Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ ԷԼ ՈՒՆԵՆ ՄԵՂՔԻ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ

Մարտ 07,2007 00:00

\"\"Ընդդիմության չմիավորվելու կապակցությամբ ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

– ԱԺՄ-ն որոշեց չմասնակցել ընտրություններին: Բայց մի՞թե Ձեզ չի արվել որեւէ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ:

– Եղել է առաջարկություն: Բայց մեր նպատակն, ի վերջո, միայն պատգամավոր լինելը չէ. ես 4 անգամ եղել եմ պատգամավոր, եւ ԱԺՄ-ն ունեցել է խմբակցություն: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր է գործող իշխանություններին: Բայց այն կարգավիճակը, որով հիմա ընդդիմությունը գնում է ընտրությունների՝ վերարտադրելու է այն, ինչ որ կար 2003-ից, այսինքն՝ ընդամենը մի 20-30 ընդդիմադիրներ կլինեն ԱԺ-ում, որոնք բացարձակապե՛ս ոչ մի բանի վրա չեն կարողանա ազդել: Ես դեմ չեմ, որ ուրիշները գնում են ԱԺ, բայց իմ եւ ԱԺՄ-ի համար սա ընդունելի չէ: Եթե ԽՍՀՄ-ում խորհրդարանի մի զգալի մասը կազմում էին կթվորուհիները, հիմա մի զգալի մասը ցուլերն են: ԱԺ-ն արդեն քաղաքական մարմին չէ:

– Այնուամենայնիվ, ԱԺՄ-ն բանակցում էր ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Այժմ բանակցությունների բոլոր մասնակիցները պնդում են, թե իրենք ամեն ինչ արել են, որ միավորվի ընդդիմությունը: Անհասկանալի է մնում, թե իսկ այդ ո՞ւմ պատճառով չստացվեց դաշինքը:

– Եթե մի բան չի ստացվում՝ երեւի բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Այս առումով՝ չեմ կարող ասել, թե մենք անմե՜ղ էինք, մնացած բոլորն էին մեղավո՜ր: Սա սխալ կլիներ: Բայց մի շատ կարեւոր հարց կա. մեր նպատակն այն չէր, որ լիներ մեծ դաշինք, որ այն հավաքեր շատ ձայներ, եւ մենք շատ ընդդիմադիրներով ներկա լինեինք խորհրդարանում: Խնդիրն այլ էր. այս հիասթափության մեջ, երբ արդեն կեղծիքներ են ընթանում՝ պետք էր ստեղծել մի մարմին, որն անկախ նրանից, թե քանի տոկոս կստանայինք՝ կկարողանար արդյունավետ ձեւով փոխել իրավիճակը, առաջացնել ժողովրդական վստահություն, շարժում եւ միեւնույն ժամանակ էլ՝ կունենար գործիքներ, որոնց միջոցով կկարողանայինք աշխատել բոլոր ընտրատեղամասերում:

Քանի որ չկա մի առաջնորդ, որի մասին բոլորն ասեն՝ սա՛ է, նրա հետեւից ենք գնում եւ հետագայում դարձնում նրան նախագահ՝ այս պայմաններում ԱԺՄ-ի մոտեցումը հետեւյալն էր՝ ստեղծվում է 4-5 կուսակցությունների ղեկավարներից «Ղարաբաղ» կոմիտեի նման մի մարմին, հայտարարում էինք, թե այն գործում է իրավահավասարության սկզբունքով, եւ կարեւոր չէ, թե ցուցակում մեզնից ով որ տեղում է, ու հենց թղթակիցների ներկայությամբ էլ՝ ասուլիսի ժամանակ, վիճակահանությամբ պիտի որոշվեին տեղերը: Ցավոք, չստացվեց մեր ուզածը: Ուրիշ տիպի դաշինք կարելի էր ստեղծել, բայց մեզ դա արդեն հետաքրքիր չէր: Ընդ որում, ես ասել եմ, որ եթե նույնիսկ ինձ դնեն ցուցակում առաջին տեղում՝ ես էլի՛ համաձայն չեմ լինի:

– Վիճակահանության գաղափարն ուղղակի ծաղրում էին, թե Վազգեն Մանուկյանն առաջարկել է գիր-ղուշ գցելով կայացնել որոշումը:

– Բայց եթե հավաքվում են 5-6 կուսակցություններ, ամեն մեկն՝ իր բնական հավակնություններով, գրեթե անհնարին է որոշել, թե ինչ ձեւով պիտի կազմվի ցուցակը: Եվ ամեն մի հաջորդ տեղում հայտնվածը պիտի ասի, թե բա ինչո՞ւ է այս մեկն ինձնից առաջ: Ցավոք, ոչ միայն ինքը կասի, այլ նաեւ իր կուսակցությունը: Եվ սա չի ստեղծի այն մթնոլորտը, որ միասնական մի բանակով գնան պայքարի: Իսկ վիճակահանությունն աշխարհում օգտագործվում է շատ հարցերում՝ սա ամոթալից չէ եւ խնդրի լուծում է:

– Դուք եւ մի շարք այլ կուսակցություններ պնդում եք, թե դաշինքը պիտի կազմվեր համահավասարության սկզբունքով: Մինչդեռ ՀԺԿ-ն առարկում է, թե 2003-ից հետո, երբ կազմավորվեց «Արդարությունը»՝ ի՞նչ էր փոխվել, մի՞թե այդքան հզորացել են դաշինքին մաս կազմող փոքր կուսակցությունները:

– Այստեղ փոքր կուսակցությունների հզորանալ-չհզորանալու հարցը չէ: 2003-ի դաշինքը ստեղծվել էր շատ բնական ճանապարհով, այսինքն՝ Ստեփան Դեմիրճյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պայքարի մեջ ընդդիմադիր ողջ դաշտը (բացի Արտաշես Գեղամյանից) սատարում էր Դեմիրճյանին: Անմիջապես հաջորդեցին ԱԺ ընտրությունները, եւ բնական էր, որ ինչ-որ ձեւով պահպանվեց այդ համաչափությունը՝ առաջին դեմքը Ստեփան Դեմիրճյանն էր, եւ ցուցակում մեծամասնությունն էլ ՀԺԿ-ինն էր: Բայց իրավիճակն այժմ փոխվել է: Կուսակցություններ դուրս եկան դաշինքից, նաեւ էապես փոխվել են այն վարկանիշները, որ ունեին տարբեր կուսակցություններ ու մարդիկ:

– «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն «Առավոտին» ասել էր. «Փոքր կուսակցությունները, որոնք չունեն կազմակերպական եւ մարդկային այն ռեսուրսը, որը իրենց հնարավորություն կտա լիարժեք կերպով մասնակցել նախընտրական պայքարին, այո, այդ կուսակցությունների համար եզակի ճանապարհը համախմբման, միավորման ճանապարհն է»: Կառարկե՞ք, թե ուժեղ կուսակցություններին պետք էլ չէ դաշինքը:

– Եթե մենք ապրեինք նորմալ, ժողովրդավարական պետությունում, ես երբե՛ք կողմնակից չէի լինի, որ ԱԺՄ-ն դաշինք կազմեր՝ անկախ նրանից, թե մեր կուսակցության ուժն ինչքան է, քանի որ ունենք մեր սկզբունքներն ու գաղափարները: Իսկ այժմ միավորվելը ոչ թե փոքրի կամ մեծի հարց է, այլ Հայաստանում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ կարելի է հաղթել միայն «սեւի ու սպիտակի» պայքարով: Մենք ապրում ենք մի պետությունում, որը կառուցված է կեղծիքի, կոռուպցիայի, կաշառակերության եւ ստի վրա. դա ջարդելու համար պե՛տք է միավորվել:

– Ընդդիմադիրները բանակցում էին նաեւ մեծամասնական թեկնածուներ առաջադրելու շուրջ: Սակայն այժմ պարզվում է, որ բանակցություններում ներգրավվածները կա՛մ չեն առաջադրել թեկնածուներ, կամ էլ իրար դեմ են առաջադրել: Եվ ավելի շատ մեծամասնական թեկնածուներ ունեն այդ քննարկումներին չմասնակցած ուժերը՝ ՕԵԿ-ը, ԱՄԿ-ն եւ «Դաշինքը»:

– Մեծամասնականի կապակցությամբ իրականում չեն ընթացել բանակցություններ: Մի սկզբունք որդեգրել ենք բոլորս՝ սա վերաբերում է ոչ միայն բանակցող կուսակցություններին, այլ նաեւ «Դաշինք»-ին, ՕԵԿ-ին, «Ազգային միաբանությանը», այն է՝ նույնիսկ եթե առանձին շարասյուններով ենք գնում, աշխատել իրար դեմ չդնել թեկնածուներ: Եվ նույնիսկ եթե պատահաբար այդպես է ստացվել, որ չեն կարողանում որոշել, թե ում հանել՝ գոնե քվեարկությունից 10 օր առաջ՝ գնահատելով իրավիճակը, պիտի հանեն: Չեմ բացառում, որ այդ գործընթացն այնուամենայնիվ կընթանա. կլինեն ընդդիմադիր թեկնածուներ, որոնք ինքնաբացարկ կհայտարարեն: Բայց ցավոք, չստեղծվեց ընդդիմադիր մի մարմին, որը կկարողանար բանակցությունների միջոցով լրիվ կառավարել այդ գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել