Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի ՎԵՐՋՈ՝ ՁԻԱՍՊՈՐՏՈՒՄ ՄԵՐ ԴՐՈՇԸ ՊԵ՞ՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ»

Սեպտեմբեր 15,2006 00:00

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսից հետո «Առավոտին» ասաց ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում «արգելքների հաղթահարում» մրցաձեւից ուղեգրեր նվաճելու լուրջ նպատակներ է դրել իր առջեւ:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի դրոշի ներքո համախմբվել են մինչ այժմ Ֆրանսիան ներկայացրած Օլիվեր Հարություն Շիշլյանը եւ ծագումով հայաստանցի, բայց երկար տարիներ Միացյալ Արաբական Էմիրություններում բնակվող Կարեն Հակոբյանը, ով դեռեւս 2000 թվականից սերտորեն համագործակցում է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի հետ:

«Այս հանդիպմանը ներկա գտնվող մեր նժույգորդ հայրենակիցները միջազգային ամենաբարձր մակարդակի մրցաշարերի մասնակցության հարուստ փորձ եւ լուրջ արդյունքներ ունեն, -ասաց պարոն Հայրապետյանը: – Մասնավորապես՝ 39-ամյա Օլիվեր Հարություն Շիշլյանը ձիասպորտով զբաղվում է 25 տարի: Մասնակցել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի բաց առաջնություններին, դարձել մրցանակակիր: Իսկ 23-ամյա Կարեն Հակոբյանը հանդես է եկել Չեխիայի, Անգլիայի, Հոլանդիայի բաց առաջնություններում, 2000 թվականին Հայաստանի դրոշի ներքո՝ Ռիգայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում, 2003-ին դարձել ՄԱԷ-ի չեմպիոն, ունեցել չորրորդ վարկանիշը: Նրանց հետ համագործակցությունը փոխշահավետ է լինելու: Օրինակ, Օլիվեր Հարություն Շիշլյանը հենց Փարիզում ձիասպորտի մեծ բազա, զտարյուն նժույգներ ունի: Վարկանիշային մրցումներին, Եվրոպայում կազմակերպվող միջազգային այլ մրցաշարերին նախապատրաստվելու, կենդանիներին երկար ճանապարհ տեղափոխելու հարցում, որն անչափ բարդ ու ծախսատար հաճույք է, դրանք կարող են ծառայել մեր մարզիկներին: Պարոնայք Շիշլյանն ու Հակոբյանը պարտադիր մասնակցելու են հանրապետության առաջնություններին, որից հետո միայն դրսում Հայաստանը ներկայացնելու իրավունք կունենան:

Բացի դա, լինելով բավականաչափ փորձառու եւ թրծված մարզիկներ, նրանք նաեւ այստեղ մարզաձեւը պատանիների շրջանում արմատավորել-զարգացնելու պարտականություն են ստանձնել ու արդեն կատարում են, որը մեր գնահատմամբ պակաս կարեւոր խնդիր չէ, քան օլիմպիական ուղեգիրը: Ձիասպորտի ֆեդերացիան վաղուց աչքի տակ ունի սփյուռքում հանդես եկող մեր մյուս հայրենակիցներին: Նրանցից մի քանիսի հետ ներկայումս բանակցություններ են վարվում: Բայց թող չթվա, թե ամբողջ հույսը արտերկրի մեր հայրենակիցներն են: Հայաստանում էլ կան մարզիկներ, ովքեր ամպայման կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, Հայաստանն արժանապատիվ կներկայացնեն միջազգային մրցաշարերում: Դրա համար մենք դեռ բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու: Մեր մարզաձեւը, համեմատած մյուսների հետ, բավականին ծախսատար հաճույք է, բայց անհրաժեշտ քայլեր ֆեդերացիան անում է ու պատրաստակամ է առաջ գնալ»:

Հայաստանի հավաքականի նորընտիր թեկնածուները նշեցին, որ իրենց դուր են եկել Հայաստանի ֆեդերացիայի ծրագրերը, որ ծանոթանալով եւ աշխատելով տեղացի մարզիկների եւ մարզիչների հետ, համոզվել են, որ այստեղ մարզաձեւի զարգացման իրատեսական հիմքեր կան: Ու նաեւ դրա համար է, որ իրենց մարզական ու մարզչական հետագա ճակատագիրը հաճույքով կապել են հայրենիքի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել