Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Մայիս 27,2006 00:00

Դասախոսների
ռեյտինգային հարցումներին ուսանողները լուրջ չեն վերաբերվում, թեեւ դրանք հաճախ ճակատագրական
են լինում դասախոսի համար: «Մեր դասացուցակը ծիծաղելի է, իսկ դրա համար ես
վճարում եմ 660.000 դրամ», «Շնորհակալություն հարցաթերթիկի դեղին գույնի համար»,
«Բարձրացրե՛ք մեր թոշակները», «Փոխե՛ք գրատախտակները», «Շնորհակալություն ձեր աշխատանքի
համար», «Կցանկանայի, որ բոլոր դասախոսները Մովսիսյան Արտակի նման բարեկիրթ ու խելացի
լինեին», «Կցանկանայի Սանթրոսյանին տեսնել դեկանի տեղակալի պաշտոնում»: Սրանք ԵՊՀ
ուսանողների շրջանում անցկացված անանուն հարցումներից պատառիկներ են: Երեւանի
պետական համալսարանում արդեն չորս տարի գնահատման մենաշնորհը դասախոսներինը չէ: Ուսանողները
եւս կարող են վայելել գնահատման այդ պատասխանատու գործընթացին մասնակցելու հաճույքը՝
շնորհիվ դասախոսների ռեյտինգային հարցումների: Այդ համակարգը գործում էր դեռեւս ԽՍՀՄ
վերջին տարիներին: Սակայն այդ շրջանում այն տեղային էր, իրականացվում էր միայն ֆակուլտետի
մակարդակով: Անկախությունից հետո անանուն հարցումների մասին հիշատակվում է նաեւ ՀՀ
Կրթության մասին օրենքում, որտեղ նշված է, թե ուսանողի իրավունքներից է դասախոսական
կազմին գնահատելը: «Այս գործընթացում ընտրել ենք եւ եվրոպական, եւ ամերիկյան փորձը:
Դիմել ենք սոցիոլոգ-հոգեբանների օգնությանը: 2004-ին ծրագիրը ներկայացրել ենք նաեւ
հայաստանյան պետական բուհերին: Այն ինչ-որ չափով կիրառվում է նաեւ այդ կրթահամալիրներում»,-
ասաց ԵՊՀ ուսումնական վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը: Հարցումներն անցկացվում
են ամեն կիսամյակի ավարտից հետո, ներառում են մոտ 14 հարց, որոնց միջոցով ուսանողին
հնարավորություն է տրվում գնահատել դասախոսի մասնագիտական, մարդկային, մանկավարժական
որակները, ներկայացնել առաջարկներ: Հարցումներն անցկացվում են կենտրոնացված, ԵՊՀ-ում
այն իրականացնում է ուսումնական վարչությունը: Ֆակուլտետներն այս առումով որեւէ մասնակցություն
չունեն: Տվյալները հատուկ ծրագրի միջոցով անցկացվում են համակարգիչ՝ այդ գործընթացում
բացառելով մարդկային գործոնը: Իհարկե, ոչ բոլոր ուսանողներն են լուրջ վերաբերվում
այս հարցումներին, քանի որ սուբյեկտիվությունը, երբեմն նույնիսկ անտարբերությունը՝
գերիշխում են: Սակայն Ալ. Գրիգորյանը հարցումները 70-80%-ով օբյեկտիվ է գնահատում:
Արդյոք այս հարցումները ուսանողների համար հարմար առիթ չե՞ն չսիրած դասախոսից
ազատվելու: «Միայն հարցման արդյունքների հիման վրա չենք հեռացնում դասախոսներին:
Սակայն դրանք հաշվի են առնվում պրոֆեսորադասախոսական բոլոր պաշտոնների զբաղեցման
համար անցկացվող մրցույթներում: Համակարգի կիրառման ընթացքում տասնյակ դեպքեր են
գրանցվել, երբ դասախոսը մրցույթը չի անցել՝ հարցումներից արձանագրված ցածր նիշերի
պատճառով»,- ասում է Ալ. Գրիգորյանը: Արդյոք մեր ուսանողները պատրա՞ստ են
այսպիսի լուրջ գործընթացի, եւ կարո՞ղ են նրանց գնահատկանները լինել օբյեկտիվ: Այս
հարցերն ուղղեցինք հենց ուսանողներին: «Մեր կուրսում զգացել ենք այս համակարգի դրական
ազդեցությունը, քանի որ մեծ դժգոհություններ առաջացնող մի դասախոսի՝ հարցման հիման
վրա հեռացրին աշխատանքից»,- ասաց ԵՊՀ ուսանողուհի Սոնա Մարտիրոսյանը: Սակայն շատ
ուսանողներ այս կարծիքին չեն եւ հարցումները ավելորդ գլխացավանք են համարում. «Ես
մեխանիկորեն բոլորին հինգեր եմ նշանակում»,- ասաց ԵՊՀ ուսանող Հովհաննես Մարգարյանը:
Իսկ Արուսյակ Պալյանը կարծում է. «Եթե իրականում եւ գնահատումը, եւ տվյալների մշակումը,
եւ դրան հետեւող քայլերը լինեին օբյեկտիվ, համակարգը կգործեր»: ԵՊՀ ուսանողուհի Կարինե
Իոնեսյանը կասկածում է, որ իրականում հնարավոր չէ պարզել, թե ով է հարցաթերթիկը լրացնողը.
«Քանի որ նշում ենք եւ բնակության վայրը, եւ կուրսը, եւ ֆակուլտետը, եւ սեռը, ապա
պարզել, թե ով է այն լրացրել՝ շատ հեշտ է: Իսկ սա կաշկանդում է ուսանողներին եւ թույլ
չի տալիս լինել օբյեկտիվ»: Որոշ ուսանողներ էլ կարծում են, որ կիսամյակի ավարտից
հետո գնահատելն էլ է սուբյեկտիվ գնահատականի պատճառ դառնում. «Երբ դասախոսը ցածր
գնահատական է նշանակում ուսանողին, շատ դեպքերում ուսանողի՝ նրա հանդեպ վատ տրամադրվածությունը
նպաստում է նրա ցածր գնահատականին»,- ասաց Քրիստինե Վարդանյանը: ԵՊՀ ուսանողուհի
Աստղիկ Կարապետյանը կարեւորում է այսպիսի հարցումները, սակայն կարծում է, որ դրանց
արդյունքները չեն տեսնում: Ուսանողներից շատերը կարծում են, որ իրականում հենց իրենք
են այդ հարցումների տերը, քանի որ կուրսերում պետք է համախմբված եւ հետեւողականորեն
պայքարեն ոչ սիրելի դասախոսից ազատվելու համար: Կարինե Հունանյանն էլ կարծում է,
որ շատ ուսանողներ, վախենալով դասախոսի հետ «թարսվելուց», ստիպված բարձր գնահատականներ
են նվիրում նրանց: Նա նաեւ կարծում է, որ անկախ ամեն ինչից, ուսանողը կախվածություն
ունի բուհից: Ի դեպ, այս համակարգը փորձված է արտասահմանյան շատ երկրներում
եւ փորձագետները կարծում են, որ այն ունի դրական մեծ ազդեցություն՝ նաեւ կոռուպցիայի
դեմ պայքարում: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել