Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ կգա թատրոնի ժամանակը»

Հուլիս 07,2006 00:00

Հույս ունի դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ում «40 օր համբառնալուց առաջ» պիեսը (բեմադրիչ՝ Շահեն Իսմայիլյան) հուլիսի 5-ին Մայր թատրոնի բեմում խաղաց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը:

– Պարոն Խալաթյան, դժվար չէ՞ դրամատուրգի համար այս ժամանակաշրջանում ստեղծագործել եւ բեմադրել պիեսներ, երբ հանդիսատեսը կարծես թե հեռացել է թատրոնից:

– Այն, ինչն այսօր կոչվում է շոու, խայտառակում է իսկական շոուն, որը պետք է լիներ: Եթե ստեղծագործողը գրում է հանդիսատեսին ու ամբոխին դուր գալու համար, ապա դա պարզապես պատվեր է կամ փորհացի աշխատանք, այլ ոչ ստեղծագործություն: Այո, այսօր թատրոնը չունի բարձրակարգ, բարձրաճաշակ ու մեծաթիվ հանդիսատես, չունի թատերագետ ու թատերասեր մեծ թվով հանդիսատես: Կարծում եմ, դեռեւս 2-3 տասնամյակ պետք է, որպեսզի վերացվի թատրոնի եւ հասարակության խզումը, որ նոր սերունդը կարողանա հետաքրքրվել թատրոնով, իսկական թատրոնով, եւ իրեն գտնի այնտեղ: Շատ հեշտ է այսօր նոր սերնդին բերել «թատրոն»: Բերում ենք, բեմ ենք բարձրացնում մի կիսամերկ աղջիկ, մի սուտ սյուժե ենք մտածում հնդկական մոտիվներով եւ անունը դնում ենք թատրոն: Այս դեպքում մենք ավելի ենք փչացնում հանդիսատեսի ճաշակը:

– Վերջերս ձեր «Հրադադար» երկը ճանաչվեց «Գրականություն պատանիներին» ծրագրի շրջանակներում անցկացված համահայկական մրցույթի հաղթող:

– «Հրադադարը» գրվել է շուրջ 4 տարի առաջ: Ես միշտ ասել եւ ասում եմ, որ մենք հաղթած ժողովուրդ ենք, բայց մեր արվեստում չունեինք հաղթող զինվորի կերպարը ոչ միայն բեմում, այլեւ ֆիլմերում, գրքերում, չունենք մեծ կտավի աշխատանք գեղանկարներում, որը խորքային կերպով արտացոլի հայ ժողովրդի այս պատմական պատերազմը: Իրապես պատմական: Պարզապես ժամանակակիցներս դա չենք գնահատում: Եվ դա միշտ այդպես է եղել, բացառությամբ Հայրենական մեծ պատերազմի, երբ ֆաշիստները քիչ էր մնում մտնեին Ստալինգրադ, բայց արդեն պետպատվերով (այսօրվա տերմինալոգիայով ասած) ստեղծվում էին ֆիլմեր, գործեր, իբր մենք արդեն գրավել ենք Բեռլինը: Եվ դա շատ կարեւոր նշանակություն ուներ: Հարցը զուտ բարոյական կողմ չունի, կա նաեւ հարցի քաղաքական կարեւորությունը: Ժամանակակցի գրածն ավելի է կարեւորվում քաղաքական հարաբերություններ լուծելիս: Եթե մենք ասպարեզում ունենայինք ղարաբաղյան պատերազմի թեմայով նկարահանված մի ֆիլմ, կարեւոր չէ՝ այն կարժանանար կինոփառատոների մրցանակներին, թե ոչ, ունենայինք գիրք կամ գեղանկար, ապա մեր դիվանագետների գործն ավելի հեշտ կլիներ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործում: Այս պարագայում միջազգային հանրությանը թվում է, թե դա զուտ քաղաքական խնդիր է:

Շատերը կարծում են, թե մենք զավթողական պատերազմ ենք մղել ու գրավել ուրիշի հողերը: Ինչքան ուզում են մեր դիվանագետները կոկորդ պատռեն, թե դա այդպես չէ, այնուամենայնիվ, դիվանագետի խոսքն ուրիշ է, գեղարվեստորեն ասված խոսքը՝ ուրիշ: Վերջինս ժողովրդի հոգին է վեր բարձրացնում, համաժողովրդական մտածելակերպ արտահայտում: Մի խոսքով՝ ես իմ «Հրադադար» երկը դիտարկում եմ որպես արվեստագետի պարտք մեր երկրի դիվանագիտությանը: Թեման ինձ հուշել են իմ այն ընկերները, ովքեր արցախյան պատերազմի մասնակիցներ են եղել եւ ես իմ կռված ընկերների առջեւ իմ պարտքը կատարած եմ համարում: Այս պիեսում ինձ հետաքրքրել է ոչ թե չապաեւյան ոճը, թե՝ ուռա՜, գնացինք, հաղթեցինք, ջարդեցինք, այլ այն ողբերգությունը, որը ծագում էր հայ զինվորի հոգում իր դարավոր թշնամու հետ մղված պարտադրված պատերազմում:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել