Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի նոտարները՝ «ամենաթողության» տիրույթներում

Հունիս 12,2007 00:00

Սոնա Վերանյանի դաժան սպանությունից հետո Վանաձորի նոտարական գրասենյակում տիրում է խառնաշփոթ եւ բարձիթողի իրավիճակ:

Տարածքի երկու նոտարները՝ Արուս Ազարյանը եւ Հայկուշ Գյոզալյանն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են այնպես, կարծես իրենք օժտված են միայն պաշտոնական իրավունքներով եւ ոչ նաեւ պարտականություններով: Իսկ այդ իրավունքները, ըստ իրենց, թույլ են տալիս հաճախորդների հետ վարվել կոպիտ ու անբարյացակամ, առանց հաշվի առնելու անգամ հաճախորդի պատկառելի տարիքը: Ժողովրդական խոսքին՝ թե «միլիցիայի ու բժշկի դուռ չընկնես», նոտարական գրասենյակում վանաձորցիներից մեկը կատակով նաեւ ավելացրեց՝ «նոտարի դուռ չգնաս»: Արուս Ազարյանի անունը վաղուց հայտնի է լրագրող Թերեզա Ասատրյանի հետ կապված դատական քաշքշուկների առումով: Վանաձորցի տղամարդիկ խուսափում են իրենց ընտանիքի կին անդամներին անհրաժեշտության դեպքում թույլ տալ մտնել Արուսի մոտ, քանի որ վերջինս, չնայած իր «գեղեցիկ» սեռին, հաճախորդների ներկայությամբ խոսում է ամենավերջին հայհոյանքներով՝ իրերն ու երեւույթները կոչելով իրենց անուններով: Մարդիկ անիմաստ են համարում Արուսին հակառակվելու, հաշվի առնելով, որ նա ուժեղ «մեջք» ունի՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանի: Մյուս նոտարը՝ Հայկուշ Գյոզալյանը, հավանաբար, օրինակ վերցնելով իր գործընկերուհուց, նույնպես սկսել է հաճախորդների հետ վարվել կոպիտ ու կամայական: Սակայն վանաձորցիների հիմնական դժգոհությունն իրենց նոտարներից՝ միայն վատ վերաբերմունքով չի պայմանավորվում, այլ նրանց գործնական կամայականություններով: Նոտարները կարող են հաստատել եւ կարող են չհաստատել՝ ինչ գործարք կամենան: Եվ դրա դիմաց կարող են պահանջել ինչ գումար ուզեն՝ առանց որեւէ հիմնավորման: Գրասենյակում չկա պետական տուրքի արժեքի ցուցակ, եւ մարդիկ չեն կարող իմանալ իրենց կատարած գործարքի պետական արժեքը: Դրանց մասին, բացի նոտարներից, գրասենյակի մյուս աշխատակիցներն իրավասու չեն խոսել եւ պատասխանել հաճախորդների հարցերին: Իսկ եթե հաճախորդը համառորեն պահանջում է պետտուրքերի արժեքների ցուցակը, նոտարները սկսում են նրանց հետ «բազար» անել եւ մի հազար դրամ գին իջեցնել: Իսկ եթե հաճախորդը դժգոհի պահանջված գումարի չափից, նոտարներն էլ կհրաժարվեն գործարքը հաստատելուց եւ կպահանջեն տարատեսակ ոչ անհրաժեշտ փաստաթղթեր: Ասենք, նրանք կարող են չկատարել ինքնաշեն տնակի առք ու վաճառք՝ վաճառողից պահանջելով երկրաշարժի տարիներից մնացած տնակի սեփականության վկայական (՞): Փաստորեն, գնորդին եւ վաճառողին դնում են անելանելի կացության մեջ եւ հետո «մեծահոգաբար» ասում, որ իրենց պահանջած գումարը վճարելու դեպքում հնարավոր է գործարքը հաստատել: Եվ, իհարկե, այս բոլոր վճարումների դիմաց նոտարները քաղաքացիներին կտրոն չեն տալիս:

Այս ամենի արդյունքում վանաձորցիներից շատերը գերադասում են հնարավորության դեպքում կիլոմետրեր կտրել եւ օգտվել այլ տարածքների նոտարական գրասենյակներից կամ, օրենքները այս կամ այն կերպ շրջանցելով, չհաստատել իրենց գործարքը, քան մտնել Վանաձորի նոտարական տարածք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել