Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆ Է»

Նոյեմբեր 09,2007 00:00

 ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ մայիսի 12-ին ամենաբարձրագույն սոցիոլոգիական հարցումն է անցկացվել եւ ՀՀԿ-ն իր թեկնածուով ստացել է ամենաբարձր քվեն:

– Շաբաթ օրը կայանալիք ՀՀԿ համագումարին, մեր տեղեկություններով, բազմաթիվ հյուրեր ունեք եւ նաեւ այդ պատճառով եք ընտրել շատ ավելի մեծ դահլիճ, քան «ավանդական» նիստերի դահլիճը: Ովքե՞ր են ձեր հյուրերը եւ ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները:

– Բնական է, առավել քան լավ ենք նախապատրաստվել, քանի որ սա մեր կուսակցության ոչ միայն հերթական համագումարն է, այլեւ՝ նախընտրական համագումարը: Իսկ այս կարեւոր կուսակցական իրադարձությանը, բնականաբար, մասնակցելու հայտ են ներկայացրել շատերը, եւ մենք տրամադրված ենք այնպես կազմակերպել, որ բոլորը մասնակցեն: Արդեն իսկ մեր կուսակցության ակտիվը շատ մեծ է՝ 6-7 հազարից ավելի: Նույնիսկ մեծ դահլիճում մենք չենք տեղավորվում, քանի որ համագումարին ցանկություն են հայտնել մասնակցել նաեւ այն տասնյակ հասարակական-քաղաքական կազմակերպությունները, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել են ՀՀԿ-ին: Հրավիրել ենք բազմաթիվ կուսակցությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, միայն դուք՝ լրագրողներդ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն մոտ 70 հոգի են: Համագումարը կառաջադրի ՀՀԿ նախագահի թեկնածու, եւ դրանից հետո կուսակցությունը կառաջադրի նախագահի թեկնածու: Կարծում եմ, շատ հետաքրքիր եւ ակտիվ համագումար է լինելու, որը շատ հարցերի պատասխանը կտա:

– Որոշ տեղեկություններ կան այն մասին, որ առաջին նախագահի քաղաքական ասպարեզ իջնելուն զուգահեռ, Հանրապետականի շարքերում անհանգստություն կա, եւ ոմանք կարծես չեն կողմնորոշվում իրենց ինչպես պահել: Կա՞ն այդպիսի տրամադրություններ:

– Ասեմ, որ ոմանք ավելի շատ փորձում են իրենց ցանկությունը տարածել եւ մեկնաբանել, թե իբր անհանգստություններ կան: Իրականում մենք շատ հանգիստ ենք եւ անվրդով ու մեր համագումարը կլինի մեր ուժի եւ ամրության հերթական ապացույցը: Առավել եւս ուզում եմ ճշտել, որ քաղաքականության մեջ ասպարեզ չեն իջնում, քաղաքականության մեջ կամ լինում են, կամ չեն լինում, դա ճանապարհ է: Այս դեպքում պիտի որակավորեմ որպես փորձ՝ ընդհատված ճանապարհի շարունակության: Իհարկե, նախագահների թեկնածուները շատ են, պարզապես Լեւոն Տեր-Պետրոսյանը լինելով առաջին նախագահ, հասարակության մեջ որոշակի տրամադրություններ առաջացրեց: Կասեի, որ ամիսների ընթացքում դա շատ սովորական դարձավ, երեւույթը հենց սովորական էլ պիտի դիտել, մենք շատ սովորական ենք նայում տվյալ երեւույթին եւ մրցակցային դաշտում մրցելու ենք բոլոր թեկնածուների հետ:

– Վերջերս երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ընտրվելու դեպքում ինքը չի պատրաստվում ցրել այս խորհրդարանը եւ աշխատելու է նույն խորհրդարանի հետ, արդյոք դա չի՞ նշանակում, որ նա շատ լավ գիտի, որ ԱԺ շենքում առնետավազքը սովորական երեւույթ է:

– Ցավում եմ, բայց, ըստ երեւույթին, այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են քաղաքական պրոցեսներին, ճիշտ չեն հուշում, որովհետեւ քաղաքական մեծ ճանապարհ անցած պատգամավորներ կան, եւ բոլորովին այնպես չի, որ «Էստի համեցեքով» մարդիկ պիտի կարողանան իրենց թիմերն ամրապնդել: Մենք մեր դիրքորոշումն ունենք, ունենք մեր թեկնածուն, եւ գաղտնիք չէ, որ մեր թեկնածուն ամենից ուժեղն է: Նաեւ վերջին սոցիոլոգիական հարցումներն են ապացուցում, որ քաղաքական ամբողջ կապիտալը մեր թեկնածուի կողմն է եւ մեր արդյունքները լինելու են չափազանց բարձր: Պարզապես, միակողմանի հայտարարությունները դիտարկվում են այլ կերպ, որ մենք շատ ավելի տրամաբանված պետք է անցկացնենք ընտրական գործընթացները, որպեսզի խաղաղ անցնի եւ առանձին լարվածություններ չառաջանան: Դա էլ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական իմաստով, որովհետեւ ոչ կայուն պրոցեսները կարող են նաեւ ետ գցել Հայաստանը: Չէի ասի, որ անհոգ ենք, որովհետեւ երկրի ճակատագիրն է որոշվում առաջիկա հինգ-տասը տարիների, բայցեւ չեմ էլ կարծում, որ կարող ենք շփոթվել, ինչպես մամուլն է ենթադրում, քանի որ այն հզորությունները, որ մենք ունենք քաղաքական իմաստով, մեզ հիմք տալիս է առաջ նայել:

– Ի դեպ, սոցիոլոգիական հարցումների մասին. բառացիորեն երկու օր առաջ բրիտանական կազմակերպություններից մեկը ներկայացրեց իր հարցման արդյունքները եւ տարբերությունը ձեր թեկնածուի եւ մյուսների բավականին մեծ էր: Դուք ընդհանրապես հավատո՞ւմ եք հարցումներին:

– Այդ հարցումները մեզ չեն հարկավոր, դրանք ավելի շատ մեր մրցակիցներին են հարկավոր, քանի որ մայիսի 12-ին հանրապետությունում ամենամեծ «սոցիոլոգիական հարցումը» եղավ, եւ Հանրապետականը բացարձակ մեծամասնություն ստացավ, եւ այդ ընտրությունների տրամաբանությունը եւ արդյունքը նաեւ պետք է վերագրել Սերժ Սարգսյանի անձին: Մենք քաղաքական մեծամասնություն ենք եւ եթե, ասենք՝ հավատում ենք, թե չենք հավատում այդ սոցիոլոգիական հարցումներին, ապա կարծում եմ՝ դրանցում մի քիչ էլ քիչ է ասված, որովհետեւ ժողովրդի ձայնն ինքնին ամենաբարձրագույն սոցիոլոգիան է:

– Պարոն Սահակյան, կոնկրետ տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպելով «Լոս-Անջելես-թայմսի» խմբագրակազմի հետ, վարչապետ Սերժ Սարգսյանը որոշ մտքեր է արտահայտել, որտեղ շեշտվում են մեր եւ հարեւանների կրոնական հողի վրա հակասությունները:

– Ասեմ հետեւյալը. մանավանդ բարձր ռեյտինգ ունեցող լիդերների ցանկացած զրույց կարելի է պեղել եւ հատուկ նպատակով շարադրանքներ հորինել: Այն, որ մենք մահմեդական աշխարհով ենք շրջապատված, դա մենք չենք ասում, այդպես էլ կա եւ պատմությունից սկսած կա, բայց երբեւիցե ոչ այսօրվա Հայաստանը եւ ոչ էլ անցյալի Հայաստանը կրոնական հաշիվներ իր հարեւանների հետ չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ: Մեր բոլոր գործընթացներում մենք միշտ էլ դա ապացուցել ենք, այնպես որ, ինչ-որ մթնոլորտից մի բան կտրված ներկայացնել հասարակությանը եւ անմտության հասնել, կարծում եմ, չի կարելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել