Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը՝ առանց ջութակահարի

Դեկտեմբեր 12,2007 00:00

\"\"Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի կունենա նաեւ քառյակի՝ այս տարի թողարկած CD-ի շնորհանդեսը: Երեկ այդ առիթով մշակույթի նախարարությունում ասուլիս էին հրավիրել փոխնախարար Կարինե Խոդիկյանը, Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար, 1-ին ջութակ Էդվարդ Թադեւոսյանը, Սուրեն Հախնազարյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Արամ Թալալյանը (թավջութակ) եւ տնօրեն Արման Պադարյանը: Էդ. Թադեւոսյանը նշեց, որ Ս. Ասլամազյանը կյանքի 45 տարիները նվիրել է Կոմիտասի անվան քառյակին. «Շնորհիվ Ասլամազյանի՝ արտասահմանյան շատ երկրներ ճանաչեցին «Կոմիտաս» քառյակին ու Կոմիտասին: Նրա մանրանվագների մշակումները լարային կվարտետի համար՝ արվել են գեղարվեստական բարձր ճաշակով»: Էդ. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այսօր քառյակի ջութակահար Սուրեն Հախնազարյանի վերջին համերգը կկայանա. «Շատ ենք ցավում, որ նա տեղափոխվելու է Ռուսաստանի Դաշնություն: Առանց ճանաչված ջութակահարի ընկերակցության, մեզ համար դժվար կլինի»: Ս. Հախնազարյանն էլ ասաց, որ իր մեկնելու պատճառն այն է, որ որդին՝ Նարեկ Հախնազարյանը, 2005թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողը, այժմ սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում: Կինը նույնպես Մոսկվայում է. «7 տարի ապրում եմ առանց ընտանիքիս: Վերջապես ուզում եմ միանալ նրանց»: 2-րդ ջութակահարի թափուր տեղի համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Էդ. Թադեւոսյանը խոսեց նաեւ իրենց՝ վերջերս կայացած թբիլիսյան եւ մյուս համերգներից. «Ներկա էր Թբիլիսիի արվեստագետների սերուցքը: Ջերմ ընդունելության արժանացանք: Այս տարի համերգներ ունեցանք նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում…: Օրինակ, «սառը» Շվեդիայում 7 րոպե ոտքի կանգնած բրավոներ են հնչեցրել՝ Կոմիտասի մշակումների կատարումից հետո: Իսկ տարիներ առաջ, երբ Մոզամբիկում նվագեցինք «Վաղարշապատի պարը», անգամ երեխան մեջքին կապած մի նեգրուհի այնքան էր ոգեւորվել, որ պարում էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել