Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին հայոց պատմության մի մա՞սն է

Հունիս 11,2007 00:00

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման շուրջ տարակարծությունները չեն դադարում:

Ներկայումս մեր երկրի հանրակրթության ոլորտում տեղի է ունենում առարկաների ինտեգրման գործընթաց: Այսինքն՝ դպրոցական ծրագրեր են մուտք գործում այնպիսի առարկաներ, որոնք ներառում են տարբեր առարկաներից վերցված ընդհանուր թեմաներ: Ըստ կրթակարգի՝ ինտեգրումը տարածվում է բոլոր առարկաների վրա, մինչդեռ այս գործընթացից դուրս է մնացել հայոց եկեղեցու պատմություն առարկան, որը դասավանդվում է 4-10-րդ դասարաններում: Այս առարկայի մուտքը հանրակրթական դպրոց՝ բազում տարակարծությունների տեղիք տվեց: Հանրակրթության ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ հայոց եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դիտարկելն ու դրան դպրոցական ծրագրով դասաժամեր հատկացնելը՝ անարդյունավետ է: Սակայն մյուս կողմից էլ հավաստիացնում են, որ այս հարցում մասնագիտական միջամտությունը դեր չի կարող խաղալ: Նկատենք, որ այստեղ գործում է «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» ասացվածքը:

Համենայնդեպս, տարբեր կառույցներում, այդ թվում նաեւ եկեղեցական շրջանակներում կատարված մեր ուսումնասիրությունները դա ապացուցում են: «Քանի որ տվյալ դեպքում այդ դասագիրքը ստեղծվել է ոչ թե պետության, այլ եկեղեցու միջոցներով ու ջանքերով: Կառավարությունն էլ պետական կրթակարգով թույլ է տվել, որ այն՝ որպես առարկա, ներմուծվի դպրոց, այնպես որ, մենք ոչինչ անել չենք կարող՝ ուղղակի իրականացնում ենք կառավարության հաստատած չափորոշիչները»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի»՝ «Կրթակարգ, ուսումնական ծրագրեր եւ գնահատում» ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը:

Հանրակրթական դպրոցներում եւս հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հետ կապված բազում մտահոգություններ կան: «Մենք այսօր շատ ենք հոլովում «հայ» բառը: Այդ պատճառով էլ անընդհատ առանձնացնում ենք հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, չի բացառվում, որ շուտով ծրագրերով նաեւ հայոց լեզվի պատմություն առարկա նախատեսեն»,- ասաց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց դպրոցում այս առարկան դասավանդում են պատմության եւ հայ գրականության ուսուցիչները: «Երբ այս առարկան նոր էր սկսել դասավանդվել, եկեղեցու կողմից նույնիսկ ցանկություն կար, որ այն դասավանդեին հոգեւորականները: Իհարկե, մեր հայ առաքելական եկեղեցու դեմ ոչինչ չունենք, սակայն չցանկացանք, որ այդ ամենի մեջ խորանան երեխաները»,- ավելացրեց Ա. Խոսրովյանը:

Թիվ 188 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանն էլ է կարծում, որ հայոց եկեղեցու պատմություն առարկան կարելի է միավորել հայոց պատմության հետ. «Այն ժամանակ ծայր էր առել աղանդավորական շարժումը, դրա համար շեշտը դրվեց հայոց եկեղեցու պատմության դասավանդման վրա: Հիմա այդ վտանգը չկա, ուստի կարելի է այս առարկան միավորել հայոց պատմության հետ, մանավանդ որ, հենց պատմության ուսուցիչներն են այն դասավանդում»: Հայոց եկեղեցու պատմության դասագրքի խմբագրակազմի անդամ, Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը հավաստիացրեց, որ այս դասընթացը անպայման պիտի առանձնացված դասավանդվի. «Կան շատ հարցեր, որոնք պատմություն առարկայի հետ միավորել հնարավոր չէ: Օրինակ՝ քրիստոնեական տոներին, ավանդույթներին վերաբերող թեմաները անհնար է կցել հայոց պատմության հարցերին»: Նա տեղեկացրեց, որ դասագիրքը կազմված է հիմնականում աստվածաշնչյան նյութերի հիման վրա: Իսկ նշված մտահոգություններին նա շատ ցավագին չի մոտենում. «Ի վերջո, դպրոցական ծրագրով նախատեսված ցանկացած առարկա էլ ունի ե՛ւ իր համակիրները, ե՛ւ ոչ համակիրները: Կարեւորն այն է, որ այս դասընթացում կիրառվում են բազում ուսումնական մեթոդներ՝ ուղեցույցներ, հարցաշարեր եւ դրանք այնպես են ներկայացված, որ մատչելի լինեն աշակերտներին»:

Չնայած եպիսկոպոս Մկրտչյանի դիտարկմանը՝ աշակերտներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, թե դասագիրքը խրթին է, այնտեղ ներկայացված անունները՝ դժվարընկալելի: «Հենց այս պատճառով էլ նպատակահարմար է ցածր դասարաններում առանձին դասաժամեր չնախատեսել հայոց եկեղեցու պատմություն առարկայի համար: Այդպիսով ծանրաբեռնում ենք նրանց, իսկ բարձր դասարաններում արժե, որ աշակերտները խորությամբ ուսումնասիրեն այս առարկան»,- կարծում է Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի տնօրեն Ազգուշ Դիլբարյանը: Նկատենք, որ հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման դեպքում էլ որոշ աշակերտներ չգիտեն, թե, օրինակ, հայերը երբ են ընդունել քրիստոնեություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել