Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ

Մայիս 27,2006 00:00

Ո՞ՐՆ Է ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ Հայ օգնության միության (ՀՕՄ) «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն անցյալ շաբաթ առաջին անգամ միավորել էր մանկատների շրջանավարտներին՝ ծանոթացնելու իրենց իրավունքներին: Ծրագրի մասին՝ ավելի ուշ: Ներկայացնենք մանկատան շրջանավարտներից մի քանիսի հետ մեր զրույցը: «Մեզ ծեծում էին իրենց էներգիան սպառելու համար» «Գավառի մանկատնից եկա Երեւան, պապիս գտա, փորձեցի նրանից իմանալ իմ մասին, բայց ոչինչ չէր ասում, չընդունեց, ինչպես հարկն է, հետո որոշ բաներ ասաց, բայց չհասցրի շատ բան իմանալ, մահացավ»,- պատմում է Գավառի մանկատան շրջանավարտ Իգոր Ղահրամանյանը (նկարում)՝ ներկայանալիս նշելով նաեւ հոր անունը՝ Սերգեյի։ Չորս տարեկանից նա հայտնվել է մանկատանը, բայց չգիտի, թե ինչպես։ «Պապս մի թեթեւ պատմեց մորս մասին, ասում էր, որ նա անընդհատ շրջագայում էր, տուն չուներ»։ Իգորն այսքանը գիտի մոր մասին։ «Գավառի մանկատունը տղաների մասով տալիս է պատրաստի զինվոր։ Կոփվում ես՝ ծեծ, բռնությունները շատ էին, սարսափելի, աննկարագրելի։ Կարող էին ծեծել, երբ, ասենք, ձեռագիրդ այն չէր, թեկուզ գրագետ լինեիր։ Ստիպում էին իրենց եփած ճաշն ուտել, հացն այնքան քիչ էին տալիս, բայց կեսը պահում էինք, դնում բարձի տակ, որ գիշերը ուտեինք, այդ մի կտորով մխիթարվեինք։ Դրա համար էլ էին ծեծում, որ հացը պետք է ուտել միայն ճաշարանում»։ Իգորը 11 տարեկանում տեղափոխվել է Մեղրիի մանկատուն, հետո՝ նորից վերադարձել Գավառ։ «Մեղրիում ահավոր էր ծեծը, 4 անգամ հացի հետ 4 անգամ էլ ծեծում էին, ծեծում էին նաեւ աղջիկներին։ Եթե նույնիսկ դաժան էլ չէին բնույթով, բայց ծեծում էին։ Չկար մեկը, որ հետեւեր, վերահսկեր, իրենք էլ ծեծում էին, շատ դեպքերում՝ իրենց Էներգիան սպառելու համար։ Ոնց ուզեին՝ վարվում էին մեզ հետ, երբեք հաշիվ չէին տալիս, թե ում ինչի համար են ծեծում»։ Իգորը պատմելիս հաճախ էր շփոթում տարեթվերը. «Ռումբի պայթյունից հիշողությունս մի քիչ լավ չի»։ Նա 1993-ից ծառայել է Ղարաբաղում՝ հատուկ նշանակման ջոկատում։ «Բանակից եկա ու հայտնվեցի փողոցում։ Երկու տարի փողոցներում եմ գիշերել, պադեզդներում, կայարաններում։ Աշխատում էի, որ հացի փող ունենայի։ Բանվորություն էի անում, թեեւ մասնագիտություն ունեի, բայց միայն մի բան՝ որ տուն չունես, քեզ ոչ մի բան չեն վստահում։ Նույնիսկ թափելու քարը դժվար էին վստահում, բանվորությունն էլ էին դժվար վստահում։ Անվստահություն կար նաեւ նրա համար, որ մանկատան երեխա ես, որովհետեւ մեր տղաներից կային դատված, եւ եթե մեկը դատվեր՝ 10-ն էին վնասվում»։ Իգորը սովորել է շինարարական քոլեջում եւ ընկերների բնակարանների վերանորոգման հարցում նրանց շատ է օգնում։ Հիմա ապօրինի ապրում է լամպերի գործարանում, ընկերոջ հետ։ Ինչո՞ւ են մանկատան շրջանավարտները հիմնականում անպատվաբեր գործերով զբաղվում։ Իգորն ունի այս հարցի պատասխանը. «Մանկատունը երբեք չի սովորեցնում ընտանիք կազմելու տարբերակը։ Մանկատնից դուրս ես գալիս, չես կողմնորոշվում՝ ուր գնալ, շատերը ձգտում են ավելի հեշտ ճանապարհով փող վաստակել։ Կանանց գրավում է ժամանակակից ոճը՝ բարը, ռեստորանը»։ Մանկատունը Իգորի համար լոկ ծածկ է եղել գլխի վերեւում. «Փառք Աստծո, մեծացանք… խնձորով մեծացանք, որ կողքի հսկայական այգիներից էինք գողանում։ Մենք այդպես էլ կուշտ բանը չենք իմացել՝ ինչ է։ Կարծես քո տեղը չես գտնում, թվում է՝ մասսայից այս կողմ ես, մարդկային հատկանիշներ չունես, երկրորդ կարգի մարդ ես։ Այս պետությունն է այնպես մեզ սովորեցրել, որ չկշտանանք, չհագենանք»։ Իգորը հիշում է, որ մանկատանն առանձնահատուկ ջերմություն էին զգում սփյուռքահայերից, եւ նրան թվում է, որ վերջիններիս մեծ մասը, նույնիսկ լինելով ոչ շատ հարուստ, ամեն կերպ օգնում էր մանկատանը, «իսկ այստեղի հարուստներից շատերը չեն էլ մտածում մանկատան մասին»։ Հիմա Իգորը մասնավոր աշխատանք ունի, աշխատում է իր մասնագիտությամբ՝ սալահատակի գործ է անում։ «Մտածում եմ ամուսնանալու մասին, բայց տուն չունեմ, տունն այն ստարտը կլինի, որից թափ կհավաքեմ։ Ես նախանձով եմ նայում տուն ունեցող մանկատան երեխաներին (շեշտում է մանկատուն բառը- Հ. Բ.)։ Շատերը գյուղերում հարմարվեցին։ Եվ հենց սկսեցին բնակարան տալ, արդեն սկսեցին ամուսնանալ»։ «Մորս սպասումներից քույրս բժիշկների ձեռքն է ընկել» Կամիլա Սլաբցովան (նկարում) գիտի, որ ծնվել է Երեւան քաղաքում, 1984 թվականին։ «Երեք տարեկանից մանկամսուրից հանձնվել եմ Գավառի մանկատուն, 4-րդ միջնակարգ դպրոցում եմ սովորել, հետո մասնագիտություն եմ ստացել արվեստի գծով՝ կերպարվեստի դիզայներ եմ։ Հետո վարսահարդարում եմ սովորել, հիմա չեմ աշխատում, ապրում եմ վարձով, գումարը տալիս է «Ամքոր» կազմակերպությունը, որը նաեւ ապրուստի փող է տալիս»։ Կամիլան հաճույքով է հիշում մանկատանն ապրած օրերը, նա նույնիսկ ինչ-որ տեղ արդարացնում էր այն դաստիարակներին, ովքեր ծեծում էին անկարգ երեխաներին՝ կարգուկանոն հաստատելու, դաստիարակելու համար։ «Երեք տարեկանում մայրս այցելել է ինձ, եկել է, հարցրել Կամիլա անունով երեխայի, հետո դաստիարակներին ասել է՝ ռուսերեն սովորեցրեք՝ կգամ, կտանեմ»։ Թեեւ Կամիլան ընդամենը 3 տարեկան է եղել այդ ժամանակ, բայց հիշողության մեջ մնացել է մոր հետ կարճ հանդիպումը. «Նայեց, ձեռք տվեց, որ համոզվեր՝ հո հիվանդ չեմ… Ու մինչեւ հիմա չի եկել»։ Պարզվում է, Կամիլայից առաջ նրա մայրը, որ ազգությամբ ռուս է, Ռուսաստանում ունեցել է եւս մի դուստր, որին բերել է Հայաստան ու 11 տարեկանում հանձնել Նուբարաշենի մանկատուն։ Կամիլան քրոջը հանդիպել է ճամբարում, որտեղ հանգստանում էին մանկատների երեխաները։ Դաստիարակներն են նրան ուղղորդել, թե՝ տես, քեզ ինչ նման է։ Ու քույրերը գտել են միմյանց։ Հիմա Կամիլան քրոջ հետ նամակագրական կապի մեջ է։ Ցավոք, լիարժեք շփումների հնարավորություն չկա, որովհետեւ Կամիլայի քույրը ծանր հոգեկան տրավմայի մեջ է։ «Նա սպասումներից, ապրումներից, մորս սպասելուց՝ հիմա բժիշկների ձեռքում է, 27 տարեկան է։ Ասում էր, որ մորաքույր ունենք, որ ապրում է Գյումրիում, խնդրում էր, որ մորաքույրս գոնե մեզ վերցնի, պահի։ Բայց ինչ կարող ենք անել, մորաքույրս ամուսնացած է։ Քրոջս հոգեբույժը ինձ այցելում է, որ հանկարծ ես էլ նույն վիճակում չհայտնվեմ»։ Կամիլան ցավով է նայում մանկատան իր այն ընկերուհիներին, ովքեր այսօր փողոցում են փող աշխատում։ Նա որոշել է գնալ հետ՝ Գավառ եւ աշխատել այնտեղ իբրեւ վարսավիր, «որովհետեւ քաղաքում շատ վարսավիր կա, աշխատանք գտնելը դժվար է։ Ուզում եմ նորից այնտեղ վերադառնամ, ինձ պահողներին փորձեմ ինչ-որ չափով օգնել…»։ Կամիլան որոշել է ամուսնանալ միայն այն ժամանակ, երբ հիմնական աշխատանք կունենա, որպեսզի կարողանա իր երեխայի համար հնարավորինս բարեկեցիկ կյանք ապահովել։ «Մանկատանը հայտնվեցինք հորս վրձնի գործով» Շուրա Գեւորգյանն այն քչերից է, որ ընտանիք ունի։ Նա ամուսնացել է մանկատան սանի հետ։ Ունեն երեխա, որ իրենց հարազատ երեխան չէ, իսկական մայրը դարձյալ մանկատան սան է եղել։ Շուրան իր ընտանիքով ապրում է Էջմիածնում, ինչ-որ բնակարանում։ «Հորս տեղն էլ գիտեմ, մորս տեղն էլ, բայց դա էական չի,- ասում է Շուրան։- Հայաստանում են ապրում։ Հիմա արդեն գիտենք՝ ով է մեղավոր։ Հայրս է մեղավոր, մորս չեմ մեղադրում։ Մայրս հորս վրձնի գործով ընկել է հիվանդանոց, մեզ մի տարի քույրս է պահել, 6 երեխա էինք, հետո մանկատուն ընկանք՝ Գավառ, Մեղրի, Մեղրիից՝ փողոց։ Մայրս հիմա ամուսնացած է, երեխաներ չունի, ես եմ նրա երեխան»։ Շուրան իր խոսքում անընդհատ շեշտում էր, որ մայրը մեղավոր չէ, որ մայրը չի լքել իրենց։ Եվ ընդհանրապես, մեր բոլոր զրուցակիցների մեջ բնավ թշնամանք չէր զգացվում իրենց մայրերի հանդեպ։ Տպավորությունն այնպիսին էր, որ եթե հիմա նրանց մայրերը գային, նրանք մեկ վայրկյանում կմոռանային մանկատանն ապրած իրենց ամենածանր օրերն ու կնետվեին մայրերի գիրկը։ Հոգեբանը Շուրային հարցրել էր, թե ինչ երազանք ունի. «Չկարողացանք պատասխանել, որովհետեւ այնքան խնդիր ունենք, ես չեմ ասում ուզում ենք կասմանավտ դառնանք, ուղղակի ընտանեկան խնդիրների լուծում ենք ուզում։ Վայեննի բիլետ չունեմ, հին անձնագիր ունեմ, տանը դրած է, ոչնչի պետք չի, պարզապես նկարս է մեջը, չեմ գցում»։ Ծրագրի մասին ՀՕՄ-ը «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում առաջիկա տարիներին մանկատան 56 շրջանավարտների հետ բազմաթիվ աշխատանքներ կիրականացնի՝ բժշկահոգեբանական, իրավական, կրթական ոլորտներում։ Այս ծրագիրը գործի է դրվել 2003-ից եւ իրականացրել է «Հայ ժողովրդավարական ֆորումը»։ Այս տարվանից գործը վստահվել է ՀՕՄ-ին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, եւ ողջ գումարը կփոխանցվի պետբյուջե, իսկ ՀՕՄ-ը սոցապնախարարության հետ կիրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ծրագրում նախ կընդգրկվեն նվազագույնը 7-8 տարի մանկատանն ապրած շրջանավարտներն ու հաշմանդամները: Մինչեւ տարեվերջ նրանք կապահովվեն բնակարաններով: Այժմ շրջանավարտների հետ քննարկվում է, թե ով որտեղ է նախընտրում բնակվել եւ այլն: Ծրագրի պատասխանատու Աննա Մնացականյանն ասում է, որ 1991-2003թթ. մանկատան շրջանավարտները բարձիթողի վիճակում են եղել, պետությունը նրանցով չի զբաղվել։ Նրանցից շատերը չունեն նույնիսկ կարգավիճակ, փաստաթղթեր, ինչից էլ աշխատանքները պետք է սկսի կազմակերպությունը։ «Այսօր մանկատներ՝ ստուգողներ են գնում եւ նկատողություն անում, որ շրջանավարտներին պահում են իրենց մոտ, բայց ի՞նչ անեն, եթե այդ երեխաները գնալու տեղ չունեն»։ Այս շրջանավարտների հետ, ըստ Ա. Մնացականյանի, նախ սոցիալական, հոգեբանական աշխատանք է պետք, որովհետեւ նրանք չեն պատկերացնում կյանքը՝ մանկատնից դուրս։ Կազմակերպությունն այս ծրագրում ընդգրկելու համար նախ ընտրել է այն երեխաներին, որոնց կարգավիճակը պարզ չէ, «ոչ ոքի հայտնի չէ, թե մանկատնից դուրս գալով ինչ է եղել այդ երեխաների հետ։ Ծանր էր ընտրությունը, որովհետեւ ճակատագրերի հետ ես խաղում, առաջնայնություն տվեցինք այն երեխաներին, որոնք գոնե 7-8 տարի մանկատուն են հաճախել»։ Իսկ սոցիալական որբերը, ովքեր մանկատանն են հայտնվել 90-ականների սկզբին, դեռեւս ծրագրի մեջ չեն մտնի։ Նրանցից շատերի ընտանիքներին նույնիսկ որոշակի օգնություն է ցուցաբերվել, որպեսզի այդ երեխաները վերադառնան իրենց ընտանիք։ Ծրագրում ընդգրկված 56 շրջանավարտներին պարբերաբար կմատուցվեն կրթական, իրավաբանական եւ առողջապահական-հոգեբանական ծառայություններ։ «Սեմինարներին հրավիրում ենք մարդկանց, ովքեր, ասենք, ունեցել են ծանր մանկություն, նրանք պատմում են իրենց մասին, որպեսզի երեխաները համոզվեն, որ կյանքը բոլորի համար էլ դժվար է՝ լինես մանկատան սան, թե ոչ»։ Ծրագրի հոգեբաններ Արմինե Գմյուռ-Կարապետյանն ու Սրբուհի Կուկուրյանն ասում են, որ այս երեխաների մեջ ավելի շատ է հուսալքությունը, անվստահությունը, անապահով են զգում, կյանքի նկատմամբ հավատն առանձնապես մեծ չէ։ Դժվարությամբ են նույնիսկ հավատում, որ դրական լուծում կստանա իրենց որեւէ խնդիր, որ բնակարան կստանան։ «Նրանք խոցելի խումբ են, ավելի ընկճված, ինքնագնահատականը ցածր, որպես անհատ կայացած չեն զգում։ Նրանք նույնիսկ հոգեբան-հոգեբույժ տարբերությունը չգիտեն եւ հաճախ իրենց հիվանդ են զգում ու խուսափում են հոգեբանի հետ շփվելուց։ Բայց մի «առավելություն» ունեն՝ պայքարի ձեւերը նրանց մեջ զարգացած, կոփված են»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել