Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԻՆՍՈՆԸ ԳՈՀ Է ՋԷԿ-Ի ԳՈՐԾԱՐՔԻՑ

Ապրիլ 29,2006 00:00

Փաստորեն,
Համաշխարհային բանկի համար նույնպես $250 միլիոնը փող է «Միակ բանը, որ կարող
եմ ասել՝ սա շատ շահավետ գործարք է եղել Հայաստանի համար»,- երեկ հրավիրած մամուլի
ասուլիսում «Գույք՝ գազի դիմաց» գործարքն այսպես գնահատեց Համաշխարհային բանկի երեւանյան
գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Նա այդ եզրակացության է եկել այն բանից հետո,
երբ ՀՀ կառավարությունն այդ գործարքը հիմնավորող փաստաթղթեր է տրամադրել իրեն: «Ես
կարծում եմ, որ ավելի պատշաճ եւ հարմար է, որ ՀՀ կառավարությունը քննարկի ազգաբնակչության
հետ այն աշխատանքները, որոնք իրականացվել են վերջին ամիսների ընթացքում: Սա իրենց
պատասխանատվության տակ է, իրենք աշխատել են հայ ժողովրդի անունից եւ սա մի բան է,
որն իրենք պետք է անեն: Երբ այս խնդիրները քննարկվեն կառավարության հետ եւ երբ ձեզ
էլ կներկայացվեն այն բոլոր փաստերը, որոնք ինձ են ներկայացվել, կհամաձայնեք եւ կգիտակցեք,
որ սա իրոք եղել է շահավետ գործարք՝ Հայաստանի համար»: Հիշեցնենք, որ նույն Ռոջեր
Ռոբինսոնը ոչ վաղ անցյալում Բաշխիչ ցանցերի վաճառքի հետ կապված իր հայտնի հայտարարության
մեջ մտահոգություն էր հայտնել, որ կառավարությունը գործարքի մանրամասները հանրության
առաջ չի բացում, այն թափանցիկ չէ եւ այլն: Բայց Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքի հետ կապված
գործարքի մեջ, որի հետ կապված ցանկացած ինֆորմացիա կառավարությունն ատամներով էր
պահում, պարոն Ռոբինսոնը ոչ մի մտահոգություն չի տեսնում, իսկ թափանցիկության հարցն
արդեն փակված է համարում՝ գործարքին նայելով «շահավետության» տեսանկյունից: Խնդիրն
այն է, որ ԲԷՑ-երի վաճառքի մասին արված հայտարարություններից հետո պարոն Ռոբինսոնը
խուսափում է սուր գնահատականներից: Ահա թե ինչու ասուլիսի սկզբում, մինչ լրագրողների
հարցերին անցնելը, նա ակնարկեց, որ իրեն ոչ մի հարց չտան: Բնական է, որ ՋԷԿ-ի վաճառքի
մասին խոսք լինելու էր, եւ ՀԲ հայաստանյան ղեկավարը այս մասին որեւէ կարծիք պիտի
արտահայտեր: Հարցն այն է, թե ինչպես կընդունվեր իր կարծիքը: Նույնիսկ Հայաստանի էներգետիկ
համակարգում Ռուսաստանի մենաշնորհային դիրքերին վերաբերող հարցին հստակ որեւէ կարծիք
արտահայտելու փոխարեն, նա սկսեց ծամծմել. «Ջրամատակարարումը Միացյալ թագավորությունում
իրականացվում է զանազան ընկերությունների կողմից: Այդ ընկերությունների մի մասը ֆրանսիական
է, մի մասը՝ բրիտանական, մի մասն էլ Միացյալ Նահանգներին է պատկանում: Էապես որեւէ
սխալ բան չկա այս համակարգի հետ առնչվող: Շատ ավելի կարեւոր է, որ հզոր կարգավորող
լինի, որը սահմանում եւ վերահսկում է ծառայությունների մատուցման ընթացքը: Բացի դրանից
Հայաստանում էներգաարտադրության հումքի հիմնական մատակարարը այդ երկիրն է: Սա ներկայիս
իրողությունն է, եւ հնարավոր չէ այն փոխել մեկ, երկու կամ երեք րոպեում: Ատոմակայանի
հումքը, գազը գալիս են Ռուսաստանից: Միակ հումքը, որ Հայաստանն ունի եւ օգտագործում
է էներգաարտադրության համար՝ ջուրն է, այսինքն՝ ձյունը, որը հալչում-լցվում է գետերը
եւ օգտագործվում ՀԷԿ-երում»: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղի վաճառքին՝
կառավարության՝ ՀԲ-ին տրամադրած տեղեկություններով, դա տեղի չի ունեցել: Պարոն
Ռոբինսոնը ասուլիս էր հրավիրել Հայաստանին 3.1 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու
թեմայով, որով շուրջ 8000 անապահով ընտանիքներ հնարավորություն կունենան միանալ ջեռուցման
համակարգին եւ ունենալ գազի վառարաններ: Հարցին՝ եթե կառավարությունը 60 միլիոն դոլարով
թե՛ ապահով, թե՛ անապահով խավի համար սուբսիդավորում է գազի գինը, չե՞ք կարծում,
որ կառավարությունը պետք է սուբսիդավորի նաեւ ջեռուցման համակարգին միանալը եւ 3
միլիոնն ինքը տա՝ Ռ. Ռոբինսոնը պատասխանեց. «Հայաստանի հետ այս գործարքի մեջ մասնակցող
մյուս կողմը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի, քան մենք՝ այս ծրագրի շրջանակներում:
Եթե նրանք ցանկություն ունեն յուրաքանչյուր հայի նվեր անել, դա իրենց իրավունքն է,
ի՞նչն է այս հարցում սխալ»: Հնարավո՞ր է, որ ՀԲ-ն օգնի սուբսիդավորել նաեւ ջրի սակագինը,
քանի որ այն պետք է հունիսի 1-ից բարձրանա. «Ոչ, դա առեւտրային որոշում է, որը կայացվում
է կարգավորողի կողմից, եւ ՀԲ-ն դրանց չի միջամտում»,- պատասխանեց Ռ. Ռոբինսոնը: Երեկ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը՝ կապված մայիսի 1-ից խմելու
ջրի գործող սակագների բարձրացման հետ, չկայացավ, քանի որ «Ջրտնտպետկոմի» նախագահ
Անդրանիկ Անդրեասյանը խնդրեց այն 1 ամսով հետաձգել՝ տեխնիկական որոշ հարցեր ճշտելու
նպատակով. «Հսկայական համակարգ է փոխանցվում եւ բնական է, որ նման դժվարություններ
կառաջանային: Նույնիսկ Արեւելյան Եվրոպայում նման հարցերը մինչեւ 9 ամիս ժամկետ են
պահանջում, իսկ մեզ մոտ պայմանագրով նախատեսված է 3 ամիս»: «Երեւան ջուր» ընկերության
գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը համակարծիք էր. «Իսկապես, գույքի փոխանցման հետ կապված
իրավական, տեխնիկական եւ պայմանագրային խնդիրներ են առաջացել, որոնց լուծումը կպահանջի
մոտ 15 օր»: Եթե հանձնաժողովը հայտը մերժի՝ չի՞ ստացվի, որ մրցութային պայմանագրի
խախտում է եղել. այս հարցին ի պատասխան՝ պարոն Անդրեասյանն ասաց. «Բոլոր անհրաժեշտ
նախապայմանները եւ քայլերը, որպեսզի հանձնաժողովը համապատասխան որոշում կայացնի՝
արված են, ուղղակի նախապատրաստական էտապում դեռեւս չլուծված, չհստակեցված տեխնիկական
խնդիրներ կան»: Իսկ Ս. Պոպոֆֆի խոսքերով՝ «եթե ինչ-որ խնդիր լինի՝ մենք կվերանայենք,
բայց պիտի թողնել, որ հանձնաժողովը աշխատի»: Հետաքրքիր է, որ չնայած տպավորություն
էր, թե հանձնաժողովի անդամները հետաձգման մասին հայտարարությունից հետո անակնկալի
եկան, բայց ներկա հ/կ-ները վաղուց արդեն գիտեին դրա մասին, նույնիսկ հայտարարություններ
էին պատրաստել առ այն, որ «Երեւան ջուրը» պարզապես հանձնաժողովին անհրաժեշտ փաստաթղթեր
չի ներկայացրել, սակագների հաշվարկը եղել է՝ առանց հիմնավորումների, ուստի նիստը
չի կայանալու: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել