Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 10,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երրորդ

ԶՎԱՐՃԱԼԻ ՏԱՆԳՈ

– Որ ուշ ես տուն գնում՝ տանը վրադ չեն խոսո՞ւմ,- ինձ հարցրեց Լիզան:

– Վրես չեն խոսում, բայց մինչեւ տուն չեմ գնում՝ չեն քնում,- ասացի ես:

– Ո՞վ չի քնում. մա՞յրդ,- հարցրեց Լիզան:

– Հա,- ասացի ես:

– Ես էդ իմաստով համեմատաբար ազատ եմ,- ասաց Լիզան:

– Պարզ ա,- ասացի ես.- ծնողներդ գյուղում են, դու՝ էստեղ:

– Հա,- ասաց Լիզան.- բայց մեծ քույրս ծնողներիս փոխարինելու փորձեր է անում:

– Ի՞նչ իմաստով:

– Դաստիարակչական իմաստով: Որ ուշ եմ տուն գնում՝ վրաս խոսում է:

– Շուտ-շուտ ե՞ս ուշ տուն գնում:

– Պատահում է,- ասաց Լիզան.- որ կուրսի էրեխեքից մեկնումեկի ծնունդն ենք նշում՝ ուշ եմ տուն գնում:

– Որ քույրդ ուշ ա տուն գալի՝ դու էլ իրա վրա ե՞ս խոսում,- հարցրի ես:

– Ինքը երբեք ուշ տուն չի գալիս: Դասերը որ չլինեին՝ ընդհանրապես տանից դուրս չէր գա: Առավոտից իրիկուն տանը կնստեր ու գիրք կկարդար:

– Ի՞նչ ա կարդում:

– Ի՞նչ չի կարդում: Ինչ ձեռքն ընկնում է՝ կարդում է: Փաստորեն, քույրս ճիշտ իմ հակապատկերն է:

– Դու կարդալ չես սիրո՞ւմ:

– Կարդալ սիրում եմ, բայց առավոտից իրիկուն տանը նստել չեմ սիրում: Որ թողնեն՝ ամբողջ օրը դրսերում կֆռֆռամ:

– Ո՞վ չի թողնում:

– Ասացի՝ քո՛ւյրս: Որոշել է մայրություն անել:

– Որ թողնի՝ ո՞ւմ հետ պիտի դրսերում ֆռֆռաս:

– Ընկերուհիներիս հետ, կամ էլ՝ մենմենակ:

– Մենմենակ հետաքրքիր ա՞ որ:

– Շա՜տ: Շատ եմ սիրում մենմենակ զբոսնել ու մտածել:

– Ի՞նչ ես մտածում:

– Ամեն ինչ:

– Բայց որ բանասիրական ես սովորում, ստիպված մեկ-մեկ էլ պիտի գիրք կարդաս:

– Որ չկարդայի՝ դժվար թե գերազանցիկ լինեի: Այնպես որ, երբեմն-երբեմն կարդում եմ:

– Նույնիսկ «Էստոնական երգն» ես կարդացել:

– Նեղացել ե՞ս:

– Ինչի՞ց:

– «Էստոնական երգի» հաշվով կատակ էի անում,- աջ ձեռքը նույնպես ուսիս դնելով՝ ասաց Լիզան:

Ես ձախով եւս գրկեցի Լիզայի մեջքը, եւ դա պարելու նախընտրածս ու սիրածս ձեւն էր, ու մարմնովս մեկ չափազանց տաք հոսանք անցավ, ու Նորոն կրկներգին անցնելով՝ երգեց. «Չէ՜, ինձ չէի՜ր, չէի՜ր սիրում, թե չէ – ի՞նչ է – բա՞րդ էր այդքան- գտնել երեք անուններում իմ անունը գեթ մի անգամ»:

– Լավ երգ է, չէ՞,- ասաց Լիզան:

– Հա,- ասացի ես:- Նոր-նոր սկսում եմ էս երգի բառերը հասկանալ:

– Որովհետեւ Վաչե Հովսեփյանն ընդամենը շվվացրել էր:

– Դրանից հետո էս երգը հազար անգամ ռադիոյով լսել եմ:

– Հազար անգամ լսել ես ու նոր ե՞ս բառերը հասկանում:

– Հա,- ասացի ես:

– Ուրեմն՝ նոր ես հասունացել,- ծիծաղեց Լիզան:

– Էլի ե՞ս ձեռ առնում,- նեղացա ես:

– Ձեռ չեմ առնում,- ասաց Լիզան.- ուղղակի մի բան պիտի ասեմ՝ ասում եմ: Հո լուռումունջ չե՞նք պարի:

– Գոնե լավ բան ասա:

– Մեր էս վիճակում կամ պիտի սեր բացատրվենք կամ էլ՝ պիտի ջրիկանանք,- ծիծաղեց Լիզան:

– Սեր բացատրվենք,- առաջարկեցի ես:

– Էդ տարբերակն ավելի՞ ես գերադասում,- ժպտաց Լիզան:

– Հա,- ասացի ես.- մեր էս վիճակում, փաստորեն, էդ միակ տարբերակն ա:

– Ոչ թե՝ միակ տարբերակն ա՛, այլ՝ միակ տարբերակն է՛,- ասաց Լիզան.- փողոցի լեզվով չի՛ կարելի սեր բացատրվել:

– Դու է՛լ ես մեկումեջ փողոցի լեզվով խոսում,- ասացի ես:

– Քո ջրերն եմ ընկնում,- ժպտաց Լիզան.- փորձում եմ քեզ հարմարվել:

– Լա՜վ հարմարվող ես,- ժպտացի ես:

– Բայց Թամրազյանի հետ լավ էլ գրական ես խոսում:

– Իրա հետ ստիպված եմ գրական խոսում:

– Զգացի՞ր:

– Ի՞նչը:

– Ուշադիր լսիր երգը:

– Ուշադիր եմ լսում:

– Գլխի չես ընկնո՞ւմ:

– Ի՞նչը:

– Գլխի չես ընկնո՞ւմ, որ Նորայրը երգը նորից է սկսել՝ ամենասկզբից:

– Հա. ոնց որ նորից ա սկսել:

– Կարո՞ղ ես կռահել՝ ինչու նորից սկսեց:

– Թամրազյանի տված տասանոցի դիմաց հո ընդամենը մի անգամ չէ՞ր երգի:

– Չկռահեցիր:

– Դե դու ասա:

– Նորայրը զգաց, որ ես ու դու սեր ենք բացատրվում, դրա համար էլ նորից սկսեց, որ մեր պարը շարունակվի, ու մեր բացատրությունը կիսատ չմնա:

– Հնարավոր ա,- ասացի ես:- Բայց բոլոր դեպքերում Թամրազյանի տված տասանոցն իրա դերը խաղացել ա:

– Շատ պրոզայիկ մարդ ես,- ասաց Լիզան.- զարմանում եմ՝ ոնց ես բանաստեղծություն գրում:

– Ո՞վ ա բանաստեղծություն գրում,- ցնցվեցի ես.- էդ արդեն վրես հաստատում ե՞ս:

– Եթե բանասիրական ես սովորել, հնարավոր չի, որ բանաստեղծություն չգրես:

– Չե՛մ գրում:

– Նախկինում է՞լ չես գրել,- խորամանկ ժպտաց Լիզան:

– Նախկինում է՛լ չեմ գրել,- ասացի ես:

– Դե երդվիր, որ չես գրել:

– Մենակ էդ էր պակաս, որ բանաստեղծության համար էլ երդում ուտեմ:

– Լսի՛ր,- ասաց Lիզան.- ուշադիր լսիր՝ ինչպես է Սեւակը սիրո խոստովանություն անում:

– Հետո նստում ուրախ ու գոհ երեքնուկի թուփ էինք քաղում եւ այդ ծանոթ երեքնուկով «սիրեմ-սիրեմ» անվերջ խաղում,- ծոր տվեց Նորոն:

– Ոչ մի խոստովանություն էլ չի անում,- ասացի ես.- մի գլուխ էդ ծաղկի մասին ա պատմում:

– Ի՞նչ ծաղիկ,- ասաց Լիզան.- թո՛ւփ է. ասում է՝ «երեքնուկի թուփ էինք քաղում»:

– Թուփ ա ասում, բայց ծաղի՛կը նկատի ունի:

– Էդ երեքնուկը սիրո խորհրդանի՛շն է,- ասաց Լիզան:- Ասում է՝ երեքնուկով «սիրեմ-սիրեմ» էինք խաղում:

– Երեքնուկով ո՞նց են «սիրեմ-սիրեմ» խաղում,- հարցրի ես:

– Երեքնուկի թերթիկները մեկ առ մեկ պոկում են ու մտքներում բան են պահում:

– Հետո՞:

– Որ թերթիկները պոկում են, մտովի ասում են՝ սիրում եմ-չեմ սիրում, սիրում եմ-չեմ սիրում, սիրում եմ…

– Հո՛պ:

– Քեզ ի՞նչ պատահեց:

– Սիրում ես:

– Չես ուզո՞ւմ երգը բացատրեմ:

– Դո՞ւ պիտի էդ երգն ինձ բացատրես. ես էդ երգը տասը տարի առաջ եմ լսել:

– Ե՛րգը չես լսել. ընդամենը շվշվոցն ես լսել: Կյանքումդ երեքնուկ տեսած կա՞ս:

– Չէ: Գյուղացի աղջիկ ես. դո՛ւ պիտի երեքնուկ տեսած ըլնես:

– Գյուղացի՞ն ինչ կապ ունի:

– Գյուղը ծաղիկների հետ ավելի կապ ունի, քան՝ քաղաքը:

– Գյուղն ավելի շուտ թրիքի հետ կապ ունի: Գյուղը որ ծաղիկների հետ կապ ունենար՝ չէինք գա լցվի քաղաք: Քաղաքում ավելի շատ ծաղիկ կա:

– Քաղաքում որտե՞ղ ծաղիկ կա:

– Ծաղկի խանութներում, կամ էլ՝ հենց թեկուզ բուսաբանական այգում:

– Բուսաբանական այգում երեքնուկ կա՞:

– Իհա՛րկե:

– Աչքովդ տեսել ե՞ս, թե՞ ենթադրում ես:

– Ես ընդհա՛նրապես երեքնուկ տեսած չկամ:

– Ինձ թվում ա՝ երեքնուկը գյուղական ծաղիկ ա. պիտի որ տեսած ըլնեիր:

– Ղափանը որ քաղաք էր՝ Երեւանն ո՞ւր էր:

– Երեւանն արդեն 2759 տարեկան ա:

– Էրեբունի՛ն չեմ ասում:

– Համ էլ՝ դու Ղափանի մեջից չես. գյուղերից ես, չէ՞:

– Ծնողներս երկուսն էլ Ղափանի միջից են, բայց որ պապային գյուղում ուսմասվար են նշանակել, եկել ու մնացել են գյուղում:

– Դու էս երգը սխալ ես բացատրում:

– Դո՛ւ ճիշտ բացատրիր. լսո՛ւմ եմ:

– Էդ երեքնուկի թերթիկները պոկելուց ո՛չ թե մտածում են՝ սիրում եմ-չեմ սիրում, այլ մտածում են՝ սիրո՞ւմ ա, թե՞ չի սիրում:

– Բավական չի՞ փողոցի լեզվով սեր բացատրես:

– Ես ե՛րգն եմ բացատրում:

– Շարունակիր բացատրել. ուշադիր լսում եմ:

– Երեւի Սեւակը երիցուկն ա նկատի ունեցել. սովորաբար երիցուկո՛վ են սիրեմ-սիրեմ խաղում:

– Շատ ե՞ս խաղացել:

– Մտքովս էլ չի անցել. էրեխա՞ եմ, ինչ ա:

– Սեւակը երեխա՞ է:

– Սաղ բանաստեղծներն էլ էրեխա են: Ինքը հաստատ երիցուկն ա նկատի ունեցել:

– Հաստատ չես կարող ասել: Երկուսս էլ, փաստորեն, երեքնուկ չենք տեսել: Եթե անունը երեքնուկ է, ես ենթադրում եմ, որ երեք թերթիկներ ունի: Այսինքն, Սեւակը ճիշտ է:

– Աստված տա՝ ճիշտ ըլնի: Լսո՞ւմ ես:

– Ի՞նչը:

– Նորոն երրորդ կռուգն ա ֆռռում. նորից ամենասկզբից սկսեց:

– Աչքդ լույս:

– Քոնն է՛լ:

– Տեսնում է, որ սեր ենք բացատրվում:

– Տասանոցն իրա գործն արել ա: Համ էլ՝ Թամրազյանենք ավելի՛ ջիգյարով են բացատրվում, քան՝ մենք:

Արդեն պարողներիս եւս երեք զույգեր էին միացել, եւ, ըստ երեւույթին, Նորոն հենց է՛դ պատճառով երգը եւս մեկ անգամ ամենասկզբից սկսեց, որպեսզի նոր միացածների պարը մի քիչ էլ շարունակվի:

Էդ թվերին մեր ռեստորաններում տանգո պարելն առանձնապես ընդունված չէր, եւ եթե պարում էին, հիմնականում ռուս աղջկերքի հետ էին տանգո պարում ու մեկ էլ է՛ն հայ աղջկերքի, որոնց վարքը կասկածի ենթակա էր, ու մեզ հետ էդ պահին շրջան մտած աղջկերքից մեկը ռուս էր, իսկ մյուս երկուսը՝ ալաբուլա, եւ երեւի մերոնց՝ Նորայի ու Լիզայի հաշվով էլ ուրիշնե՛րն էին նույն բանը մտածում, որովհետեւ, էլի եմ ասում, էն թվերին հե՛չ ընդունված չէր, որ նորմալ հայ կինը ռեստորանում պարեր, առավել եւս՝ տանգո, ավելի ճիշտ՝ էն թվերին նորմալ հայ կինն ընդհա՛նրապես ռեստորան ոտք չէր դնում:

Թամրազյանը Նորայից ստացած տասանոցները պիջակի գրպանն էր լցրել, եւ երբ Նորոն երրորդ անգամ «Երեքնուկն» սկսեց, Թամրազյանը Նորային պարացնելով տարավ նվագախմբի մոտերքն ու պիջակի գրպանից եւս մի տասանոց հանելով՝ խոթեց Նորոյի գրպանն, ու Նորոն այս անգամ արդեն որեւէ դիմադրություն ցույց չտվեց, որովհետեւ երգում էր ու չէր կարող երգը դադարեցնել, կամ էլ, երրորդ անգամ նույն երգը վերսկսելով, Նորոն երեւի մտածեց, որ ինքը միանգամայն վաստակել է Թամրազյանի էդ, ուրեմն, երկրորդ տասանոցը, եւ քիչ անց, երեւի Թամրազյանից օրինակ վերցնելով, ռուս աղջկա բեղավոր ու ցմփոր զույգն է՛լ Նորոյի գրպանը մի կապտականաչավուն թղթադրամ ճխտեց, եւ ճխտածը երեւի երեքանոց կամ, ամենաշատը, հինգանոց էր, բայց հաստատ՝ ո՛չ տասանոց, որովհետեւ ես շատ ուշադիր էի շուրջբոլորս նայում ու զննում, քանի որ, ինչպես արդեն խոստովանել եմ, Լիզայի պես ի՛նքս էլ առաջին անգամ էի ռեստորան ոտք դնում եւ առաջին անգամ լինելով՝ նկատեցի ու տեսա, որ ռուս աղջկա բեղավոր ու ցմփոր զույգն իր տված շաբաշից շա՛տ ավելի գոռոզացավ, քան՝ արդեն երկու տասանոց զոհաբերած Թամրազյանը, ու դրա պատճառը երեւի նաեւ այն էր, որ Թամրազյանը միանգամայն անցանկալի փողերից էր իրեն ազատագրում, իսկ ռուսի ցմփոր ու բեղավոր զույգն իր կապտականաչավուն թղթադրամը զոհաբերելով՝ ո՛չ միայն հպարտ ձգվեց ու փորն առավել ցցեց, այլեւ հավելյալ ինքնավստահությամբ տոգորվելով՝ փողը տված իր ձախով եւս գրկեց ռուս պարընկերուհու բարալիկ մեջքը, այսինքն՝ էդ պահի դրությամբ բեղավոր փորավորը պարողներիցս միակն էր, որ երկու ձեռքերով էր գրկել իր պարընկերուհու մեջքը, որովհետեւ մինչ այդ Լիզան արդեն իմ ձախ ափն իր մեջքից նրբորեն կտրելով՝ վերստին առել էր իր ափի մեջ, ու քանի որ Լիզայի պես ե՛ս էլ էի առաջին անգամ ռեստորան ոտք դրել, ո՛չ միայն ուշադիր շուրջբոլորս էի նայում ու զննում, այլեւ ներկաներից օրինակ էի վերցնում ու բեղավորից անմիջապես օրինակ վերցնելով՝ ձախով բռնածս Լիզայի աջը մեղմորեն դրի ուսիս եւ ձախովս վերստին գրկեցի Լիզայի պարարտ մեջքը ու չնայած էդ բանը միանգամայն սահուն ու աննկատ արեցի, բայց Լիզան ժպտաց ու ասաց.

– Էդպես ավելի՞ լավ է:

– Ի՞նչը նկատի ունես,- հարցրի ես:

– Էդպես՝ երկու ձեռքով գրկած ավելի՞ հարմար է:

– Հա,- խոստովանեցի ես:

– Հարմա՞ր է, թե՞ հաճելի,- խորամանկ ժպտաց Լիզան:

– Հա՛մ հարմար ա, հա՛մ էլ՝ հաճելի:

– Բա ինչո՞ւ կարմրեցիր,- շարունակեց ժպտալ Լիզան:

– Կարմրե՞լ եմ:

– Էն էլ ո՜նց:

– Կարմիրն իմ բնական գույնն ա:

– Քո բնական գույնն արդեն գիտեմ,- ասաց Լիզան.- հիմա շա՜տ ես կարմրել:

– Իմ բնական գույնը, պլյուս՝ խմածությունս,- ասացի ես.- բնական ա, որ պիտի ավելի կարմրեի:

– Չէ,- ասաց Լիզան.- մեջքս երկու ձեռքով գրկելուց հետո ավելի՛ կարմրեցիր:

– Հնարավոր ա,- ասացի ես:

– Երեւի ամաչեցիր:

– Ամոթը մարդու համար ա:

– Փոխանակ ե՛ս ամաչեմ, դո՞ւ ես ամաչում:

– Դո՞ւ խի պիտի ամաչես:

– Որովհետեւ անձամբ ի՛մ մեջքն ես երկու ձեռքով պինդ գրկել:

– Բա ո՞ւմ մեջքը գրկեմ:

– Բան չունեմ ասելու:

– Հարմար չի՞:

– Ե՛վ հարմար է, ե՛ւ հաճելի,- ժպտաց Լիզան:

– Դու է՛լ ես կարմրել,- ասացի ես:

– Մոռանում ես, որ ես է՛լ եմ ահագին խմել,- ասաց Լիզան:- Տես՝ Թամրազյանն է՛լ է կարմրել:

– Ինքն էլ ա՞ ամաչում:

– Ամաչելուց չի:

– Ինքը մեզնից շատ ա խմել:

– Խմելն է՛լ հիմնական պատճառը չի,- ասաց Լիզան.- ուզո՞ւմ ես՝ մեր կարմրելու գլխավոր պատճառն ասեմ:

– Ասա՛,- ասացի ես:

– Մենք շուտ ենք կարմրում, որովհետեւ երեքս էլ սպիտակամաշկ ենք:

– Ճիշտ ես ասում,- համաձայնվեցի ես.- տես՝ էն ռուս աղջկա հետ պարող բեղավոր չաղը հեչ չի կարմրել, որովհետեւ ինքը սեւամորթ ա:

– Սեւամա՛շկ,- ինձ ճշտեց Լիզան:

– Ամեն դեպքում, սպիտակամաշկերն է՛լ առանց պատճառի չեն կարմրում:

– Պատճառ միշտ էլ գտնվում է:

– Թամրազյանը շատ խմեց,- ասացի ես.- մի շիշը համարյա մենակ խմեց:

– Ես է՛լ քիչ չխմեցի,- ասաց Լիզան.- արդեն երեք բաժակ խմել եմ:

– Առաջին անգամվա համար շա՜տ-շատ ա:

– Առաջին անգամը չի. երկրորդ անգամն է,- ասաց Լիզան.- առաջին անգամ մեր վիպուսկնոյի ժամանակ եմ խմել. շատ զզվելի էր:

– Էսօր լավ էլ խմում ես:

– Էսօր մի տեսակ հեշտ է գնում. նույնիսկ հաճելի է:

– Կամաց-կամաց կվարժվես:

– Բայց դու լավ էլ գլուխ էիր պահում:

– Ի՞նչ իմաստով:

– Հենց խմելո՛ւ իմաստով:

– Մեջներիցս մեկը պիտի օյաղ մնա,- ծիծաղեցի ես:

– Բաժակիդ կեսն է՛լ չէիր խմում:

– Ի՞նչ գիտես:

– Ուշադիր հետեւում էի:

– Իմ նկատմամբ շատ ուշադիր ես:

– Փոխարենը՝ մի գլուխ ծխում-բքում ես. երեւի դարդերդ շատ են:

– Դարդերից չի:

– Բա ինչի՞ց է:

– Օրգանիզմի հարց ա,- ասացի ես.- մեկի օրգանիզմը խմիչք չի ընդունում, մյուսինը՝ ծխախոտ:

– Ճիշտ ես ասում,- ասաց Լիզան.- իմ օրգանիզմը ծխախոտ ընդհա՛նրապես չի ընդունում:

– Փորձել ե՞ս:

– Մի քանի անգամ,- ասաց Լիզան:- Մեր կուրսի աղջիկներից մի քանիսը ծխում են. ես էլ եմ մի քանի անգամ փորձել, բայց՝ քիչ է մնացել խեղդվեմ: Եվ, բացի այդ, ծխի համը շատ զզվելի է:

– Ուրեմն՝ օրգանիզմդ չի՛ ընդունում:

– Հա,- ասաց Լիզան.- ծխելն ինձ մոտ ինչ-որ չի ստացվում:

– Բայց ինչի՞ ես ուզում, որ ստացվի:

– Թարսի պես՝ մեր կուրսի հենց է՛ն աղջիկներն են ծխում, որոնց հետ մոտիկություն եմ անում: Իրենք մի գլուխ ծխում ու բքում են, իսկ ես նստում ու ապուշի պես իրենց եմ նայում. մի տեսակ նույնիսկ անհարմար էլ է:

– Ուրեմն, ծխողների հետ ե՞ս ընկերություն անում:

– Մաքուր աղջկերք են,- ասաց Լիզան.- մտքովդ ուրիշ բան չանցկացնե՛ս:

– Մտքովս ոչ մի բան էլ չեմ անցկացնում,- ասացի ես:- Ուզում եմ ասեմ՝ օրգանիզմդ որ չի ընդունում, չպիտի՛ ծխես:

– Երեւի Թամրազյանի օրգանիզմն էլ ծխախո՛տ չի ընդունում,- ասաց Լիզան.- ինքը շատ է խմում, բայց, փաստորեն, չի ծխում:

Հիմա, երեսուն տարի անց, երբ Լիզայի էդ ասածը հիշում ու գրի եմ առնում, նաեւ հիշում եմ, որ սրանից մի տասը տարի առաջ, երբ «Նաիրի» հրատարակչության կոլեկտիվի հետ գնացել էի Սեւան՝ քեֆի, Թամրազյանի որդին՝ Հրաչը, որ էդ հրատարակչության տնօրենն էր ու հիմա էլ է՛, խմելու մի էնպիսի՛ օրինակ ցույց տվեց, որ առ էսօր հիշում ու զարմանում եմ, ու էդ օրը հաճախ եմ հիշում, որովհետեւ էդ օրը միանգամայն հանկարծակի միացա իրենց, ու իրենց կոլեկտիվում էդ օրը հայտնվելս հակառակ իմ ցանկության տեղի ունեցավ, ու ես էդ առավոտ ընդամենը տնից դուրս էի եկել ծխախոտ առնելու, ընդ որում՝ շորերս էլ չէի փոխել ու տան շորերով էի՝ սպորտային համազգեստով, եւ երբ ծխախոտի կրպակից մի քանի տուփ ծխախոտ առա ու էլի տուն էի վերադառնում, հանկարծ հետեւիցս ավտոմեքենայի շատ ուժեղ ազդանշան լսեցի եւ երբ շրջվեցի՝ էդ ազդանշան տվող ավտոմեքենայի դիմապակուց Հրաչի ճառագող դեմքը տեսա, ու որ Հրաչին տեսա՝ բնականաբար մոտեցա, եւ երբ ինքն ասաց, որ նստեմ ավտոմեքենան, բնականաբար հետեւի դուռը բաց արի ու նստեցի իր էդ ծառայողական մեքենան, եւ երբ ինքը վարորդին ասաց՝ «գնացի՛նք», միայն էդ ժամանակ սթափվեցի ու Հրաչին հարցրի՝ «ո՞ւր»:

– Հեռու չենք գնում,- ասաց Հրաչը:

– Գոնե մտնեի տուն՝ շորերս փոխեի,- ասացի ես:

– Քեզ ավտոյով հետ կբերենք տուն,- ասաց Հրաչը.- ընենց որ՝ շոր փոխելու կարիք չկա:

– Բայց ո՞ւր ենք գնում,- հարցրի ես:

– Հրատարակչություն,- ասաց Հրաչը.- ժողովուրդն էնտեղ մեզ ա սպասում:

– Ի՞նչ ժողովուրդ,- զարմացա ես:

– Մեր կոլեկտիվը,- ասաց Հրաչը.- ավելի ճիշտ՝ քո՛ կոլեկտիվը.- մոռացե՞լ ես, որ վախտին էդ կոլեկտիվի անդամն ես էղել:

– Գոնե մտնեի տուն՝ շորերս փոխեի ու փող վերցնեի,- շիվարած ասացի ես:

– Փողն ի՞նչ ես անում. փողը ձեռի կեղտ ա,- ասաց Հրաչը:- Ծխախոտ էլ մի քանի տուփ առել ես. բոլ-բոլ ա:

– Ինչի՞ն ա բոլ,- հարցրի ես:

– Սեւան ենք գնում,- ասաց Հրաչը:

– Ի՞նչ Սեւան,- ապշեցի ես.- բա ասում ես՝ հրատարակչությո՞ւն ենք գնում:

– Սկզբում հիմնարկ կմտնենք, հետո էնտեղից՝ Սեւան: Կոլեկտիվը մեզ ա սպասում,- ասաց Հրաչը:

– Էլ հրատարակչություն մտնելն իմաստ չունի, ընկե՛ր Թամրազյան,- ժամացույցին նայելով՝ ասաց վարորդը.- ավտոբուսը տասնմեկին պիտի շարժվեր. հիմի արդեն անց կես ա. իրանք արդեն ճամփեքին կըլնեն:

– Որ էդպես ա՝ ուղիղ Սեւան քշի, Յուրա՛ ջան,- ասաց Հրաչը:

– Ո՞նց Սեւան քշի,- ապշեցի ես:

– Յուրան իմ շոֆերն ա,- ծիծաղեց Հրաչը.- ուր ասում եմ՝ քշում ա: Մի քիչ որ արագ քշի՝ մինչեւ Հրազդան մերոնց կհասնենք:

– Ձերոնք ո՞վ են,- շիվարեցի ես:

– Շատ անջիգյար ես,- ասաց Հրաչը.- կոլեկտիվիդ լրիվ մոռացել ես: Տարիներով կորում ես՝ չես էրեւում:

– Փաստորեն, Սեւան ենք գնում,- ասացի ես:

– Հա,- ասաց Հրաչը.- Սեւ ծով գնալու հնարավորություն չունենք:

– Գոնե մտնեի տուն՝ լողազգեստ-բան վերցնեի,- ասացի ես:

– Լողազգեստը հասկացանք, բա բա՞նը որն ա,- ծիծաղեց Հրաչը:

– Շորերս կփոխեի ու լողազգեստ կվերցնեի,- ասացի ես:

– Լողի մրցումների չենք գնում,- ասաց Հրաչը.- ուտել-խմելու ենք գնում:

– Իչքան հասկանում եմ, դուք արդեն կերած-խմած եք,- ասացի ես:

– Էս արդեն սկսել ես հետս դուքով խոսե՞լ,- ծիծաղեց Հրաչը:

– Քեզ ու Յուրային նկատի ունեմ,- ասացի ես:

– Ես մի կաթիլ չեմ խմել, պարո՛ն Շեկոյան,- ասաց Յուրան:

– Էս արդեն հետս պարոնով ե՞ս խոսում,- ասացի ես.- էն վախտերը՝ որ շեֆդ էի, հետս պարոնով չէիր խոսում:

– Էն վախտերը պարոնը մոդա չէր,- ասաց Յուրան:

– Ասում ես՝ խմած չե՞ս,- հարցրի Յուրային:

– Ես ռույլի վրա վաբշե չեմ խմում,- ասաց Յուրան:

– Որ խմած չես՝ էսքան ասելուցս հետո խի՞ ավտոդ չես կանգնացնում,- հարցրի ես:

– Ես մենակ իմ շեֆին եմ ենթարկվում,- ասաց Յուրան:

– Քո գնալուց հետո մեր հիմնարկում շատ ուժեղ դիսծիպլինա եմ մտցրել,- ծիծաղեց Հրաչը.- Յուրան ու բոլորը սկսել են իրանց շեֆին ենթարկվել:

– Ավտոդ կանգնեցրու՝ իջնեմ, Յուրա՛ ջան,- ասացի ես:

– Ո՞ւր իջնես,- ծիծաղեց Հրաչը.- արդեն քաղաքից դուրս ենք էկել:

– Ոչինչ,- ասացի ես.- մի բան կնստեմ՝ կհասնեմ տուն:

– Էս «Ադիդասներով» հո մարշրուտնի չե՞ս նստի,- ծիծաղեց Հրաչը.- հո խայտառակ չե՞ս:

– Խայտառակն է՛ն կըլնի, որ էս «Ադիդասներով» հետներդ Սեւան գամ,- ասացի ես:

– Սաղ լավ տղերքն էլ սպարծիվկեքով են Սեւան էթում, պարո՛ն Շեկոյան,- ասաց Յուրան:

– Վատ տղերքն էլ սպարծիվկով մարշրուտնի են նստում,- ծիծաղեց Հրաչը:

– Տաքսի կնստեմ,- վճռական ասացի ես:

– Վայ թե տաքսու փող էլ չունես,- ծիծաղեց Հրաչը.- երեւի մոտիդ փողը լրիվ էդ սիգարետներին ես տվել:

– Ճիշտ գլխի ընկար,- ասացի ես:- Բայց ոչինչ. կհասնեմ տուն, տնից փող կվերցնեմ ու տաքսիստին կտամ:

– Դու ոտով ման գալ սիրում ես,- հռհռաց Հրաչն ու հռհռալով ավելացրեց.- ամենից ճիշտն է՛ն կըլնի, որ հենց էստեղ իջնես ու մայթերով վազելով գնաս ձեր տուն. տեսնողներն էլ կմտածեն, որ էդ սպարծիվկովդ մարզանքի ես դուրս էկել:

– Էդ վարիանտին է՛լ եմ համաձայն,- ասացի ես:

– Հումորդ լրիվ կորցրել ես,- ասաց Հրաչը.- արդեն Սեւան ենք հասնում, ա՛յ ախպեր:

– Որ հրատարակչություն մտած ըլնեինք, մերոնց հեռախոսով կզգուշացնեի, որ Սեւան ենք գնում,- ասացի ես:

– Անցած-գնացած բաներից ես խոսում,- ասաց Հրաչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել