Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ

Հոկտեմբեր 24,2006 00:00

\"\"Սամվել Ֆարմանյանը հեռակա բանավեճի է հրավիրում Արմեն Աշոտյանին

Նախ շնորհավորում եմ իրականում խորագույն հարգանքի եւ ուշադրության արժանի տարոնականությունը, ցեղակրոնությունը եւ ընդհանրապես Նժդեհյան ուսմունքը, իր կարծիքով, ընկալած Արմեն Աշոտյանին՝ մեծագույն համարձակություն եւ անսահման ֆանտազիա դրսեւորելու եւ «Առավոտին» տված հարցազրույցում ՕԵԿ-ին իր քաղաքական ընդդիմախոս հռչակելու համար:

Չնայած երիտասարդի համար նմանատիպ պոռթկումները հասկանալի երեւույթ են, սակայն առնվազն անհասկանալի է այն անզորությունը, չարությունը եւ նախանձը, որով Արմենը խոսում է Արթուր Բաղդասարյանի՝ նորաստեղծ Կովկասյան եւ Կասպյան երկրների միջազգային հանձնաժողովի համանախագահ ընտրվելու վերաբերյալ: Ի՞նչ է պատահել: Չէ՞ որ եթե 14 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձեւավորված միջազգային հանձնախումբ է ձեւավորվում, որի համանախագահներից մեկը Հայաստանից է, դա անհրաժեշտ է ողջունել: Իսկ այն, որ Արմեն Աշոտյանը անտեղյակ է լոնդոնյան այցի շրջանակներում ՕԵԿ նախագահի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կամ Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտահայտած մոտեցումներին, պատճառը ոչ թե այն է, որ Արթուր Բաղդասարյանը նման մոտեցումներ չի արտահայտել, այլ այն, որ, ըստ երեւույթին, երիտասարդ պատգամավորը չի հետեւում բրիտանական հեղինակավոր լրատվության միջոցներին՝ BBC-ին, Financial Times-ին, Argosmedia-ին եւ մյուսներին, հակառակ դեպքում գոնե կարելի էր ծանոթանալ այս խնդիրների շուրջ BBC-ի լրագրողներին տված 4 հարցազրույցներից առնվազն երկուսին, որոնք հեռարձակվել են ռուսալեզու թողարկմամբ:

Քանի որ քննարկման ենթակա գերկարեւոր խնդիրները շատ են, ուզում եմ օգտվել առիթից եւ «Առավոտի» միջոցով Արմեն Աշոտյանին հրավիրել հեռուստատեսային բանավեճի՝ բաց խոսելու գերկարեւոր բոլոր խնդիրների մասին:

Արմենին չէի արձագանքի, եթե համոզված չլինեի, որ մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալիներից մեկն էլ, թերեւս, քաղաքականության մեջ սերնդափոխության ճանապարհով պետական-քաղաքական էլիտայի որակների փոփոխությունն է: Քաղաքականության մեջ ինքնահաստատվելու համար, անշուշտ, Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսներին հետեւելը եւ դրանց հախուռն արձագանքելը վատ տեխնոլոգիա չէ, սակայն բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ընտրել ինքնահաստատման այլ ճանապարհ՝ տեր կանգնել երիտասարդ լինելու կոչմանը եւ, օրինակ, 2007 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հասնել նրան, որ այնտեղ ամրագրվի որոշակի գումար երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու հարցում պետական աջակցություն ցուցաբերելու համար:

Մյուս կողմից, հորդորում եմ հարգել քաղաքագիտության տարրական հասկացությունները, հակառակ դեպքում առնվազն տարօրինակ է, երբ ԱԺ-ի նախագահի, վարչապետի, նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարզպետների եւ թաղապետների պաշտոնների գրեթե 90%-ը զբաղեցնող քաղաքական ուժի ներկայացուցիչը ընդդիմությանը հորդորում է քննադատել հանրապետության նախագահին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա մեր քննադատությունը բաց է եւ հրապարակային, իսկ դրա հասցեատերը ողջ իշխանական բուրգն է, առանց որեւէ բացառության: Եվ մենք ոչ միայն քննադատում ենք, այլեւ՝ այլընտրանքային լուծումներ առաջարկում, ինչից, ի դեպ, կարող է օգտվել նաեւ իմ երիտասարդ գործընկերը:

Ի դեպ, ի գիտություն Արմեն Աշոտյանի հայտնեմ, որ 1930 թվականին նացիստները Գերմանիայում իշխանության չէին եկել:

Երիտասարդական միության նախագահ Հուսով ենք, որ երիտասարդ քաղաքական գործիչներն առաջարկվող բանավեճը կկազմակերպեն առանց «Առավոտի» միջնորդության, քանի որ այլեւս հակված չենք փոստարկղ ծառայել փոխադարձ մեղադրանքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել