Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"Որպես ՀՀ նախագահի թեկնածու իր հավանական առաջադրման մասին ասում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, ձեր անունը ավելի ու ավելի հետեւողականորեն է կապվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Շատերն են համոզված, որ դուք գլխավորելու եք այս կուսակցության համամասնական ընտրացուցակը եւ դառնալու եք Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը, որ ձեր անձով է պայմանավորված Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան լարված հարաբերությունները: Որքանո՞վ են այս կարգի պնդումները ճիշտ:

– Ես իսկապես դեռ որոշում չեմ կայացրել: Ժամանակին նշել եմ, թե երբ եմ որոշում կայացնելու, ասել եմ, որ դա կլինի կամ տարեվերջին, կամ եկող տարվա սկզբին: Մինչ այդ ես իսկապես որոշում չեմ կայացնելու: Մինչեւ ես չպատկերացնեմ, թե որ կուսակցությունը ինչպիսի ուղի է ընտրել շատ բարձր նպատակների հասնելու համար, ես չեմ կարող վերջնական դիրքորոշում արտահայտել, թե որ կուսակցության մոտեցումներն են ավելի հարիր իմ մոտեցումներին: Իհարկե, չեմ բացառում, որ տվյալ կուսակցությունը եւս չուզենա ինձ հետ համագործակցել, բայց, նորից եմ կրկնում, դեռեւս չեն երեւում այն ծրագրային եւ ավելի մանրացված դրույթները, որոնք թույլ տան ինձ վերջնականապես կողմնորոշվել:

– Այնուամենայնիվ, հայտնի է, որ դուք նոր կուսակցություն չեք ստեղծելու եւ ընտրությունը կատարելու եք եղածների մեջ:

– Այո, ես նոր կուսակցություն չեմ ստեղծելու, կարծում եմ՝ ճիշտ չէ նոր կուսակցություն ստեղծելը, դա միայն բացառիկ եւ ծայրահեղ միջոց է: Այսօր ես չեմ տեսնում, որ ստեղծված է այնպիսի իրավիճակ, որ ես պետք է դիմեմ նման քայլի: Իսկ նոր կուսակցություն ստեղծելը… Ցավոք սրտի, մեզանում շատ են էգոկենտրոն կուսակցությունները, որպես կանոն՝ խարիզմատիկ լիդերով, եւ, իրականում, կարծես թե շատ թույլ կուսակցությամբ: Խոսքս չի վերաբերում, անշուշտ, բոլոր կուսակցություններին, բայց, ցավոք, մենք այսօր գրանցված ունենք ութ տասնյակից ավելի կուսակցություն, եւ ես վստահ եմ, եթե փողոցում ցանկացած անձի կանգնեցնեք եւ հարցնեք, ապա մեր բնակչության առնվազն 99 տոկոսը լավագույն դեպքում թերեւս կթվարկի վեց-ութ կուսակցություն, բայց՝ ոչ ութ տասնյակից ավելի: Դա նշանակում է՝ մնացած կուսակցությունները իսկապես չափազանց անդեմ են կամ իրականում կուսակցություն չեն:

– Եթե ընդունենք, որ դուք գնալու եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում, որ նույն այդ կուսակցության հետ է կապվում նաեւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անունը: Համաձայնեք, անհասկանալի իրավիճակ է այս դեպքում: Ի վերջո, դո՞ւք, թե՞ Վարդան Օսկանյանը:

– Տեսական նման դրույթներ երբ քննարկվում են, պարզ է, որ պետք է հակասությունների դաշտում հայտնվեն նման մեկնաբանությունները: Նորից եմ կրկնում, երբ որոշում կայացված չէ, ասում են՝ եթե այսպես լինի, եթե այնպես լինի, Կիկոսի մահի պատմությունն է հիշեցնում:

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ 2008-ին կառաջադրվեք ՀՀ նախագահի թեկնածու:

– Ես գրեթե անհնար եմ համարում:

– Իսկ եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը շատ ուզենա, որ դուք առաջադրվե՞ք:

– Գրեթե անհնար եմ համարում:

– Ինչո՞ւ:

– Մի քանի պատճառ կա: Առաջինը՝ ինձ չի հետաքրքրում այդ աշխատանքը: Երկրորդը՝ ես իմ հնարավորությունների առավել մեծ օգտագործում տեսնում եմ ոչ թե այդ պաշտոնում, այլ Ազգային ժողովում:

– ԱԺ նախագահի՞ պաշտոնում:

– Կարեւոր չէ, թե ինչ պաշտոնում:

– Վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ հակասություն կա ձեր եւ վարչապետի միջեւ, որ սպասվում է արդարադատության նախարարի փոփոխություն, եւ այդ տեղին հավակնում է Հանրապետականը՝ իր Մանուկ Թոփուզյանով:

– Որեւէ լարվածություն մեր մեջ չկա, շատ նորմալ, եւ աշխատանքային, եւ ընկերական հարաբերություններ ունենք:

– Վերջին շրջանում երկրում ավելի ու ավելի են հաճախակիացել կրակոցները, պայթյունները, ծեծն ու հաշվեհարդարը: Դուք, որպես արդարադատության նախարար, ինչպիսի՞ ելք եք տեսնում այս վիճակից:

– Այդ ամենը շատ ցավալի է, եւ այդ ամենի դեմ երկիրը իսկապես պետք է մշակի լուրջ ծրագիր, ծրագիր, որը կոչված կլինի, մի կողմից չխաթարելով մարդու իրավունքները եւ առավել պաշտպանելով դրանք, համապատասխան ձեւով ուժեղացնել իրավապահ մարմինները: Խոսքը բազում հարցերի մասին է, սկսած աշխատավարձից, վերջացրած կրթական եւ ուսումնական խնդիրներով, դրանց լուծմամբ, որովհետեւ մեզ իսկապես պետք է հանգիստ միջավայր, այն միջավայրը, որով Հայաստանը միշտ դրականորեն տարբերվել է բազում այլ երկրներից, անգամ այն երկրներից, որոնք շատ ավելի լավ ընկերային եւ տնտեսական վիճակում են գտնվել:

– Ընդդիմությունն ասում է, որ դրա դեմ պայքարելու համար քաղաքական կամք է հարկավոր, կա՞ այդ քաղաքական կամքը;

– Այո, կա: Անշուշտ՝ նախընտրական շրջանը ցանկացած երկրի զարգացման փուլում առաջացնում է որոշակի խզումներ, սակայն իրավիճակն այնպիսին է, որ այդ կամքը կա եւ վստահաբար կիրագործվի:

– Չե՞ք գտնում, որ կրիմինալի ակտիվացման պատճառը նաեւ այն է, որ նման հանցագործությունների հետ կապված խիստ բարձրաստիճան պետական դեմքեր դատապարտելու փոխարեն ասում են՝ դե ո՞ր երկրում նման բաներ չեն լինում, որ այս կամ այն դեպքի մասին իրենք լսել են՝ նախկինում եղած հարաբերությունների պատճառով է եւ այլն: Դա չի՞ նշանակում, որ հանցագործությունների առաջ կանաչ լույս է վառվում հենց իշխանության կողմից:

– Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե նման բաներ որ պաշտոնյան է ասել, բայց ինչ վերաբերում է երկրի ղեկավարությանը՝ եւ նախագահին, եւ վարչապետին, ապա նրանց դիրքորոշումը միշտ միանշանակ կտրուկ եւ պահանջկոտ է եղել եւ շատ անհանդուրժողական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել