Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 22,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ երրորդ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Այնպես որ, հուլիսի քսանվեցը բոլոր առումներով ամենահարմարն է, եւ եթե դուք էլ եք կարծում, որ ընդունելության քննությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ, կարող ենք ընդհանուր համաձայնության գալ եւ հուլիսի քսանվեցը ո՛չ միայն «Կաշառք չվերցնելու օր» հայտարարել, այլեւ էդ օրը ներառելով մեր ազգային տոների շարքը՝ հուլիսի քսանվեցը հայտարարել ո՛չ աշխատանքային օր՝ ներառյալ նաեւ ընդունող հանձնաժողովների ու դիմորդների համար, եւ եթե էս ասածս իրականություն դառնա, կարծում եմ, արդյունքը գրեթե հարյուրտոկոսանոց կլինի, եւ «գրեթե» եմ ասում, որովհետեւ մեզանում երբեմն նաեւ դաչաներում՝ ոչ աշխատանքային օրերին են կաշառք տալու ու առնելու դեպքեր պատահում, բայց դրանք ընդամենն անցանկալի բացառություններ են, եւ որպեսզի էս եւ այլ բացառություններն օրինաչափություն չդառնան, պիտի կոնսենսուսի գանք ու համաձայնվենք, որ համահայաստանյան էդ միջոցառման առումով հուլիսի քսանվեցը միանգամայն ճշգրիտ ու գտնված օր է, եւ դուք արդեն վկա եք, որ սա անձամբ ի՛մ մտահղացումն է, ու էս տոնն առաջարկելով՝ առաջարկում եմ նաեւ հաջողության դեպքում անուն առ ազգանուն հիշել նվաստիս, որովհետեւ որեւէ գյուտարար իր իսկ գյուտից չի կարող հաճույք ու բավականություն ստանալ հեղինակային իրավունքի բացակայության դեպքում, եւ չնայած էս մտահղացումս դժվար է գյուտ անվանել, բայց հաջողությամբ պսակվելու դեպքում շատ հնարավոր է՝ գյուտի նշանակություն ու արժեք ձեռք բերի, եւ ամենեւին պարտադիր չէ, որ էս մտահղացումս վաղը եւեթ կյանքի կոչվի, որովհետեւ էս մտահղացումս մարսելու համար ձեզ ու նաեւ ինձ մի քիչ ժամանակ է հարկավոր, ինչպես որ՝ որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի որոշ մարդիկ հասկանան, որ Հանրապետության հրապարակի՝ Լենինի արձանից ազատված տեղում Սասունցի Դավթի արձանը պիտի կանգնեցվի, ընդ որում՝ հենց Քոչարի՛ կերտած Դավիթը պիտի կայարանից տեղափոխվի ու գլխավոր հրապարակում դրվի, եւ երբ իննսունյոթին «Առավոտում» էդ առաջարկությամբ հանդես եկա, շատերն էդ առաջարկությունս տարբեր թերթերում քննադատեցին, բայց Վանոն, որ էդ օրերին քաղաքապետ էր, էդ առաջարկությունս միանգամայն լուրջ ընդունեց հատկապես էն բանից հետո, երբ աֆղանցիների առաջնորդ Մխիթարյան Արմենն էդ հոդվածս կարդալով ու ոգեւորվելով՝ սիրով ու ինքնակամ հանձն առավ Դավթի արձանը սեփական միջոցներով կայարանից հրապարակ տեղափոխելու հարցը, եւ էդ հարցն էդ օրերին էլ երեւի գլուխ կգար, եթե հենց էդ օրերին Սմբատիչի ու Սեդրակիչի հարաբերությունները չփչանային, եւ իշխանափոխությունից հետո, բնականաբար, էդ արձանի հարցը տեւականորեն քնեց ու վերջերս նորից արթնացավ «Նովոյե վրեմյա» թերթի էջերում, եւ արթնացնողն էլ հիմնականում մեր էն գրագետներն էին, որ ուղիղ տասը տարի առաջ «Գրական» եւ այլ թերթերում սվիններով ուղղակի քրքրեցին իմ էդ առաջարկությունը, եւ հետաքրքիրն էն է, որ երբ էդ առաջարկությունս հիմա էստեղ ու էնտեղ իրենց անունից տպում ու հնչեցնում են, ոչ մի դեպքում անունս չեն հիշում ու չեն նշում, եւ դա չափազանց վիրավորական է, եւ էս ընթացքում դաշնակցականներն էլ իրենց նախընտրական կլիպներից առաջ Սասունցի Դավթի արձանն են ցույց տալիս՝ հենց մեր գլխավոր հրապարակի ֆոնին, եւ վերստին վիրավորական է, որ մտահղացումդ հիշում ու քեզ մոռանում են, մանավանդ որ՝ Քոչարի որդու՝ Հայկազի հետ էնքան էինք Դավթի էդ երկրորդ հայտնության տեսլականով ոգեւորվել, որ Հայկազն արդեն մի քանի տարբերակով նախագծել, նկարել ու համարյա իրականություն էր դարձրել Սասունցի Դավթի էդ երկրոդ հայտնությունը՝ կապի նախարարության եւ «Արմենիա» հյուրանոցի տանիքներին երեւակայական գունավոր լուսարձակներ տեղադրելով ու Դավթի էդ երկրորդ հայտնությունն իսկական հրաշքի վերածելով, եւ Հայկազի պատկերացրածն ու նկարածն էնքան սիրուն էր, որ եթե մի գեղեցիկ օր իրականություն դառնա, երեւի էնքան էլ չսրտնեղեմ, որ անունս ու մտահղացումս էդպես անգթորեն իրարից կտրել են, որովհետեւ, ինչքան էլ անարդար լինի, կարեւորը մտահղացումն է, եւ ոչ թե՝ հեղինակի անունը, ու վերջերս էլ, երբ Սերժ Ազատիչը հաջողացրեց մեր մայրաքաղաքը Նյու Վասյուկի դարձնել, ոչ ոք չի համարձակվում նշել ու շեշտել, որ էդ մտահղացումն ու էդ գաղափարը ոչ թե Ազատիչինն են, այլ՝ լուսահոգի ու երջանկահիշատակ Օստապ Իբրահիմովիչինը. մի խոսքով, եթե նույնիսկ իմ մահից հետո էս մեկը մեկից սիրուն մտահղացումներս կյանքի կոչվեն, էլի շատ գոհ կլինեմ, եւ անունիս առումով էլ, կարծում եմ, անհանգստանալու կարիք առանձնապես չկա, որովհետեւ, ինչքան էլ մոռանան, չհիշեն ու չնշեն, միեւնույն է, մեկնումեկը միանգամայն հանկարծակի ու պատահաբար կհիշի՝ ինչպես որ ե՛ս Նյու Վասյուկիի առիթով միանգամայն հանկարծակի ու միանգամայն պատահաբար արժանահիշատակ Օստապ Իբրահիմովիչ Բենդերին հիշեցի:

Այսուհանդերձ, Նյու Վասյուկին ու Օստապ Իբրահիմովիչին հիշելս էնքան էլ հանկարծակի ու պատահական չի, որովհետեւ հիմա՝ էս պահին Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջան է, եւ վերջերս օլիմպիական չեմպիոն դարձած մեր շախմատիստները նախընտրական ու սատարողական հայտարարություն են արել հանրապետականների առումով, եւ չնայած իրենց էս սատարողական հայտարարությունը մանավանդ Հայաստանի պայմաններում միանգամայն տրամաբանական է, այդուհանդերձ, մեր ընդդիմադիր մամուլը թեթեւակի կպավ Արոնյանին ու նրա կոլեգաներին, եւ չնայած մեր օլիմպիական չեմպիոններին դեռեւս պնակալեզ անվանող չի եղել, այլ միայն ու ընդամենը՝ իշխանամետ ու պատեհապաշտ, բայց մեր բազմահմուտ ընթերցողն, ի վերջո, իշխանամետի ու պատեհապաշտի անվան տակ հենց պնակալեզ է պատկերացնում ու նկատի ունենում, եւ չնայած ընթերցողներից ամենափորձառուները պատեհապաշտ ու իշխանամետ կարդալով՝ հենց պնակալեզն են պատկերացնում, այդուհանդերձ, մեր լրագրողներն իրենց խիղճը լրիվ չեն կորցրել ու մեր հին ու նոր չեմպիոններին՝ ներառյալ Ազարյանին, դեռեւս պնակալեզ չեն անվանել, այլ ընդամենը՝ իշխանամետ ու վատագույն դեպքում՝ պատեհապաշտ, եւ նմանապես Ջիվան Գասպարյանին դեռեւս պնակալեզ անվանող չի գտնվել, որովհետեւ, փաստորեն, Ջիվան Գասպարյանն էլ դուդուկի՛ գծով է աշխարհի չեմպիոն, եւ չնայած ժամանակին Լեւոն Մադոյան ու Վաչե Հովսեփյան ենք ունեցել եւ հիմա էլ Գեւորգ Դաբաղյան ունենք, այդուհանդերձ, ճակատագիրն ու բախտը հենց Ջիվան Գասպարյանին լիասիրտ ժպտացին, եւ ժամանակը հենց նրան համաշխարհային տրասս հանեց, եւ հիմնականում էդ է պատճառը, որ նրան էլ պնակալեզ ու մտավորական չեն անվանում, այլ ընդամենը՝ իշխանամետ ու վատագույն դեպքում՝ պատեհապաշտ, եւ չնայած շախմատը միանգամայն մտավոր աշխատանք է, բայց մեր շախմատիստներին էլ պնակալեզ ու մտավորական չեն անվանում, եւ շատ էլ ճիշտ են անում, որովհետեւ եթե չափներս չճանաչենք ու մեր չեմպիոններին էլ պնակալեզ ու մտավորական անվանենք, հետո մի օր գլխներիս ենք տալու՝ տեսնելով ու համոզվելով, որ տակը չվարկաբեկված բան չմնաց, եւ, բացի այդ, եթե մեջներիս մի քանի ընտրյալներին էլ փչացնենք, ինքներս մեզ փչացրած կլինենք, որովհետեւ մանկուց նաեւ «Փառքի օղակները» դիտելով ու ազարյանական խաչի էության մեջ խորանալով ենք եկել ու հասել մեր էս արդարասեր ու ընդդիմադիր վիճակներին, եւ Ջիվան Գասպարյանի դուդուկի տակ էլ միանգամայն անխառն ու ազգային խոկումներ ենք ապրել՝ մանավանդ եթե իր էդ նվագն արտասահմանյան ֆիլմերից ենք կորզել ու որսացել, եւ վերադառնալով մեր շախմատիստներին՝ անհամեմատ ավելին կարող եմ ասել, որովհետեւ երբ մերոնք շախմատի օլիմպոսն էին գրոհում, էդ ամբողջ ընթացքում «Առավոտի» Տիկոյի ու Վալոդի հետ համակարգիչով մերոնց խաղերին էինք քայլ առ քայլ ու շնչակտուր հետեւում, ու էդ ընթացքում ահագին շախմատ խաղալ սովորեցի, ավելի ճիշտ՝ սկզբնախաղ ու միջնախաղ, իսկ ինչ վերաբերում է վերջնախաղին, դրան դեռեւս մանկուց եմ տիրապետել, եւ չնայած անձամբ երբեւէ շախմատ չեմ խաղացել, բայց միշտ էլ կողքանց նայել ու խաղացողներին ահագին օգտակար քայլեր եմ հուշել, եւ հուշածս քայլերը միշտ էլ կարեւոր ու որոշիչ նշանակություն են ունեցել, ու Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի բոլոր շախմատ խաղացողները խաղատախտակի առաջ դեմդիմաց նստելով՝ նախապես ինձ խստիվ զգուշացնում էին՝ «թե հուշելու ես՝ չխաղանք», եւ իրենց էդ նախազգուշացումից ինձ շատ լավ էի զգում եւ վերջնախաղի ամենավճռորոշ ու ամենաճակատագրական պահին քայլս հուշում էի, ու գրեթե միշտ հուշածս քայլը ճակատագրական նշանակություն էր ունենում հաղթողի ու պարտվողի համար, եւ, գրեթե միշտ, հաղթողը հուշելուս նշանակությունը չէր գիտակցում ու հուշելս չէր գնահատում, մինչդեռ պարտվողը լավ էլ գիտակցում ու վրաս գոռում էր՝ «տղա ես՝ նստի խաղանք», բայց ես երբեք շախմատի խաղատախտակի առաջ չէի նստում ու առ էսօր էլ նստած չկամ, որովհետեւ սովորություն չունեմ խաղալ էն խաղերը, որոնք ինձանից լավ են խաղում հարյուր հազարավորները՝ տարբեր տարիքի, տարբեր սեռի ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ու էսօրվա դրությամբ ամենակարեւորն էն է, որ հենց մերո՛նց հաջողվեց էս մարզաձեւի օլիմպոսը նվաճել, ու մերոնց կողմից էդ օլիմպոսի առման առումով կարեւորագույն հանգամանքն ինձ համար էն էր, որ մերոնք ինձ, Տիկոյին ու Վալոդին էլ մասնակից դարձրին շախմատային օլիմպոսի առման էդ երկարատեւ գործընթացին, ու էս երեքս էդ ամբողջ ժամանակ ոչ միայն ռուսների, վրացիների, չինացիների ու այլոց դեմ էինք մերոնց կողմից խաղում, այլեւ՝ միմյանց դեմ, եւ որպեսզի էս ասածս ձեզ հասկանալի լինի, պիտի մանրամասնեմ ու ասեմ, որ Արոնյանից, Գաբրիել Սարգսյանից, Մինասյան Արտաշից ու մյուսներից առաջ՝ ես, Տիկոն ու Վալոդը փորձում էինք նախօրոք ու անձամբ գուշակել մերոնց ու նաեւ հակառակորդների կատարելիք քայլերը եւ շատ դեպքերում միանգամայն ճիշտ էինք գուշակում, ընդ որում՝ շատ դեպքերում հենց ամենաճիշտ ու ամենաորոշիչ քայլերն էինք ճշգրիտ գուշակում, եւ շատ դեպքերում հենց ե՛ս էի ճշգրիտ գուշակում, եւ շախմատային էդ օլիմպիական մրցումներին ու շախմատիստներին զուգահեռ՝ ես, Տիկոն ու Վալոդն իրար մեջ էինք մրցում, թե՝ երեքիցս ո՞վ ավելի ճիշտ կգուշակի, բայց հետո, երբ իսկական շախմատիստների միջեւ պայքարը սրվեց, ու արդեն զգացվեց, որ մերոնք չեմպիոնության շանսեր ունեն, մենք մեր ներքին հաշիվը կորցրինք եւ երեքով միասին սկսեցինք մերոնց համար քայլեր գուշակել եւ արդեն մերոնց միավորներն էինք հատիկ-հատիկ հաշվում՝ հընթացս ու օնլայն մասնակցելով յուրաքանչյուր տախտակի վրա մղվող ճակատամարտերին, եւ երբ մերոնք վեջին տուրերում նախ ոչ ոքի խաղացին Ռուսաստանի ուժեղ թիմի հետ, իսկ այնուհետեւ հաղթեցին չինացիներին ու ուկրաինացիներին, երկրորդ տեղն արդեն ո՛չ մերոնց էր բավարարում եւ ո՛չ էլ հատկապես ինձ, Վալոդին ու Տիկոյին, ու վերջին տուրում հունգարացիների հետ նույնիսկ ոչ-ոքին էր բավարարում, եւ էդ ոչ-ոքին վերջին օրը տեղի ունեցավ, բայց մենք՝ երեքս էդ ոչ-ոքիի հարցում որեւէ դերակատարություն չունեցանք, որովհետեւ էդ վերջին օրը շաբաթ էր, ու մենք «Առավոտի» էդ ղսմաթով համակարգչից օգտվելու հնարավորություն չունեինք, ու էդ շաբաթ օրը գնացի Շախմատի տուն ու հենց դռների մոտ զգացի՝ որ մերոնք չեմպիոն են դառել, որովհետեւ շախմատի տան դռների մոտ հավաքվածների երջանիկ հայացքներից ուրախությունն ու երջանկությունն ուղղակի չռռում էին, եւ, հիշում եմ, էդ պահին կյանքումս առաջին անգամ բջջային հեռախոսի իմաստը հասկացա, որովհետեւ, եթե բջջային ունենայի, հենց էդտեղից կզանգեի Տիկոյին ու Վալոդին, որպեսզի մեր միասնական հաղթանակի լուրն անձամբ ինձնի՛ց առնեին, բայց մենք միայն երկուշաբթի իրար շնորհավորեցինք ու մեր էդ միացյալ հաղթանակը տպարանի ճաշարանում նշեցինք, ու էդ օրն էնքան էի ոգեւորվել, որ երեկոյան գնացի օպերայի հրապարակ, ուր ահագին ժողովուրդ էր հավաքվել՝ դիմավորելու Թուրինից ժամանող մեր չեմպիոններին, բայց ինքնաթիռն ուշանում էր, եւ ես չմնացի ու եկա տուն, որովհետեւ էդ ամենն ուղիղ եթերով ցույց էին տալու, եւ երբ տուն մտա, մեր հեռուստացույցի էկրանին շողշողուն ու բախտավոր մեր չեմպիոններն էին՝ բարեհաջող Երեւան ու Ազատության հրապարակ հասած, եւ Արամ Ասատրյանը, Թաթան, Շուշանն ու մյուսներն իրար հերթ չտալով՝ երգում ու պարում էին, եւ Անդրանիկ Մարգարյանն էլ էր ծանր-ծանր պարում, եւ Ազատիչն էլ էր պարում՝ Քոչարյանից մի քիչ տարբեր, եւ իրենցից մի քիչ հեռու Մերուժն էր, եւ բոլորը պարում էին, եւ բոլորի հետ նաեւ մեր չեմպիոններն էին պարում, բայց ամենից շախով Գաբրիելն էր պարում, ու զգացվում էր, որ ինքն էնքան էլ պրոֆեսիոնալ չի՝ որ փորձեր իր անձնական երջանկությունը շրջապատից թաքցնել. ի տարբերություն Արոնյանի, որը Թուրինից ոչ թե Երեւան էր թռել, այլ՝ ուղիղ Գերմանիա, եւ օպերայի հրապարակում հավաքված բազմությունն էլ, որ մի քանի ժամ համբերատար սպասել էր ուշացող ինքնաթիռի վայրէջքին, էդ գիշերվա կեսին ցնծում ու պարում էր, եւ բեմի վրա գտնվողներն էլ էին շարունակում պարել, ու մանավանդ Գաբրիելն էր շարունակում, ու ես մտքով տեղափոխվել էի վաթսունականների սկզբները, երբ հորս հետ համարյա ամեն օր գնում էինք օպերայի հրապարակ՝ Պետրոսյանի խաղը նայելու, եւ չնայած հայրս է՛լ երբեք շախմատ չէր խաղում, բայց շախմատին ու շախմատիստներին առանձնակի հարգանքով էր վերաբերվում, եւ հայրս, որ ի տարբերություն ինձ՝ ո՛չ միայն շախմատ չէր խաղում, այլեւ շախմատի քայլերն էլ չգիտեր, առանձնակի ուշադրությամբ էր նայում օպերայի պատից կախ էդ մեծադիր խաղատախտակին, ու էդ օրերին մտքովս անգամ չէր անցնում, որ հայրս շախմատի տարրական քայլերը չգիտի, որովհետեւ ինքը ոչ միայն էդ խաղատախտակին ամենաերկար ու ամենաուշադիր նայողն էր, այլեւ՝ Պետրոսյանի յուրաքանչյուր հաղթանակից ամենաշատ ուրախացողը, եւ չնայած հայրս, ի տարբերություն մյուսների, իր ուրախությունը բառերով ու բղավոցներով չէր արտահայտում, բայց իր թաց աչքերից իր ուրախությունն ու ցնծությունն ուղղակի հորդում էին, եւ չնայած հայրս իր կենդանագրական արհեստով առանձնապես մեծ գումարներ չէր աշխատում, բայց Պետրոսյանի ամեն հաղթանակից հետո՝ հաջորդ առավոտ ահագին ծախս էր անում եւ իր արվեստանոցում շատ ճոխ սեղան էր գցում, եւ մինչեւ իրիկուն իր աշակերտների, Ֆրունզիկի ու մյուս հյուրերի հետ շատ ճոխ նշում էին, եւ մեր բախտից՝ Պետրոսյանը հազվադեպ հաղթում ու հիմնականում ոչ-ոքի էր խաղում, եւ չնայած էդ օրերին ինքս էլ շախմատի քայլերը չգիտեի, բայց արդեն գիտեի, որ չնայած Պետրոսյանը հազվադեպ է հաղթում, այդուհանդերձ, իր պարտվելն առավել հազվադեպ պատահող բան է, եւ պարտությունների էդ հազվադեպ օրերին հայրս չոր աչքերով լուռ-լուռ էր ու օպերայից մինչեւ Մետաքս ամբողջ ճանապարհին հետս բառ անգամ չէր խոսում, եւ մինչեւ տուն հասնելը մտնում էինք Աբովյանի վրայի իր արհեստանոց, եւ հայրս ահագին ժամանակ գլուխը ձեռքերով բռնած՝ լուռումունջ նստում էր, հետո դարակից հանում էր շախմատի աղյուսակը, երկար ուսումնասիրում էր եւ երկար ուսումնասիրելուց հետո Բոտվիննիկի անվան դիմաց գրում էր՝ մեկ, իսկ Պետրոսյանի անվան դիմաց՝ զրո, ու էլի ահագին ժամանակ գլուխը ձեռքերով բռնած՝ լուռումունջ նստում էր, ու էդ պահերին սիրտս ահավոր էր նեղվում, չնայած գիտեի ու համոզված էի, որ Պետրոսյանի էդ անհաջողությունն ու հորս սրտնեղությունը ժամանակավոր են, որովհետեւ հորս արհեստանոցի պատին իր իսկ նկարած Պետրոսյանն ու Բոտվիննիկն էին, եւ Վարդան Մամիկոնյանի սաղավարտով ու Մամիկոնյանի ձիով Պետրոսյանը Մամիկոնյանի սրով սրախողխող էր անում Իլյա Մուրոմեցի հանդերձանքով Բոտվիննիկին, ու հորս շախմատի էդ աղյուսակի վրա էլ էր էդ նույն նկարը պատկերված, եւ հայրս իր նկարած էդ կռվի տեսարանը ֆոտոյով փոքրացրել ու էդ աղյուսակի հետ տեղավորել էր փոքր ֆորմատի լուսանկարչական թղթի վրա եւ ֆոտոյով բազմացնելով՝ էդ հարյուրավոր աղյուսակները ձրի բաժանել էր օպերայի հրապարակում հավաքվածներին. ավելի ճիշտ՝ ոչ թե ինքն էր անձամբ բաժանել, այլ էդ գործն իր աշակերտներին էր հանձնարարել, եւ էդ օրերին օպերայի հրապարակում հավաքվող բոլորն ունեին հորս էդ, ուրեմն, կոլաժը, բայց օպերայի բակում հավաքվածներից միայն ես գիտեի, որ էդ կոլաժն անձամբ հորս նկարածն է, եւ շուտով հորս նկարածը միանգամայն իրականություն դարձավ, եւ վերջնական հաղթանակի հաջորդ առավոտ հորս արհեստանոցում վերջնական հաղթանակի սեղանը շատ ճոխ գցված էր, եւ վերջնական հաղթանակի էդ սեղանը հորս վրա առանձնապես թանկ չնստեց, որովհետեւ էդ առավոտ Ֆրունզիկն ու բոլորն իրենց իսկ կոնյակներով ու օղիներով ներկայացան, իսկ Վաղինակ Մարգունին, հիշում եմ, մի շատ մեծ բաստուրմա էր բերել, եւ Ֆրունզիկն ու բոլորը բաժակներն իրար խփելով՝ նախ եւ առաջ հորս էին շնորհավորում, եւ, հիշում եմ, Ֆրունզիկն իր բաժակը հորս բաժակին խփելով ասաց՝ «չարչարանքդ ապաշխարանք, ուստա Հակոբ», եւ վերջնական հաղթանակի ու անձամբ Պետրոսյանի կենացը խմելուց հետո Մարգունին գրպանից «Սովետական Հայաստան» թերթը հանեց, հորս աշակերտ Ֆելոյից շախմատն ուզեց եւ թերթից նայելով՝ Ֆրունզիկի հետ շարեցին Պետրոսյանի վերջին հաղթանակի վերջնախաղը, եւ քայլերն անելով՝ Ֆրունզիկն ամեն քայլից հետո հիացած նայում էր հորս ու ասում էր՝ «տես՝ ինչ քայլ ա անում, ուստա Հակոբ», եւ Մարգունին էլ ամեն քայլից հետո ասում էր՝ «անդանակ մորթում ա», եւ հայրս ժպտում ու գլուխն իմաստալից տմբտմբացնում էր, եւ էդ ժամանակ ինքս էլ չգիտեի, որ հայրս էդ հինավուրց խաղից ընդհանրապես գաղափար չունի:

Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես ոչ միայն շախմատի քայլերը գիտեմ, այլեւ էնքան գիտեմ, որ մեր օլիմպիականների հաղթարշավի կեսերին իմ գուշակություններով արդեն ահագին առաջ էի անցել «Առավոտի» Վալոդից ու Տիկոյից, բայց, Վալոդի ու Տիկոյի բախտից, մանավանդ վերջին հինգ տուրերում չեմպիոնության համար պայքարն էնքան թեժացավ, որ մենք մեր միավորների հաշիվը կորցրինք ու մեր ներքին մրցակցությունից ձեռ քաշեցինք, եւ հիմա, երբ մեր էդ շախմատային միամսյակը հիշում եմ, զգում եմ, որ ի վիճակի չեմ մեր շախմատիստների դեմ որեւէ բան գրել, մինչդեռ առավոտից տրամադրվել էի էլեկտրոնայինի համար մի խմբագրական գրել ոչ ավել ոչ պակաս՝ շախմատի մեր օլիմպիական չեմպիոնների մասին, ավելի ճիշտ՝ նրանց դեմ, քանի որ էլեկտրոնայինն ընդդիմադիր է, իսկ մեր օլիմպիական չեմպիոնները նախօրեին մի հայտարարություն են ստորագրել Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ու էդ առթիվ միասնաբար սատարել են հանրապետականներին, բայց ահա հիշելով իմ, Տիկոյի, Վալոդի ու բոլորի էդ շախմատային ցնծությունը՝ էլեկտրոնայինի էդ խմբագրականը մի կողմ դրեցի եւ սկսեցի շախմատային էս հիշողություններս գրի առնել, եւ հիմա որ շախմատիստների էդ նախընտրական հայտարարության վրա ավելի եմ կենտրոնանում, սկսում եմ մտածել, որ ես մեր շախմատիստներին մեղադրելու բարոյական իրավունք էլ չունեմ, եւ հենց էս դեպքերում եմ հատկապես «մի դատիր, որ չդատվես» խորհուրդը հիշում, որովհետեւ էսպիսի դեպքերում մտածում եմ՝ «իսկ եթե իշխանություններն ինձ առաջարկեին էդպիսի հայտարարության տակ ստորագրել, ե՞ս ինչպես կվարվեի», ու առժամանակ էս հարցի վրա կանգ առնելով՝ ոչ մի կերպ չեմ կարողանում հստակ պատասխան տալ իմ իսկ հարցին, մանավանդ որ՝ երբեւէ ինձ էդպիսի առաջարկ չի արվել, այսինքն՝ երբեք չեմ կարող ասել երբեք՝ քանի դեռ էդպիսի առաջարկ չեմ ստացել, եւ քանի դեռ նման առաջարկ չեմ ստացել, բարոյական իրավունք չունեմ դատել նման առաջարկ ստացածներին՝ մանավանդ շախմատիստներին ու մանավանդ օլիմպիական չեմպիոն շախմատիստներին, բայց, մյուս կողմից էլ, մի քիչ վիրավորական է, որ մեր անկախության էս զույգ տասնամյակների ընթացքում իշխանություններից ոչ մի անգամ էդպիսի առաջարկ չեմ ստացել, այլ միայն՝ ընդդիմությունից, եւ էս հանգամանքից արդեն սկսում եմ բարդույթավորվել ու մտածել, որ մեր իշխանություններն, ի տարբերություն ընդդիմության, ինձ աննշան մեկն են համարում ու ստորագրությանս կարիքն էլ երբեւէ չեն զգացել, բայց երբեմն-երբեմն նաեւ հակառակն եմ մտածում եւ հակառակը մտածելով՝ սկսում եմ ինքս ինձ կարեւորել ու մտածել, թե՝ մեր իշխանությունները հասկանում են, որ գրող մարդն ուրիշի գրած տեքստի տակ չի ստորագրի՝ թեկուզեւ էդ տեքստը լինի Շեքսպիրի «Համլետի» հզորության, որովհետեւ երբ գրողն ուրիշի գրածի տակ ստորագրում է, դա գրողական մեր լեզվով կոչվում է գրագողություն, մինչդեռ հակառակը կարելի է. այսինքն, կարելի է գրել եւ գրածիդ տակ ընդհանրապես անուն չգրել կամ, ասենք, որեւէ կեղծանուն դնել, ու ես հիմնականում էդպես էլ անում եմ, եւ եթե մեր շախմատիստների դեմ գրեի, էլի տակն անունս չէի դնելու, որովհետեւ, էլի եմ ասում, ես գերադասում եմ գրածներիս տակ անունս չգրել, քան՝ ուրիշների գրածների տակ անունս ու ազգանունս դնել, եւ, բացի այդ, խղճի հարց էլ կա եւ շարունակում է լինել՝ քանի դեռ խիղճ ասածն իր մասին հիշեցնում ու զգացնել է տալիս, եւ էս դեպքում խոսքը ոչ թե ընդհանրապես խիղճ կոչված երեւույթին է վերաբերում, այլ՝ իմ սեփական խղճին, որն էսօրվա դրությամբ միակ սեփականությունս է եւ չնայած կադաստրի ու նոտարի կնիքով վավերացված չի, այդուհանդերձ, այն դժվար է խլել ինձանից, եւ չնայած խլելու փորձեր արվել են, բայց զգալով ու հասկանալով, որ էս դեպքում մինչեւ վերջ գնացող եմ, վազն են անցել ինձանից՝ հավանաբար հասկանալով, որ չի կարելի մարդուց իր միակ ունեցվածքն ու սեփականությունը խլել, եւ հիմա էս հարցի շուրջ մտմտալով՝ գլխի եմ ընկնում, որ այլ սեփականություն էլ ունեմ՝ որն անհնար է խլել ինձանից, ու էս երկրորդն իմ կյանքն է, ավելի ճիշտ՝ մի անգամ արդեն ապրված ու արդեն անցյալ դառած իմ կյանքը, որը կիսատ թողած՝ այլոց ունեցվածքի ու սեփականության դեմ եմ ոտնձգություններ կատարում, իսկ ինչ վերաբերում է մեր օլիմպիական չեմպիոն շախմատիստների նախընտրական հայտարարությանը, դրան նույնիսկ էս վեպիս մեջ չարժեր անդրադառնալ թեկուզեւ հրատապության բացակայության պատճառով, որովհետեւ, մինչեւ էս հատվածս «Առավոտում» տպագրվի, երեւի նախագահական ընտրություններն արդեն սկսված լինեն, ու մեր օլիմպիական չեմպիոն շախմատիստներն էլ միանգամայն նոր հայտարարություն ստորագրած լինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել