Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գետիկը «գլոբուսից դուրս» է

Հունիս 25,2007 00:00

Այս գյուղի բնակիչների խոսքերով, իրենց գոյության մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն

«Նախորդ տարվա 70 հա կարտոֆիլի ցանքատարածությունների փոխարեն, այս տարի գյուղում ցանվել է ընդամենը 23 հա կարտոֆիլ, քանի որ համայնքը գյուղտեխնիկա չունի: Ամբողջ գյուղում եղած 1 տրակտորն այդքան ցանքն էլ հազիվ է կատարել»,- ասում է Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի գյուղապետ Աշոտ Դալլաքյանը: Նրա ներկայացմամբ, արդեն 6 տարուց ավելի է, որ գյուղում հացահատիկային մշակաբույսեր ընդհանրապես չեն ցանվում: Գյուղացիները դառը փորձ ունեն. դեռ նախորդ տարի Գետիկում կոմբայն չլինելու հետեւանքով ցորենի հասկերն անասնակեր են դարձել:

Համայնքի բնակիչները, բացի սեփականաշնորհված դաշտերից, մշակում են նաեւ վարձակալած հողամասեր, որոնք, որպես կանոն, շատ ավելի եկամտաբեր են: Սակայն Ա. Դալլաքյանի խոսքերով. «Գյուղի բնակիչների 97%-ը չի կարողանում հողի հարկերը վճարել: Նախ գյուղը խիստ անվճարունակ է, հետո էլ հարկահավաքման մեխանիզմն է սխալ: Գյուղացին գիտի, որ եթե լույսի կամ գազի վարձը չմուծի՝ կանջատեն, բայց հողն իր ձեռքից ոչ ոք չի վերցնի: Վերցնենք ի՞նչ անենք: Առանց այդ էլ, հատկապես վերջին տարիներին, շատ-շատերն են հրաժարվում իրենց հողատարածքներից, ու գյուղում տարեցտարի ավելանում են անմշակ ցանքատարածությունները»:

Մեկ հողաբաժին (1,5 հա) սեփական վարելահողի համար գյուղացին պետք է վճարի տարեկան 4100 դրամ հողի հարկ, վարձակալական վարելահողի համար՝ 3000-9000 դրամ: Բացի սրանից, պետք է վճարել նաեւ տարեկան 2070 դրամ հողի հարկ՝ սեփական խոտհարքի 1հա-ի եւ 3800-7000 դրամ՝ վարձակալական խոտհարքի 1հա-ի համար: Այսինքն՝ 5 հոգուց բաղկացած ընտանիքն իրեն պատկանող ցանքատարածությունների ու խոտհարքների համար պետք է վճարի միջինը 50-55 հազար դրամ միայն հողի հարկ ու վարձ: Իսկ որքան շատ են ընտանիքի անդամները, այնքան շատ են նրանց պատկանող հողատարածությունները: Գյուղացին դեռ պետք է վճարի հողը վարելու, ցանելու, մոտ 3 տեսակ թունաքիմիկատների ու նաեւ վառելանյութի համար: Սակայն բերքի իրացվելու խնդիր ունեցող գյուղացու համար սրանք փոքր հոգսեր չեն: Վերավաճառողները կարտոֆիլը գյուղացուց գնում են 70-80 դրամով, մինչդեռ մայրաքաղաքում դրա գինն ամբողջ տարվա ընթացքում 250 դրամից պակաս չէ: Բայց միշտ չէ, որ գնորդներ լինում են, ու որպեսզի բերքը չփչանա, գյուղացիներն այն շատ ավելի ցածր գնով վաճառում են մարզի Վահան գյուղի ռազմական զորամասին, որտեղից էլ գումարը հիմնականում փոխանցվում է գյուղապետարան՝ չվճարված հողի հարկի դիմաց: Գյուղացիների ներկայացմամբ. «Անասնապահությունն էլ մեր գյուղում ձեռնտու չէ: Դաշտի համար հարկ ու վարձ ենք վճարում, հետո էլ վճարում ենք խոտ հնձելու, հավաքելու ու տեղափոխելու համար, որ հազիվ մի-երկու անասուն պահենք: Բայց ոչ միսն ենք կարողանում նորմալ գնով իրացնել, ոչ էլ պանիրն ու կարագը: Ստացվում է, որ չարչարվում ենք միայն կաթ ու մածուն ուտելու համար»:

Գետիկի 496 բնակիչների համար գյուղում ընդամենը 34 աշխատատեղ կա, որից 10-ը՝ գյուղապետարանում, 20-ը՝ դպրոցում, 2-ը՝ հեռախոսային ցանցում եւ եւս 2-ը՝ կիսակառույց բուժկետում: Գյուղապետի խոսքով. «Գյուղը ոչ մի մասնագետի կարիք էլ չունի, աշխատելու տեղ չկա: Շատ շրջանավարտներ գնում են մայրաքաղաքում սովորելու ու այնտեղ էլ բնակություն են հաստատում: Աշխատատեղ չլինելու ու նաեւ սոցիալապես ծանր պայմաններում ապրելու հետեւանքով հատկապես վերջին տարիներին տասնյակ տղամարդիկ են գյուղից մեկնել արտագնա աշխատանքի, նրանցից շատերն էլ մեկնել են ընտանիքներով, ու այսօր գյուղի 97 տներից քսանն արդեն բնակեցված չէ: Կա մի անհանգստացնող ցուցանիշ եւս. նախորդ տարի գյուղում մահացել է 11, իսկ ծնվել ընդամենը 2 հոգի: Այսպիսի ցուցանիշ գրանցվում է արդեն մի քանի տարի անընդմեջ»: Գետիկի բնակիչներն ասում են, որ իրենց գյուղը «գլոբուսից դուրս» է գտնվում, իրենք ոչ մի բանից տեղեկություն չունեն, տարիներով ոչ մի թերթ այստեղ չեն ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել