Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐԻ ԳՈՎԱԶԴՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"Սակայն այդ արգելքը ոչ մի կերպ չի գործում, քանի որ դրանց բիզնեսն օլիգարխների ձեռքում է

Առողջապահության նախարարությունը, սկսած 1993-ից, մեր երկրում մայրական կաթով սնուցումը խրախուսելու համար ռազմավարական ծրագիր է իրականացնում: Այդ ծրագրի արդյունավետությունը, հատկապես վերջին տարիներին, նվազել է: Պատճառն այն է, որ Հայաստան է ներկրվում մանկական արհեստական սննդի բավականին մեծ խմբաքանակ, եւ քանի որ դրանց իրացման խնդիր կա, ներկրող ընկերությունները, բացի այն, որ խախտում են «ՀՀ գովազդի մասին» օրենքը, նույնիսկ այն բաժանում են ծննդատներում՝ այդպիսով վտանգելով մեր մանուկների առողջությունը:

«ՀՀ գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածն արգելում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ կերակրման շշեր եւ ծծակներ գովազդելը: Չնայած այս արգելքին, թե՛ հեռուստատեսությամբ եւ թե՛ պլակատների ու ազդագրերի ձեւով այդ արտադրատեսակները լայնորեն գովազդվում են: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Վստահություն» առողջապահական հ/կ նախագահ Սուսաննա Հարությունյանը, օրենքը խախտում են մասնավորապես «Hipp», «Nestle», «Vinni» եւ «Nutricia» ընկերությունները:

Մասնագետների ներկայացմամբ՝ մինչեւ 6 ամսական երեխաներին անթույլատրելի է մայրական կաթից բացի, ջուր կամ որեւէ հեղուկ օգտագործելը, որովհետեւ դրանք երեխաների մոտ ինֆեկցիաների հավանականությունը 3-4 տոկոսով մեծացնում են: Մինչդեռ, օրինակ, «Hipp» ընկերությունը հեռուստատեսությամբ գովազդում է 6 ամսականից փոքր երեխաների համար նախատեսված մանկական սննդի լայն ընտրանի. թեյերի գովազդում ասվում է, որ այն 1 շաբաթական երեխաների համար է, մրգային եւ բանջարեղենային եփուկների գովազդում նշվում է, որ այն կարելի է նաեւ 9 շաբաթականներին, իսկ 4 ամսական երեխաների համար գովազդում են հյութեր, պյուրեներ եւ շիլաներ: Անցյալ տարի, Սուսաննա Հարությունյանի տեղեկացմամբ՝ առողջապահության նախարարը, «Unicef»-ը եւ ԱՀԿ-ն նույնիսկ նամակով զգուշացրել են այս ընկերությանը, որ չխախտի օրենքը, բայց «Hipp»-ը ոչ մի կերպ այդ նամակին չի արձագանքել:

Տարբեր հեռուստաալիքներով մանկական սնունդ եւ կաթնախառնուրդներ են գովազդում նաեւ «Nutricia» եւ «Milupa» ընկերությունները, «Wonder world»-ը գովազդում է իր մանկական շշերն ու ծծակները, իսկ «հտպսպվՏՍ»-ը 3-5 ամսական երեխաների համար գովազդում է իր հյութերը: Հիշեցնենք, որ հեռուստատեսության գովազդի վերահսկողը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է, որը յուրաքանչյուր խախտման համար պետք է տվյալ հեռուստաընկերությանը տուգանի, ինչը չի անում: Մեր երկրում մայրական կաթի փոխարինիչները լայնորեն գովազդվում են նաեւ պլակատների ու ազդագրերի միջոցով, որի վերահսկողությունն էլ պարտավոր են իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինները: Յուրաքանչյուր նման խախտման համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, մինչդեռ ոչ քաղաքապետարանը, ոչ էլ թաղապետարանները մինչ օրս որեւէ մեկին չեն տուգանել: Նկատենք, որ մանկական կերերի հիմնական ներկրողներն օլիգարխներ են, եւ նրանց տուգանելը այնքան էլ հեշտ չէ:

Ներկրող ընկերություններն իրենց շահույթն ապահովելու համար, գովազդելուց բացի, այլ խորամանկ քայլերի էլ են դիմում: Օրինակ, նրանք երբեմն համաձայնության են գալիս հիվանդանոցների տնօրինության հետ ու վերջիններիս միջոցով կաթնախառնուրդներն անվճար բաժանում ծննդկաններին, նույնիսկ նրանց, ում կրծքի կաթը լրիվ բավարարում է եւ կաթնախառնուրդի կարիքն ամենեւին էլ չունեն: Ներկրողները որպես առիթ օգտագործում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը ու այդ տոնի առթիվ շատ հիվանդանոցների բաժանում իրենց կաթնախառնուրդները: Սուսաննա Հարությունյանի տեղեկացմամբ՝ այդպիսի քայլի է դիմել, օրինակ, «Hipp» ընկերությունը, որը Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում ծննդկաններին բաժանել է մանկական թեյեր, պյուրեներ եւ այլ սնունդ: Ծննդատներին ու պոլիկլինիկաներին հաճախ մանկական կերերի տեսքով նվերներ է բաժանում նաեւ «Nestle»-ն. այս ընկերությունը ինֆեկցիոն հիվանդանոցում էլ լայն քարոզչություն է իրականացրել՝ կրծքով սնող մայրերին նվիրելով իր արտադրանքը: Սա նույնպես «Գովազդի մասին» օրենքի խախտում է, որովհետեւ օրենքն արգելում է նաեւ գովազդի նպատակով անվճար կրծքի կաթի փոխարինիչներ տարածելը:

Մանկաբույժները մտավախություն ունեն, որ մայրական կաթի փոխարինիչների այդօրինակ ագրեսիվ քարոզչությունը կարող է հանգեցնել նրան, որ մայրերն իրենց կաթի փոխարեն մինչեւ 6 ամսական երեխաներին սնուցեն գովազդվող սննդով, որը վտանգավոր է եւ կարող է երեխայի մոտ առաջացնել փորլուծություն, թոքաբորբ եւ մի շարք այլ ինֆեկցիոն հիվանդություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել