Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամբեր Բրյուսելն ու օպերատիվ Փաշինյանը

Նոյեմբեր 05,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Բրյուսելում հայտարարելով, որ Հայաստանը 2027 կամ 2028 թվականներին պաշտոնապես հայտ կներկայացնի ԵՄ անդամակցության համար, Նիկոլ Փաշինյանը դրա հաջորդ օրն իսկ ձեռնամուխ է լինում ընդդիմության դեմ հերթական ուժային գործողությանը, այս անգամ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Թերեւս, անգամ Փաշինյանի մոլի հետեւորդները չունեն կասկած, որ այդ գործողությունները բացառապես քաղաքական մոտիվի հետեւանք են, պարզապես ելնելով իրենց անձնական մոտիվներից՝ նպատակահարմար են գտնում կրկնել պաշտոնական «հիմնավորումները»։

Այստեղ առավել հետաքրքիր է այն, թե ինչ են մտածում այդ ամենի մասին ժողովրդավարության լոկոմոտիվի՝ ԵՄ ներկայացուցիչները։ Օրինակ, նրանք, որոնք երկու տարով տեղակայվել են Հայաստանում՝ հիբրիդային սպառնալիքներից հայկական ժողովրդավարությունը պաշտպանելու «հիմքով»։ Ըստ եվրոպացի այդ դիտորդների, իրավապահ լծակները ընդդիմադիր մրցակիցների դեմ օգտագործելը ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության պաշտպանությո՞ւն է, թե՞ լրիվ հակառակը՝ սպառնալիք։ Սա էլ թերեւս հռետորական հարց է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այդ աստիճան չէր արհամարհի եվրոպացիներին՝ ի վերջո նրանք Հայաստանի ընդդիմադիր ընտրազանգվածը չեն, եւ «մի ոտքը դեռ Բրյուսելում», չէր անցնի ընդդիմության դեմ իշխանության լծակների հերթական կիրառման։ Ավելին, պետք չէ բացառել, որ Բրյուսելում նա կարող էր համաձայնեցրած լինել այդ գործողությունը։

Եթե իհարկե առհասարակ հենց Բրյուսելից էլ չեն թելադրել այն, որպես ԵՄ նվիրվածության «առհավատչյա»։ Համենայնդեպս, երբ մինչեւ 2018 թվականը Հայաստանում որեւէ ոստիկան անցնում էր ընդդիմության որեւէ առաջնորդի կողքով, ԵՄ ներկայացուցիչները՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ, իրենց պարտքն էին համարում արձագանքել այդ «միջադեպին» եւ համենայնդեպս զգուշացնել, որ ոստիկանը կարող էր անցնելիս հանկարծ դիպչել ընդդիմադիր գործչին կամ ակտիվիստին եւ սահմանափակել նրա ազատությունը։ Իսկ հիմա՝ քար լռություն։ Ավելին, ոչ ֆորմալ ներկայացուցիչների մակարդակում անգամ կա Հայաստանի իշխանության այդ գործողությունների հետեւողական քաջալերում եւ «հիմնավորում»։

Ըստ այդմ, դատելով իրերի այդ դրությունից, Նիկոլ Փաշինյանից լսելով 2027–28 թվականներին հնարավոր հայտի մասին, ԵՄ չինովնիկները դրսեւորել են մեծ անհամբերություն եւ նախերգանք են ակնկալել ինչքան հնարավոր է շուտ։ Նիկոլ Փաշինյանն էլ լույսը բացվելուն պես՝ չի հապաղել։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել