներ գործելով պետության անունից՝ դատարանների
միջոցով օգտագործել էին «պետական կարիքներ» ասվածը անհատ մարդկանց հավակնությունները
բավարարելու համար, տվյալ դեպքում ԱՄՆ տեղափոխված ոմն պարսկահայի՝ Սերժիկ Սուքիասյանի,
ով Հայաստանում «Անուր» ՍՊԸ է հիմնել ու, ի դեպ, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի
մասին ամենաբարձրը խոսող ՀՅԴ ներկայացուցիչ է: 2002թ. մի գեղեցիկ օր պարզվել
էր, որ Կենտրոն համայնքի թաղապետարանը բնակիչների կողմից սեփականաշնորհված Կողբացի
28 շենքի տակի հողը՝ առանց սեփականատերերին տեղյակ պահելու եւ նախապատվության իրավունքով
գնման առաջարկի, 1000 քմ-ն 5000 ԱՄՆ դոլարով վաճառել էր «Անուր ՍՊԸ»-ին: «Անուր»-ի
պատվերով շենքի բնակարանները գնահատվել էին (օրինակ, Վարդանյանների 146.1քմ սեփականաշնորհված
բնակարանի դիմաց առաջարկվել էր 15 հազ. ԱՄՆ դոլար, երբ անկախ մասնագետները այդ բնակարանը
30 տոկոսով ավելի էին գնահատել՝ նվազագույնը): Դե, թաղապետարանն էլ իր վրա էր վերցրել
տարածքն ազատելու հարցը, ու քանի որ շենքի բնակիչներից լեզու չէր գտել մասնավորապես
Վարդանյանների հետ, ովքեր չէին համաձայնել առաջարկված գնով դուրս գալ շենքից, 2002թ.
հունիսի 25-ին փորձել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի
օգնությամբ վտարել: Իր հայցը Կենտրոնի թաղապետարանը հիմնավորել էր համայնքի ավագանու
եւ թաղապետի որոշումներով՝ «Կողբացի 28 շենքի թիվ 22՝ սեփականության իրավունքով պատասխանողին
պատկանող բնակարանը ճանաչվել է համայնքային կարիքների համար վերցվող գույք»: Հետո
էլ որոշել էր, իբր, «ելնելով սեփականատիրոջ շահերից, փոխադարձ համաձայնության դեպքում
կիրառել խրախուսման միջոցներ ու պատասխանող կողմին առաջարկել 21211,4 ԱՄՆ դոլարին
համարժեք դրամ»: Սակայն, քանի որ Վարդանյանների ընտանիքը հրաժարվել էր պայմանագիր
կնքել, թաղապետարանը դատարանից պահանջել էր ընտանիքին վտարել «վիճելի տարածքից»:
Որ թաղապետարանը կարող է իրեն իրավունք վերապահել «համայնքի կարիք» ասվածի տակ մարդկանց
սեփականությունը զավթել՝ կարող էր պատահել միայն Հայաստանում: Դատարանում դատավոր
Ժորա Վարդանյանը մի քանի նիստ հրավիրելուց հետո տեսնելով, որ մարդկանց՝ իրենց սեփական
տնից վտարելը ոչ մի կերպ չի տեղավորվում օրենքի շրջանակներում, ու «համայնքային կարիք»
հասկացությունն էլ տվյալ դեպքում խիստ չափազանցված է, իրեն թույլ էր տվել կարծիք
հայտնել, թե՝ միգուցե շենքը վթարային է… Առաջարկվել էր, որ այդ առնչությամբ «Հայսեսմշիննախագիծը»
եզրակացություն տա: Վերջինս էլ եզրակացություն էր տվել, որ շենքի վթարային կարգն
այնպիսին չէ, որ քանդման ենթակա լինի, ու առաջարկել էր երկթեւանի շենքի վթարային
հատվածը՝ մի թեւի միայն վերջին հատվածը, ամրացնել: Դատավարությունն ընդհատվել էր,
իսկ Ս. Սուքիասյանը փորձել էր մարդկանց վտարման այլ՝ ավելի հիմնավոր «փաստարկներ»
ու իր համար նոր «տանիք» փնտրել: Բայց նրա վիճակն ավելի էր ծանրացել, որովհետեւ այդ
ժամանակահատվածում փոխվել էր Կենտրոնի թաղապետը: Նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին
փոխարինել էր Գագիկ Բեգլարյանը: Դատարանն այդպես էլ որեւէ վճիռ չէր կայացրել, առավել
եւս, որ հայցապահանջների վերաբերյալ եղել էին ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի, ե՛ւ Կենտրոն
թաղապետարանի բացասական կարծիքները: Գ. Բեգլարյանը հայտարարել էր, որ Կողբացի 28
շենքը ոչ մի համայնքային կարիքի համար էլ պետք չէ: Ակնհայտ էր դարձել առանց այդ էլ
ակնհայտ բանը՝ վերը նշված հայցը եւ «Անուր» ՍՊԸ-ին շենքի տակի հողի վաճառքը ուղիղ
կապված էին միմյանց հետ, ու Կենտրոն թաղապետարանը խախտելով օրենքը՝ փորձել էր «Անուր»
ՍՊԸ-ին տրամադրել բարենպաստ պայմաններ այդ գույքին տիրանալու եւ այդ հասցեում ձեռնարկատիրական
գործունեություն ծավալելու նպատակով: Բայց բնակիչների հաղթանակը կարճ էր տեւել. շենքի
մի հատվածն ամրացնելու փոխարեն արդեն Գ. Բեգլարյանի հետ համաձայնության գալով՝ «Անուրը»
սկսել էր քանդել՝ հույսով, որ դրանից հետո բնակիչներին ավելի հեշտ կլինի համոզել,
որ թողնեն այդ շենքը: Սակայն շենքը ամուր էր եւ դեռ մեկուկես տարի կանգուն էր մնացել:
Քանի որ Կենտրոն թաղապետարանը գործը չէր հասցրել ավարտին, «Անուր» ՍՊԸ-ն այս
անգամ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին, որը լիովին անտեսելով շենքի համասեփականատերերի
իրավունքները՝ «Անուրին» էր տրամադրել ճարտարապետանախագծային առաջադրանք՝ շենքը քանդելու
եւ տեղը նորը կառուցելու համար: Դրա համար որպես պատրվակ լավագույնս էր օգտագործվել
Կենտրոնի տարածքները կառուցապատելու ծրագիր իրականացնելու 2002թ. օգոստոսի 1-ի ՀՀ
կառավարության հ.1151-Ն որոշումը, որով փողոցը՝ իր մի քանի բնակելիներով, նախատեսվեց
որպես «Գլխավոր պողոտա» իրացման գոտի, թեեւ Կողբացի 28 շենքն էլի այդ ծրագրի մեջ
չկար: Այս անգամ կրկին «Անուր» ՍՊԸ-ի պատվերով կատարված բնակարանների (ինչպես գնահատողներն
էին նշել) թերի գնահատումներով ոչ թե ԾԻԳ-ը, այլ Երեւանի քաղաքապետն էր 2004թ. հունիսի
23-ին հայց ներկայացրել 1-ին ատյանի դատարան՝ Վարդանյաններին պարտադրելու պայմանագիր
կնքել իրենց բնակարանը 56 հազար դոլարով վաճառելու մասին, եւ վտարել: Իսկ հայցադիմումում
քաղաքապետարանը դատարանին ապատեղեկացրել էր, որ սույն շենքը, իբր, գտնվում է «իրացման
գոտում»: Քաղաքապետարանն, իհարկե, դրա իրավունքը չուներ՝ այն պարզ պատճառով,
որ շենքը պետական կարիքների տակ չէր ընկնում, ուստի, քաղաքապետարանը տվյալ դեպքում
դատարանում ներկայացնում էր անհատի՝ Ս. Սուքիասյանի ու նրա «Անուր» ՍՊԸ-ի շահերը:
Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության հոդվածները՝ արագացված դատավարությամբ
հայցը բավարարել էր: Վարդանյանները դիմել էին Վերաքննիչ դատարան, որտեղ տանուլ տալուց
անմիջապես հետո քաղաքապետարանից փաստաթուղթ էր ստացվել, որ իրենք իրավունք չունեին
Վարդանյաններին դատի տալու, որ նրա տունը իրացման գոտու մեջ չի մտնում: Այդուհանդերձ,
2005-ի հունիսի 1-ին ԴԱՀԿ-ն վտարել էր այս ընտանիքին՝ իր արձանագրության մեջ հստակ
մատնանշելով, որ մարդկանց իրենց տներից վտարել են տարածքը ոչ թե պետությանը կամ ԾԻԳ-ին,
այլ մասնավոր անձին՝ «Անուր ՍՊԸ»-ին հանձնելու համար: Վտարումից 7 օր անց Վարդանյանները
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացել էին անհեթեթ
մի գրություն, որից պարզ է դառնում, որ հողը պետությունը չէր վերցրել, բայց շենքը
վերցրել է, ինչը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 283 հոդվածի կոպիտ խախտում էր: Բանը հասել
էր Վճռաբեկ դատարան: Գործն այստեղ երեք ամիս «քնել» էր, որպեսզի քաղաքապետարանն իր
փաստաթղթերը կարգի բերի ու Կողբացի 28 շենքը հասցնի ներառել «իրացման գոտում»: Ի
վերջո, Վճռաբեկը 2005-ի դեկտեմբերի 25-ին որոշել էր Վերաքննիչի որոշումը թողնել ուժի
մեջ: Ստացվել էր, որ «Անուր» ՍՊԸ-ի շահերը պաշտպանելու նպատակով պետությունը
մարդկանց պարտադրել էր չնչին գումարներով ազատել իրենց սեփական բնակարանները: Իսկ
«Անուրի» սեփականատեր ընկեր Սուքիասյանը, ով վայելում էր ՀՀ նախագահի աշխատակազմի
նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հովանավորությունը, բնակիչներին համոզել էր, թե՝
այդ ամենն անում է նրանց համար՝ «ձեր համար եմ անում, ձեր քաղաքն եմ շենացնում: Ամոթ
չի՞ սենց քանդված տներ կան Երեւանի կենտրոնում: Կենտրոնի դեմքը պետք է սփյուռքը ներկայացնի:
Քաղաքի կենտրոնում պետք է սփյուռքահայերն ապրեն, թե չէ՝ ամոթ է, հետո դուք ձեզ ո՞նց
կզգաք, որ մեծահարուստների կողքին ապրեք»: Ի դեպ, շենքի բնակիչները լուրջ
կասկածներ ունեն, որ Կենտրոնի թաղապետն ու Երեւանի քաղաքապետը համաձայնել էին «Անուրի»
հետ գործարքի գնալ, որովհետեւ նրանց այդ շենքում տարածքներ են խոստացված: Նրանք հենց
դրանով են բացատրում նաեւ այն, որ քաղաքապետը համաձայնել էր մտնել դատարան ու իրենց
շենքը ներառել քանդման ենթակաների ցանկում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել