Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՆ

Հոկտեմբեր 26,2007 00:00

Իսկ նրանց պաշտոնաթերթերը՝ կարիերիստ երիտասարդների PR-ի միջոց

Երեկ ԵՊՀ ուսանողական խորհրդի «Մեր ժամանակ» պաշտոնաթերթի շնորհանդեսի առիթով հրավիրվել էին բոլոր բուհերի ուսխորհուրդները, սակայն ժամանել էր միայն ՀՊՃՀ ուսխորհրդի փոխնախագահ Կարապետ Թոռչյանը: «1994-ից՝ ուսանողական խորհրդի ստեղծումից հետո, պաշտոնաթերթ չունեինք: Իսկ դա հարիր չէր մեզ»,- ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Համլետ Մանուկյանը՝ վստահեցնելով, որ թերթը կբարձրաձայնի ուսանողների խնդիրների մասին: «Առավոտի» դիտարկմանը, որ ուսխորհուրդների թերթերը հիմնականում կուսակցականացված նախագահների խոսափողն են, Հ. Մանուկյանը պատասխանեց. «Ուսխորհուրդը ուսանողներին ոչինչ չի թելադրում, որովհետեւ ուսանողներն են այն ձեւավորում»: Իսկ ուսխորհուրդը մի «տրամպլին» չէ՞, որի միջոցով կարելի է քաղաքական կարիերա անել՝ հետաքրքրվեցինք մեր զրուցակցից: «Ուսխորհրդի գործունեության շրջանակում ցանկացած մարդ հասարակական աշխատանքի մեծ փորձ է ստանում, լայն շրջապատ ձեռք բերում: Լինում է, որ ուսխորհուրդների ղեկավարները հետագայում զբաղվում են քաղաքականությամբ, ինչի մեջ վատ բան չկա»,- ասաց նա:

Հայտնի է, որ բոլոր բուհերի ուսխորհուրդները, բացառությամբ մեկ-երկուսի, հանրապետականացված են, ինչի մասին բազմիցս գրվել ու հայտարարվել է: ԵՊՀ ուսխորհրդի անկուսակցական նախագահն այս առիթով ասաց. «Մենք որեւէ քաղաքական ուժի ենթական չենք: Ուսխորհրդի նպատակը ուսանողների իրավունքների պաշտպանությունն է, համալսարանական կառավարման համակարգում ուսանողների մասնակցության ապահովումը»:

ՀՊՃՀ ուսխորհրդի փոխնախագահ Կարապետ Թոռչյանից էլ հարցրինք, թե ինչպե՞ս կարելի է պայքարել այն երեւույթի դեմ, որ ուսխորհրդի պաշտոնաթերթը չդառնա որեւէ քաղաքական ուժի խոսափող: «Դրա դեմ պայքարը պետք է տանեն ուսխորհրդի անդամներն ու ուսանողները: Եթե անգամ այդ պաշտոնաթերթերը դառնում են խորհրդի նախագահի մենաշնորհը եւ նրա խնդիրների բարձրաձայնման միջոցը, մեղավորն ուսանողներն են, չէ՞ որ իրենց ընտրությամբ են այդպիսի մարդիկ հայտնվել ուսխորհրդում»,- նշեց նա: Թոռչյանը նաեւ հավելեց. «Ուսխորհրդի նախագահների՝ կուսակցություններում ընդգրկվելը իրենց անձնական խնդիրն է: Եթե ուսխորհրդի նախագահը կուսակցական է, դա չի նշանակում, որ ողջ ուսխորհուրդը պիտի հարի տվյալ կուսակցությանը: Օրինակ՝ ես անկուսակցական եմ»:

Համահայկական երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիսյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիքի է այն մասին, որ ուսխորհրդի նախագահներից ոմանք հաճախ են հայտնվում իրենց թերթի շապիկին. «ԵՊՀ-ի ուսխորհրդի պաշտոնաթերթից բացի, մյուս բոլոր բուհերի ուսանողական պաշտոնաթերթերի լույսընծայումը ֆինանսավորում է ՀԵՀ-ը: Մենք չենք կարող բոլորին վերահսկել: Մյուս կողմից էլ, եթե կարողանում են ուսխորհրդի նախագահի PR-ը անել, թող անեն, բայց գրագետ ձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել