Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություն ուսումնական պլանում

Հունիս 28,2006 00:00

Յուրաքանչյուր տարեվերջին ԿԳՆ-ն հաստատում
է ուսումնական պլանը, որով գալիք տարի առաջնորդվում են հանրակրթական ուսումնական
հաստատությունները: Ըստ այդմ սահմանվում են նաեւ դպրոցական արձակուրդների
օրերը: Ամեն տարվա ուսպլանով սահմանվում է ձմեռային, գարնանային, ամառային եւ աշնանային
արձակուրդներ, սակայն վերջին տարիներին հոկտեմբերին ԿԳ նախարարը լրացուցիչ հրաման
էր արձակում՝ ձմեռայինին միացնել գարնանայինն ու աշնանայինը: Պատճառն այն էր, որ
շատ դպրոցներ չունեին լոկալ ջեռուցում, իսկ ձմռան ամենացուրտ օրերին դասասենյակները
հոսանքով տաքացնել եւ անհրաժեշտ ջերմություն ապահովել հնարավոր չէր: ԿԳՆ-ն եւ քաղաքապետարանը
տարիներ շարունակ չէին համաձայնում տարբերակված մոտեցում ցուցաբերել, եւ գոնե ջեռուցման
լոկալ համակարգով ապահովված շուրջ 50 դպրոցներում ուսպլանին համապատասխան դասապրոցես
իրականացնել: Այդ դպրոցների տնօրեններից շատերն էլ չէին համաձայնում՝ որոշ չափով
ֆինանսական խնայողոթյուններ անելու համար: Թերեւս միայն թիվ 27 դպրոցն էր, որ աշխատում
էր ուսպլանի տողին հավատարիմ: Դրա պատճառով նույնիսկ տնօրեն Անահիտ Բախշյանը մի անգամ
նկատողություն է ստացել քաղաքապետարանի կրթության վարչությունից: Այս տարեվերջին
ԿԳՆ-ն մի նոր տող է ավելացրել ուսպլանի՝ արձակուրդներին վերաբերող հատվածի վերջում.
«Դպրոցն իրավասու է ինքնուրույն սահմանելու արձակուրդների ժամկետները՝ նախապես համաձայնեցնելով
ԿԳՆ-ի հետ»: Այսինքն՝ այն դպրոցը, որն ունի կաթսայատուն եւ ցանկություն՝ շարժվել
ուսպլանով, ապա նորմալ դասապրոցես կիրականացնի տարվա բոլոր եղանակներին, իսկ որը
չունի՝ իր համար արձակուրդների ժամկետներ կսահմանի: ԿԳՆ հանրակրթության վարչության
պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ նման քայլի գնալու պատճառն այն է, որ եկող
ձմռանն արդեն 100 դպրոց կապահովվի կաթսայատնով, եւ «շատի դեպքում որոշումն արդեն
կգործի»: Սակայն ուսպլանում կոնկրետ չի ասվում, թե հատկապես որ դեպքում է, որ դպրոցը
պետք է շարժվի ուսպլանով, որ դեպքում՝ ոչ: Այսինքն՝ ստացվում է, որ եթե դպրոցն ունի
լոկալ ջեռուցում, բայց տնօրենը ցանկություն չունի ձմռանը բնականոն դասապրոցես ապահովել,
ապա կարող է դիմել ԿԳՆ եւ ինքնուրույն արձակուրդների ժամկետներ սահմանել: Ի
դեպ, այս տարվա նորամուծությունը՝ 10 օր վերցնել նաեւ ամառային արձակուրդից՝ հունիս
ամսից, նույնպես չարդարացրեց իրեն: Որովհետեւ, ըստ Ն. Հովհաննիսյանի, բոլորովին նպատակահարմար
չէ հունիսի 10-ին ավարտել դասերը, իսկ 12-ից սկսել քննությունները: Բացի այդ, միջին
եւ բարձր դասարանցիները, փաստացի այդ օրերին դպրոց չեն էլ հաճախում: Եկող
տարվա համար ուսպլանով սահմանված է արձակուրդների հետեւյալ օրերը. ձմեռային՝ դեկտեմբերի
25-հունվարի 7, գարնանային՝ մարտի 19-25, աշնանային՝ հոկտեմբերի 30-նոյեմբերի 5,
իսկ 1-ին դասարանցիները՝ ամեն անգամ կհանգստանան 1 շաբաթ ավելի: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել