Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿՈՒՂԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԽՆԴԻՐԸ ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է

Օգոստոս 22,2007 00:00

«Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի կառուցումը երկրի մշակութային քաղաքականության առաջնահերթ եւ լուծելի խնդիրներից է:

Երեկվա «Առավոտում» տպագրված Պուշկինի այգու հարեւանությամբ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնին հատկացված տարածքի հանդեպ ոտնձգությունների առիթով քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչություններից ստացված պարզաբանումներից, փաստորեն, ստացվում է հետեւյալ պատկերը. կառավարությունը՝ հոբելյանական հանձնաժողովը, հանձին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի, մասնակցությամբ ընդգրկված մյուս կողմերի, այդ թվում՝ մշակույթի նախարարության, քաղաքապետարանի, Մաթեւոսյանի ժառանգների եւ հիմնադրամի, որոշում է կայացրել: Որոշումը, ինչպես եւ հարկն է, իրականացվել է՝ թղթեր են գրվել, թղթեր ուղարկվել:

«Առավոտը» այս առիթով լսեց նաեւ մեծանուն գրողի որդու՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի խոսքը:

«Ես ողջունում եմ ՀՀ երեք գերատեսչությունների՝ քաղաքաշինության նախարարության, պետական կադաստրի եւ հատկապես քաղաքապետարանի օպերատիվ արձագանքն ու գործողությունները հիմնադրամի 600 քմ հողատարածքից մոտ 100-ի զավթումը կանխելու ուղղությամբ, որով, սակայն, առաջացած թնջուկը բնավ չի լուծվում: Ես ողջունում եմ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ստեղծարար ու պետական այրին հարիր մոտեցումը երկրիս մշակութային կյանքին ու քաղաքականությանը, որ նա քայլ առ քայլ ապացուցում է գործերով: Մերթ մի խնդիր կա կարծեմ՝ իրազեկման, ինչը իրողությունների մասին ճիշտ պատկերացում կազմելու համար կարեւոր է, կարծում եմ, որ վատ իրազեկման կամ չիրազեկման է զոհ գնում քաղաքապետը շատ հաճախ:

Այսպես, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ պարոն Գ. Մկրտչյանը «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տարածքը հարեւանների զավթումից ազատելու մասին իր գրությունն ավարտում է հետեւյալ կերպ. «Միաժամանակ Ձեզ զգուշացվում է քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելուց հետո տնօրինել «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամին տրամադրված 600 քմ մակերեսով հողատարածությունը»:

Այսպես՝ ի լուր քաղաքապետի ասում եմ հետեւյալը.

1. Հիմնադրամը տնօրինո՛ւմ է հողատարածությունը, որ քաղաքապետարանի մի շարք բարձր պաշտոնյաների, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ստորագրությամբ եւ իր՝ քաղաքապետի վերջնահաստատմամբ արված գլխավոր հատակագիծ ունի, որով հստակ նշված երկու հարեւանների դարպասները փակվում են: Այդ հարեւանները, այո, չունեն հիմնադրամի հողը զավթելու իրավունք, բայց նրանք ունեն հանուն իրենց պարզ երթեւեկի, մեր հողատարածքի սերվիտուտ՝ սահմանափակ գործածման իրավունք, որը կարող են դատական կարգով պահանջել: Սա քաղաքապետարանում գիտեն, գիտի Սամվել Դանիելյանը, որ հողը տալուց հետո «զբաղվեց» այս հարցով, ապա մեղմաբար անհետացավ: Եթե հարեւաններն այդ իրավունքը ստանան, հողատարածքը կկորցնի իր մոտ 1/3-ը: Համոզված եմ, որ քաղաքապետը բացարձակ անտեղյակ է այս խնդրին։

2. Հիմնադրամը տնօրինո՞ւմ է հողատարածությունը, որի տարածքով անցնում են Երեւանի մետրոպոլիտենի կոմունիկացիաներ՝ հորատանցքեր եւ հորեր, որոնց հանդեպ քաղաքաշինական որոշակի նորմերը պահպանելով՝ հիմնադրամն էլի մի 100 քմ տարածք կկորցնի: Սա քաղաքապետարանում գիտեն, գիտի Սամվել Դանիելյանը, որ հողը տալուց հետո…

3. Հիմնադրամը, ցավոք, տարածքը ստանալուց հետո միայն տեղեկացավ այս խնդիրներին, որ անպայման լուծում պիտի ստանային համաձայն քաղաքապետարանի տարբեր մակարդակներով, հատկապես Սամվել Դանիելյանի բանավոր հավաստիացումների…

4. Այդ լուծումն էլ հանգուցվում էր մշակութային կենտրոնի եւ մեծ գրողի բնակության վայրի դիմաց՝ հուշաքարի կառուցման նախագծերի մրցույթին, այսինքն ասվում էր՝ կլինի նախագիծը, կհաստատվի, կոմպլեքս կլուծվեն խնդիրները, կսկսվի կառուցումը: Ցավոք, ինչպես տեսնում եմ, քաղաքապետին էլի չեն իրազեկել եւ մրցույթի հարցում էլ քաղաքապետարանը որպես նախագծային հանձնաժողով է ներկայացել: Պիտի ասեմ, որ մրցույթ անցկացնելու միջոցներ եւ մասնագետներ հիմնադրամն ուներ եւ ունի, եւ կառավարության հանձնարարականը վերաբերում էր քաղաքապետարանին, որպես գործադիր իշխանության տեղական մարմնի, որը հետո համապատասխան փաստաթղթերով զինելով նախագծերը, պիտի դներ նախագծման-շինարարական աշխատանքների սկիզբը: Մինչդեռ մրցույթը հետեւյալ ամփոփումն ունի. կառավարությունում ու հիմնադրամում չգիտեն, որ այն տեղի է ունեցել՝ վերջացել է։ Մասնակից ճարտարապետներին կանչել, մասնավոր կարգով հայտնել են, որ հաղթել են երկու նախագծեր (ոչ թե մեկը)։ Մաթեւոսյանի ընտանիքին դարձյալ մասնավոր կերպով անհարիր առաջարկ է արվել՝ գրողի բնակարանի շրջակայքում օլիգարխ կառուցապատողի հետ գործարքի գնալ 70000 ԱՄՆ դոլար գնահատված (ծիծաղելի, անհեթեթ գին) հուշաքարը տեղադրելու դիմաց: Ուրեմն ոչինչ: Համոզված եմ՝ քաղաքապետը բացարձակապես անտեղյակ է այս ամենին, այլապես մշակութային քաղաքականության բարենորոգման փորձեր անող վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարությունում գոնե կիմանային, թե ինչ եղավ մշակութային կենտրոնի կառուցման հարցը: Վերջապես եղել է, չէ՞, դեպքը, երբ քաղաքապետարանը կառավարությանն առաջարկեց գործնականում գոյություն չունեցող Դեղատան փողոցը Հրանտ Մաթեւոսյանի անվամբ կոչել ու ստացավ գրողի ընտանիքի մերժումը:

Կրկնում եմ, խնդիրը այստեղ կարողության ու հնարավորության անհամապատասխանության մեջ է, կամ բարձրի ու առօրեականի անտագոնիզմի: Բարձր են քաղաքապետի ձգտումն ու կամքը՝ նպաստելու Մաթեւոսյանի ժառանգությանն ու երկրում մշակութային երեւույթների իրականացմանը, բայց առօրեական ու սահմանափակ է իրական ընթացքի մասին նրա տեղեկացվածությունը: Քաղաքապետը վեր է քաղաքական, ֆինանսատնտեսական մանր խժդժություններից, որպես պետական այր՝ վեր է մեկին կամ մի քանիսին համա-հակակրելուց, ուղղակի նրան ու մեզ շրջապատող իրողությունն այլ բան է պարտադրում: Այլապես, օրինակ, ինչպես բացատրես ոչ թե մեկի՝ Մաթեւոսյանի, այլ ազգիս արդեն բազում հանճարների ու տաղանդների գերեզմանների հարեւանությամբ, Պանթեոնում կառուցվող մենատները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել