Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտի լավ աղբյուր

Հունվար 24,2007 00:00

Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳՄԿ) Գիտությունների ազգային ակադեմիայի կառույցներից է, որտեղ մագիստրական եւ ասպիրանտական ուսուցում են ստանում պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները:

Չնայած այս կառույցը պետական է, սակայն մագիստրանտների համար այս տարի պետպատվերով տեղեր չեն հատկացվել:

ԿԳՆ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությունից ակադեմիայի մագիստրատուրայում պետպատվերով տեղեր չունենալու առնչությամբ ասացին, որ նախարարությունը ԳԱԱ-ին չի վերահսկում, դա ակադեմիայի գործն է: ԳԱԱ ԳՄԿ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տնօրեն Ալբերտ Սարգսյանը եւս մեզ հետ զրույցում պետպատվերով տեղերի բացակայությունը չկարողացավ հիմնավորել, միայն ասաց, որ նախորդ տարի մի քանի տեղ ունեցել են:

Մագիստրատուրան կենտրոնում բացվել է 2004-ին, եւ դասախոսները, մեր հավաստի տեղեկություններով, մշտապես իրենց ուսանողների շրջանում մեծ աշխատանքներ են տարել, որպեսզի վերջիններս որքան հնարավոր է՝ շատ մարդ բերեն սովորելու: Եվ փոխարենը խոստացել են բարերարներ գտնել, որոնք կօգնեն ուսանողներին՝ վարձավճարի հարցում: Իհարկե, մեծ դժվարություններով, ուշացումներով, բայց բարերարներ մինչեւ հիմա էլ գտնվում են, եւ ակադեմիայի համար հետզհետե մագիստրանտական եւ ասպիրանտական տեղերը եկամտաբեր են դառնում: Տղաների համար սա բանակից տարկետման իրավունք ստանալու մեծ հնարավորություն է: Դե, իսկ ընդհանուր առմամբ, ուսանողների համար ձեռնտու տարբերակ է, երբ իրենց փոխարեն վարձերը մուծում են բարերարները, իսկ իրենք դառնում են ԳԱԱ մագիստրանտ կամ ասպիրանտ: Էլ չենք ասում, որ անունն էլ ինքնին բավական հնչեղ է ու հեղինակավոր: Վերջին հանգամանքն էլ թույլ է տալիս, որ այստեղ վարձավճարի չափերը գրեթե նույնը լինեն, ինչ, ասենք, ԵՊՀ-ում. բացառությամբ հատուկենտ մասնագիտությունների:

Ա. Սարգսյանը ԳԱԱ-ում մագիստրատուրա բացելու անհրաժեշտությունը այսպես է բացատրում. «Բոլոր բուհերի լավագույն ուսանողները ասպիրանտական կրթություն ստանալու համար մնում են հենց իրենց հարազատ բուհերում: Մենք բացեցինք մագիստրատուրան, որպեսզի մեր ասպիրանտուրայում լինեն ոչ միայն այլ բուհերից դուրս մնացած ուսանողները, այլ նաեւ մեր մագիստրատուրայից ընտրված լավագույնները»: Սակայն, օրինակ, այստեղ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ի տարբերություն այլ բուհերի, պայմաններ չկան ժուռնալիստական գործնական աշխատանքով զբաղվելու: Չկան ռադիո եւ հեռուստատեսության ստուդիաներ, ինչպես նաեւ՝ ֆակուլտետի ուսանողների հոդվածները տպելու համար նախատեսված թերթ: Իսկ դա նշանակում է, որ մասնագիտական լիարժեք կրթություն չի կարող ապահովվել:

Այս բացթողումը ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանն արդարացնում է. «Ժամանակի ընթացքում դա էլ կլինի: Ուսանողները ամռանը պրակտիկա են անցկացնում տարբեր ընկերություններում, այստեղ էլ լրացվում է տարվա բացը»:

Հ. Գ. Ըստ հավաստի լուրերի, վերջերս «Բարգավաճ Հայաստանն» առաջարկել է հովանավորել հիշյալ կենտրոնի որոշակի թվով ուսանողների: Սակայն ԳԱԱ-ից հրաժարվել են ընդունել առաջարկը՝ խուսափելով քաղաքական որեւէ ուժի միջամտությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել