Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՍՑԵՆԱՐ՝ ՍԿՍԱԾ $100-ԻՑ

Մարտ 28,2007 00:00

\"\"10-րդ դասարանցիները հաճախ հրաժեշտին գռեհիկ հումորով են ներկայանում

Հանրապետության ավարտական դասարաններում արդեն սկսել են նախապատրաստվել «Վերջին զանգ» հանդեսին: Հատկապես Երեւանում աշխուժացել է ավարտական միջոցառումներ սցենարների առուվաճառքը: Տարբեր դպրոցների 10-րդ դասարանցիներից տեղեկացանք, թե այսօր ովքեր են համարվում հմուտ սցենար գրողներ: Պարզվեց՝ դրանց թվում են նաեւ «Շարմը», «32 ատամի» անդամները, «Բլեֆ-շոուի» հեռուստահաղորդավարներ Մենչն ու Գրիշը: Վերջինս, սակայն, հերքեց դա. «Մենք վերջին զանգի սցենար ոչ գրել ենք, ոչ էլ կգրենք: Չեմ հասկանում, թե ովքեր են նման սուտ ինֆորմացիա տարածում»: Մեկ այլ հեռուստահաղորդավար՝ Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանն ասաց, որ այս տարի միանգամից 3 «Վերջին զանգի» սցենար է գրելու՝ Հրազդանի, Երեւանի Մալաթիա թաղամասի դպրոցներից մեկի ու Համբարձում Գալստյանի անվան դպրոցի: Նա պատմեց, որ Հ. Գալստյանի անվան դպրոցի սցենարը մոտավորապես այսպիսին կլինի. կկազմակերպվի առարկաների ցուցահանդես, որը նմանվելու է «մոդայի ցուցադրության»: Յուրաքանչյուր առարկա ցուցադրելու ժամանակ կհնչի համապատասխան երաժշտություն: Օրինակ՝ կենսաբանություն առարկան «բեմ կբարձրանա» ռուսական «Վիա-Գրա» խմբի «Բիոլոգիա» երգի երաժշտության ներքո: «Փորձում ենք այնպես անել, որ հումորը գռեհիկ չլինի: Նաեւ օգտագործում ենք աշակերտների շնորհքը: Օրինակ՝ մի ավարտական ծրագրում ներառել ենք ջութակահար աշակերտի»,- մանրամասնեց Ա. Գրիգորյանը: Վերջինս կարեւորեց այն, որ սցենարիստը ինքը պետք է բեմադրի իր հեղինակած ծրագիրը, ինչը եւս գումար արժե: Դպրոցներից մեկի «Վերջին զանգն» էլ այս տեսարանով կսկսվի.

Տասներորդ դասարանցի «լավ տղաները» կիմոնոներով բարձրանում են բեմ: Նրանցից մեկը ներկայանում է «Խփող-քցող» մականունով: Նրանք այնքան են «լից-քից» անում, որ հետո հարբած սկսում են կիմոնոներով գրատախտակը մաքրել:

Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի ավարտական դասարաններից մեկը, աշակերտների խոսքերով, մայիսի 25-ին հանդես կգա «Դպրոցը երեկ, այսօր եւ վաղը» ծրագրով: Ներկայացնելու են մի դասարան, որտեղ շարքերից մեկում դասավորված նստարանները նորաոճ են, համապատասխանաբար՝ ուսուցչուհին էլ է «վերջին մոդելի»՝ երիտասարդ ու գեղեցիկ: Մյուս շարքում նստարանները «սովետական» են, համեստ հագնված ուսուցչուհին՝ տարեց: Այս սցենարի համար թիվ 24 դպրոցի աշակերտները կվճարեն $200: Հեղինակն էլ «Նարեկ» ռեստորանային համալիրի հաղորդավարուհի Ժենյան է: Աշակերտների պատմելով՝ իրենք երկար են մտածել՝ Ժենյայի՞ն ընտրել, թե՞ այլ սցենարիստ փնտրել. «Բայց երբ իմացանք, որ Ժենյան Սիրուշոյենց դասարանի հետ էլ է աշխատել, միանգամից նրան ընտրեցինք»: Նրանք ասացին, որ հնարավոր է նաեւ սցենարի այլ տարբերակով հանդես գան: Օրինակ՝ ներկայացնեն, թե ինչպես է հարուստի երեխան «գերազանց» գնահատական ստանում, քանի որ հայրը ուսուցչուհուն «ոսկե սարեր» է խոստանում, իսկ «դոձիկ» սովորողը «5» վաստակում՝ աշխատասիրության շնորհիվ:

Թիվ 49 դպրոցի 10-րդցիները ափսոսանքով նշեցին, թե իրենց գումարը չի բավականացրել, որ «32 ատամ» նախագծի դերասան «Էխո-Մխոյին» սցենար պատվիրեն: Նրանց տվյալներով՝ «32 ատամի» այս «աստղը» $100-$150-անոց սցենարներ է գրում: Քանի որ այս դպրոցի տասներորդցիների ֆինանսական միջոցները սուղ են, սցենարի մի մասն իրենք կգրեն, մնացածն էլ ծաղկաքաղ կանեն նախորդ տարիների սցենարներից: Ըստ նախնական ծրագրի՝ հիշյալ դպրոցի ավարտական դասարաններից մեկի «ուտող-խմող» աղջիկները «Վերջին զանգին» բեմ դուրս կգան բուլկիներով, խաչապուրիներով, ախորժաբեր բուտերբրոդներով(՞): Այս դպրոցի աշակերտուհի Ռոզա Խաչատրյանը կարծում է, որ սցենար գրելը հետաքրքիր գործ է. «Սցենարիստը ուղղակի հումորային ծրագիր է գրում: Նա որտեղի՞ց պիտի իմանա, թե տասը տարիների ընթացքում մեր դասարանում ինչ դեպքեր են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել