Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատություն՝ աշխատավարձի չափով

Օգոստոս 08,2006 00:00

Երեկ առավոտյան Վճռաբեկ դատարանի նախագահՀովհաննես Մանուկյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նախագահները քննարկել են դատաիրավական բարեփոխումների, ինչպես նաեւ դատական համակարգի գործունեությանը վերաբերող, վերջերս ԱԺ-ի ընդունած օրենսդրական փաթեթին (Փոփոխություններ քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակի եւ Արդարադատության խորհրդի մասին օրենքներում) առնչվող հարցեր:

Վճռաբեկ դատարանի նախագահը հանդիպեց նաեւ լրագրողներին եւ ներկայացրեց 2006թ. առաջին կիսամյակում ՀՀ դատարաններում գործերի քննության վիճակագրական տվյալները, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվող դատական համակարգին առնչվող բարեփոխումները:

Այսպիսով, ՀՀ առաջին ատյանի դատարաններ մուտք է եղել 2184 քրեական գործ, որից 1503-ը քննվել է ըստ էության եւ կայացվել է դատավճիռներ, 57-ը կարճվել է, 15-ով անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, 15-ը ուղարկվել է լրացուցիչ նախաքննության, 594-ը փոխանցվել է 2006-ի երկրորդ կիսամյակ: Դատապարտվել է 1879 մարդ, որից 60-ի նկատմամբ գործերը կարճվել են, 15 անմեղսունակի դեպքում կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, 18-ի գործերը հանձնվել են լրացուցիչ քննության, 4 անձ արդարացվել է, որից 3-ը՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում, մեկը՝ Լոռու մարզի: Բողոքարկման ենթակա 1575 դատավճիռների եւ որոշումների դեմ բերվել է 417 վերաքննիչ բողոք՝ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, որից 106-ը թողնվել է առանց բավարարման եւ 30 վճռաբեկ բողոք՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերի պալատ, որից 3-ը թողնվել է առանց բավարարման: 1128 դատավճիռ 2006-ի առաջին կիսամյակում չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ: ՀՀ առաջին ատյանի դատարաններ մուտք է եղել 29176 քաղաքացիական գործ, որից 20019-ով կայացվել են վճիռներ: 2181-ը թողնվել է առանց քննության, 6976-ը փոխանցվել է 2006-ի երկրորդ կիսամյակ:

Ի դեպ, կայացված վճիռներից 57-ը վերաբերում է ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքների պաշտպանության դիմումների վերաբերյալ գործերին: Այս ամենի արդյունքում Հ. Մանուկյանը, անդրադառնալով դատախազների եւ դատավորների փոխհարաբերություններին, նշում է. «Եթե ասեմ, որ դատական համակարգը գտնվում է կայացած իդեալական վիճակում, ես արդարացի եւ ճշմարիտ չեմ լինի նախեւառաջ ինքս իմ առջեւ: Իսկ այն, որ ես դա ընդունում եմ՝ նշանակում է, որ ես հասկանում եմ այդ ուղղությամբ հրատապ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Ավելի անկախ պաշտոնյա, քան դատավորն է՝ չկա Հայաստանի Հանրապետությունում: Այն, որ դատական համակարգը կախված է դատախազությունից կամ գործադիր իշխանությունից, դա պարզապես անհեթեթություն է»:

Վճռաբեկ դատարանի նախագահը կարծիք հայտնեց նաեւ դատավորների աշխատավարձի բարձրացման մասին. «Հասարակությունը պետք է վճարի արդար եւ ճիշտ արդարադատության համար: Նա արդարադատությունը ստանում է այն չափով, ինչքանով վճարում է»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել