Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառել էր կեղծ դատավճիռ

Հուլիս 17,2007 00:00

\"\"Դատավորի օգնականի գործը կլսվի նրա նախկին աշխատավայրում

Լոռու մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկվել Մարտուն Մկոյանի գործը: Մկոյանն աշխատել է նույն դատարանում, եղել է դատավոր Վահան Հովհաննիսյանի օգնականը:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրգործ էր հարուցել նաեւ Վահան Հովհաննիսյանի նկատմամբ: Վերջինիս՝ դատավորի պաշտոնեական լիազորությունները դադարեցվել էին եւ նրա նկատմամբ կիրառվել էր համաներում:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական Մարտուն Մկոյանը կազմել էր դատարանի կեղծ վճիռ՝ այն տալով Ձորամուտ գյուղի բնակիչ Արամայիս Փնջոյանին: Ըստ այդ վճռի, WDB 2010181F875808 «Մերսեդես Բենց» E-190 մակնիշի ավտոմեքենան ոստիկանությունում հաշվառելու համար ճանաչվել էր տիրազուրկ եւ առանց մաքսազերծման, սեփականության իրավունքով հանձնվել Ա. Փնջոյանին: Դատավորը ստորագրել եւ իր կնիքով վավերացրել էր: Մեկ այլ դրվագով դատավորի օգնականը՝ Մ. Մկոյանը, 600 ԱՄՆ դոլարով մեկ այլ վճիռ էր «կազմել» կամ գուցե ճիշտ կլիներ ասել՝ վաճառել էր վճիռ: Տաշիր քաղաքի բնակչուհի Ռիմա Առաքելյանի «ԲՄՎ-520-1» մակնիշի ավտոմեքենան տիրազուրկ էր ճանաչել եւ սեփականության իրավունքով հանձնել Ռ. Առաքելյանին: Վահան Հովհաննիսյանը, որի արարքը նախաքննական մարմինը ձեւակերպել էր ընդամենը «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ», դարձյալ վավերացրել էր, կնքել վճիռը:

Ընդհանրապես, Մ. Մկոյանը մասնագիտանում էր «անտեր մեքենաներ» հայտնաբերելու վրա: 500 դոլարով էր վաճառվել Յուրիկ Բիձյանի՝ իրավունք վերապահող եւ պատասխանատվությունից ազատող փաստաթղթի եւ դատարանի կայացրած կեղծ վճիռը: Բիձյանի «ԲՄՎ-520-1» մակնիշի ավտոմեքենան նույնպես չէր մաքսազերծվել, դատարանի վճռով տիրազուրկ էր ճանաչվել եւ սեփականության իրավունքով հանձնվել Բիձյանին:

Ուշադրության արժանի է նաեւ այն, որ դատավորի օգնականը դատավոր Վահան Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցնելուց հետո էլ պարապ չի նստել: Իր մոտ ունենալով Վ. Հովհաննիսյանի թվակիր 6 կնիքը, չլրացած ձեւաթղթերով կազմել է 9 կեղծ վճիռ: Այսինքն, դատավորի լիազորությունները վայր դնելուց հետո մարզի «այլընտրանքային» դատավորն է եղել. վճիռներ վաճառել լոռեցիներ Վարուժան Բուլոյանին (500 դոլար), Սուսաննա Գալոյանին (400 դոլար), Զավեն Ավդալյանին (700 դոլար), Նանիկ Ավետյանին (400 դոլար), Հովհաննես Բեզոյանին (500 դոլար), Սամվել Շահբազյանին (500 դոլար), Կորյուն Խաչատրյանին եւ Արայիկ Մարգարյանին (500 դոլար), Սեդա Շամոյանին (500 դոլար): Այդ մարդիկ դատական նիստերի չեն մասնակցել: Վճիռները «կայացրել էր» Մկոյանն անհատապես՝ իր մոտ եղած կնիքով:

Նախաքննական մարմինը բացահայտել էր, որ մեկ այլ դրվագով էլ Մարտուն Մկոյանը Փամբակ համայնքի գյուղապետ Սամսոն Ուլիխանյանի հետ կազմել էր կեղծ տեղեկանք մի քաղաքացու՝ փաստացի բնակության վայրի մասին:

Ինքնակոչ դատավորը իրեն մեղավոր էր ճանաչել եւ ասել, որ օգտվել է դատավորի զբաղվածությունից: Մնացած դրվագներում (վերջին 9 քաղաքացիների) նա հայտնել էր, թե վճիռները տվել է Վահան Հովհաննիսյանի ազատվելուց հետո, նրա հետ նախնական համաձայնությամբ: «Վճիռների կայացման մանրամասներով ինձ դիմած անձինք չեն հետաքրքրվել, ես դրանց մանրամասները, այդ թվում՝ վճիռների կեղծ լինելու մասին, նրանց չեմ ասել»,- ասել էր օգնական Մկոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել