Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 02,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ յոթերորդ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Չնայած իր դասավանդած առարկայի անվանումը «Հին աշխարհի պատմություն» էր, եւ չնայած բոլորն էին ասում, որ ինքը հանրապետության մասշտաբով պատմության լավագույն մասնագետներից է, այդուհանդերձ, Շինելը պատմական իրադարձություններն ու ժամանակները մի գլուխ խառնում էր եւ հատկապես մեզ դասավանդելու տարիներին էր ահավոր խառնում, որովհետեւ իր կանտուզիայի հետեւանքները հիսունականների կեսերին ի հայտ եկան եւ վաթսունականների սկզբներին ավելի ընդգծվեցին, բայց մեր դպրոցի տնօրեն Տիտանյանը Շինելին էն աստիճանի էր հարգում, որ մտքի ծայրով էլ չէր անցկացնում Շինելին աշխատանքից ազատել, եւ երբ Շինելն ամիսներով հիվանդանոց էր ընկնում, Տիտանյանը Շինելի տեղը նույնիսկ փոխարինող չէր նշանակում, որպեսզի դրանով հանկարծ ու Շինելին վիրավորած չլինի, որովհետեւ, ըստ ամենայնի, Տիտանյանի համար մարդ արարածն ավելի կարեւոր էր, քան՝ պատմությունն ու մանավանդ հին աշխարհի պատմությունը, եւ չնայած բոլորս գիտեինք, որ Շինելի հիվանդությունը նաեւ հոգեկան բնույթ ունի, եւ չնայած Տիտանյանն էդ բանը բոլորիցս լավ գիտեր, բայց հենց Տիտանյանը չէր մտածում Շինելին աշխատանքից ազատելու մասին եւ նմանապես Շինելին փոխարինող գտնելու մասին չէր մտածում, եւ մենք օրեր ու երբեմն ամիսներ շարունակ հին աշխարհի պատմությունից ազատ՝ թրեւ էինք գալիս մեր դպրոցի բակում ու շրջակայքում՝ մինչեւ Շինելը վերստին անհայտությունից հառներ, եւ երբ իր շինելով հանդերձ անհայտությունից վերստին հայտնվում էր, վերստին սկսվում էին իմ անվերջանալի երկուսները, բայց քանի որ մեր Տիտանյանն իրական ու կենդանի մարդկանց ավելի էր կարեւորում, քան, ուրեմն, պատմությունն ու մանավանդ հին աշխարհի պատմությունը, Շինելի էդ երկուսներն անձամբ իր ձեռքով քառորդի վերջում երեքներ էր դարձնում, բայց դրանից հետո էլ Շինելը շարունակում էր իմ անվան դիմաց երկուսներ շարել եւ դրա համար որոշակի ու միանգամայն լուրջ անձնական հիմքեր ուներ, որովհետեւ Շինելը թշնամություն ուներ մորս գերդաստանի՝ Փարվանյանների հետ, եւ չնայած մատյանում իմ անվան դիմաց Շեկոյան էր գրված, եւ չնայած Շինելը հորս ճանաչում ու շատ էլ հարգում էր, բայց գիտեր, որ ես նաեւ ուսուցչուհի Փարվանյան Սեդայի որդին եմ, եւ Փարվանյանների հանդեպ Շինելի էդ մշտական ատելությունը դեռեւս հիսունականների վերջերին էր սկիզբ առել, եւ հիսունականների վերջերից սկսած՝ ինքը քեռիներիցս նախ Ֆրեդին սկսեց երկուսներ նշանակել, այնուհետեւ՝ Գոքորին ու Վարդանին, եւ եթե Ֆրեդին հաջողվեց ավարտել Տիմոշենկոյի դպրոցը, Գոքորը շուտով Նալբանդյան տեղափոխվեց, որովհետեւ էդ աշուն Փարվանյանների հանդեպ Շինելի մոլեգնությունն արդեն գագաթնակետին էր հասել, եւ Փարվանյանների հանդեպ իր էդ բուռն ատելության նախապատմությունը հետեւյալն էր. Շինելը մեծ հայրենականից վերադառնալով ու Տիմոշենկոյի դպրոցում աշխատանքի ընդունվելով՝ սկսեց հին աշխարհի պատմություն սովորեցնել Մետաքսի աշակերտությանն ու քեռիներիս, եւ երբ հիսունականների սկզբներին Շինելի հայրը մահացավ, Շինելի ֆինանսական վիճակը շատ ծանր էր, եւ Շինելը երկար ժամանակ չէր կարողանում իր հարազատ հոր շիրմին տապանաքար դնել, եւ քանի որ Թոխմախի գերեզմանատան գլխավոր այգեգործն ու բուսաբանը մորական Մեսրոպ պապս էր, եւ քանի որ պապիս երեք որդիներին Շինելը դաս էր տալիս, Մեսրոպ պապս միանգամայն ձրի ու լավության կարգով Սպիտակի կողմերից սեւ գրանիտ բերել տվեց, վրան փորագրել տվեց Շինելի հոր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ու մահվան թվականները եւ էդ փառահեղ գրանիտը փռել տվեց Շինելի հոր գերեզմանին, եւ դա հիսունականների սկզբներին էր, եւ առաջին տարիներին Շինելը լավ էլ երախտապարտ էր իմ պապ Մեսրոպին եւ Փարվանյաններին ու առանց դաս հարցնելու՝ քեռիներիս շարաններով հինգեր էր նշանակում՝ ընդհուպ հիսունյոթ թվականի աշունը, երբ Շինելի հոր տապանաքարը Թոխմախից գողացվեց ու անհետացավ, եւ, ըստ իմ պապ Մեսրոպի, գողության հիմնական պատճառը տապանաքարի ու գրանիտի բացառիկությունն էր, եւ չնայած էդ տապանաքարի գոյությունը ծայրեծայր իմ Մեսրոպ պապի անվան հետ էր կապված, բայց կանտուզիայի ահավոր հետեւանքներից արդեն վերջնականապես էր մթագնել Շինելի միտքը, եւ Շինելը փոխանակ իր հոր տապանաքարի գոյությո՛ւնը իմ պապ Մեսրոպի անվան հետ կապեր, նույն էդ տապանաքարի գողությունը պապիս անվան հետ կապեց, եւ չնայած ինքն էդ թեմայով որեւէ մեկի հետ չէր խոսում, բայց շարունակ հասկացնել էր տալիս եւ հատկապես քեռիներիցս Գոքորին էր հասկացնել տալիս եւ Գոքորին հերթական երկուսը նշանակելիս քթի տակ մրթմրթում էր՝ «փոխարեն տապանաքարերի գողությամբ զբաղվելու՝ դա՛ս սովորեք», եւ Գոքորից փոքրին՝ Վարդանին երկու նշանակելիս միանգամայն այլ տեքստ էր ասում՝ «ձեզ անբավարար եմ նշանակում», եւ Վարդանը՝ որ մերոնցից ամենից շատն էր պատմություն սիրում ու պարապում, ամեն անգամ ապշահար նայում էր Շինելին ու հարցնում էր՝ «ո՞ւմ եք անբավարար նշանակում», եւ Շինելը Վարդանի հենց էդ հարցին էր սպասում, եւ ամեն անգամ, երբ Վարդանն ապշահար հարցնում էր՝ «ո՞ւմ եք անբավարար նշանակում», Շինելը հրճվանքով պատասխանում ու ասում էր՝ «Վարդանին, բայց ո՛չ Մամիկոնյան, այլ ընդամենը՝ Փարվանյան», եւ հետագայում, երբ արդեն ինձ ու փոքր քեռուս՝ Գագոյին էր երկուսներ նշանակում, միանգամայն այլ տեքստեր էր ասում, եւ Գագոն մեջներիցս միակն էր՝ որ Շինելին արժանի հակահարված էր տալիս, եւ երբ Շինելը Գագոյի հերթական երկուսը նշանակելիս Գագոյին ասում էր՝ «Փարվանյան տոհմածառի ամենաբարալիկ ճյուղը միանգամայն արժանի է չաղլիկ երկուսի», իմ ամենափոքր քեռի Գագոն քթի տակ խնդում ու ասում էր՝ «էղավ, Շինել ջան», եւ Շինելի համար իր Շինել մականունն ամենաահավորն էր, եւ երբ Գագոն ամեն անգամ ցածրաձայն բայց լսելի ասում էր՝ «էղավ, Շինել ջան», Շինելը գլուխը բարձրացնում ու ճչում էր՝ «ինչ ասացի՞ր», եւ իմ ամենափոքր քեռի Գագոն հանգիստ պատասխանում ու ասում էր՝ «ասում եմ՝ կարաս էրկու հատ էրկուս նշանակես», եւ Շինելն ինքնագոհ պատասխանում ու ասում էր՝ «եւ կնշանակեմ» եւ նշանակում էր, եւ Գագոն երկրորդից հետո նորից ժպտում ու ասում էր՝ «տղա ես՝ մի հատ էլ նշանակի», եւ Շինելը պատրաստակամ ու ինքնագոհ երրորդն էր նշանակում, եւ Գագոն մերոնցից առաջինը հասկացավ, որ միանգամից ու մի օրվա մեջ մեկի փոխարեն երեք հատ երկու ստանալը հավասարազոր է ոչ մի երկու չստանալուն, որովհետեւ, չնայած Տիտանյանը Շինելին շատ էր հարգում, բայց մորս տեսել ու ասել էր, որ մերոնց ու մանավանդ Գագոյի երկուսները հաշվի չի առնի. այսինքն, Տիտանյանը ոչ միայն Շինելին էր ըմբռնումով ու մարդկայնորեն վերաբերվում, այլեւ՝ Փարվանյաններին, ավելի ճիշտ՝ Փարվանյաններիս, որովհետեւ էն բանից հետո, երբ Շինելն իմացավ, որ Օրջոնիկիձեի շրջանում ճանաչված ուսուցչուհի Փարվանյան Սեդայի որդին եմ, ինձ էլ սկսեց շարանով երկուսներ նշանակել, եւ ես շուտով իր էդ երկուսներին վարժվելով՝ այլեւս «Հին աշխարհի պատմություն» կոչվող դասագիրքը չէի բացում, որովհետեւ, երբ պատմության դասը պատմում էի, Շինելն իմ պատմելու վրա հեչ ուշադրություն էլ չէր դարձնում եւ ցուցադրաբար լուսամուտից դուրս էր նայում, եւ երբ պրծնում էի, ժպտալով նայում էր ինձ ու ասում էր՝ «լիարժեք երկուս եք, Փարվանյա՛ն», եւ երբ ասում էի՝ «ես Շեկոյան եմ», ինքը վերստին ժպտում ու ասում էր՝ «ես է՛լ էի մի ժամանակ միամտաբար էդպես կարծում», եւ, հիշում եմ, էդ օրերին մեր դասարանցիներն ինձ մի գլուխ ձեռ էին առնում ու ամենից շատ հենց Հրուշն էր ձեռ առնում ու ձեռ առնելով ասում էր՝ «էսօր Շինելի առարկան սովորե՞լ ես, Փարվանյան ջան», եւ երբ մայրս էդ երկուսներիս մասին իմացավ, որոշեց անպայման Ավետիսյան Շինելին տեսնել ու հետը խոսել, եւ հիմա, երբ փորձում եմ իր իսկական անունը հիշել, ոչ մի կերպ չեմ կարողանում, եւ երբ մայրս ասաց, որ ուզում է տեսնել ու հետը խոսել, հայրս արգելեց ու ասաց՝ «որ ախպերներիդ էր էրկուս նշանակում՝ հեչ վեջդ չէր, բայց հենց սկսեց տղիդ էրկուս դնել, վրեդ միանգամից ազդեց», եւ մայրս ասաց՝ «խեղճ էրեխեն ախր հեչ Փարվանյան էլ չի», եւ հայրս ասաց՝ «փաստորեն, հիսուն տոկոսով Փարվանյան ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էդ Շինելը կարող ա իսկականից գիժ ա, բայց շատ էլ ճիշտ ա գլխի ընկել», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ գլխի ընկել», եւ հայրս ասաց՝ «որ հիսուն տոկոսով Փարվանյան ա», եւ մայրս լացակումած ասաց՝ «Փարվանյաններն իրա աչքը հանել ե՞ն» եւ արցունքն աչքերին ավելացրեց՝ «պապան էդ խելագարի հոր տապանաքարն ախր լրիվ ձրի էր մարմարից պատրաստել տվել», եւ հայրս ճշտեց ու ասաց՝ «գրանիտից», եւ մայրս լացակումած ասաց՝ «գրանիտն էլ պակաս քար չի» եւ ավելացրեց՝ «պապան ի՞նչ մեղք ունի, որ էդ անտեր քարը գողացել են», եւ հայրս ասաց՝ «մեկ ա՝ օգուտ չունի», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչը օգուտ չունի», եւ հայրս ասաց՝ «կանտուզիա ստացած մարդուն չես կարա էդ բաները բացատրես», եւ մայրս լացակումած ասաց՝ «զարմացրիք ձեր պատերազմով», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա զարմացրել», եւ մայրս ասաց՝ «մեկը՝ դու», եւ հայրս ասաց՝ «ես վաբշե՛ պատերազմ չեմ տեսել. մինչեւ կարանտինից դուս էկանք, պատերազմն արդեն պրծել էր», եւ մայրս լացակումած ասաց՝ «ուրիշներն ընդհանրապես չեն զինակոչվել, բայց որպես պատերազմի մասնակից են ներկայանում», եւ հայրս ծիծաղեց ու ասաց՝ «որ չեմ մասնակցել, ո՞նց ասեմ՝ մասնակցել եմ», եւ մայրս լացակումած ասաց՝ «ուրիշներն ընդհանրապես չեն զորակոչվել, բայց հազար ու մի արտոնությունից են օգտվում», եւ հայրս ծիծաղեց ու ասաց՝ «չեմ հասկանում՝ քո ուզածն ի՞նչ ա», եւ մայրս ասաց՝ «չգնա՞մ էդ Ավետիսյան կոչեցյալի հետ խոսեմ», եւ իրենց էդ խոսակցությանը բոլորս էինք ներկա, եւ երբ մայրս ասաց՝ «չգնա՞մ էդ Ավետիսյան կոչեցյալի հետ խոսեմ», Գոքորը զարմացած հարցրեց՝ «Շինելի հետ խոսա՞ս», եւ մայրս ասաց՝ «ի՞նչ կլինի որ», եւ Ֆրեդն ասաց՝ «իրա համար շա՜տ կըլնի», եւ մայրս ասաց՝ «որ բացատրեմ՝ երեւի կհասկանա», եւ Վարդանը ծիծաղեց ու ասաց՝ «էդ գժին ի՞նչ պիտի բացատրես, ա՛յ Սեդա», եւ մայրս ասաց՝ «կբացատրեմ, որ էդ տապանաքարի անհետացման հետ մենք ոչ մի կապ չունենք», եւ Մեսրոպ պապս գոռաց՝ «էդ գերեզմանաքարի թեման փակեք. խայտառակ չենք», եւ Վարդանը հորն ասաց՝ «էդ գերեզմանաքարի թեման դո՛ւ ես բացել, ա՛յ պապ», եւ Մեսրոպը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ բացել», եւ Գոքորը Վարդանի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «հենց էն օրը, որ էդ գժի հոր գերեզմանաքարը սարքել տվիր», եւ Մեսրոպը խեղճացած ասաց՝ «ձեր համար եմ արել», եւ Ֆրեդը հորն ասաց՝ «գոնե բազալտից տաշել տայիր, ա՛յ պապ», եւ Վարդանը ծիծաղեց ու ասաց՝ «բա վանեցին խալխի համար ըտենց թանկանոց քար կքաշի՞», եւ Ֆրեդը ծիծաղելով հորն ասաց՝ «թոբաթե մեր վրա ըտենց թանկանոց քար քաշեիր», եւ մայրս լացակումած աղաղակեց՝ «բերաններդ խերով բացեք», եւ Ֆրեդն ասաց՝ «հանաք ենք անում, ա՛յ Սեդա», եւ Գոքորն ասաց՝ «հեչ էլ հանաք չենք անում. իրա հարազատներից ոչ մեկի վրա ըտենց ճոխ քար չի քցել», եւ հայրս ասաց՝ «լավություն անողի գլուխը միշտ էլ ծակ ա», եւ Վարդանն ասաց՝ «որ էդ քարը մի քիչ մեծ ըլներ, դժվար թե գողանային», եւ Գոքորը Վարդանին ասաց՝ «դու էդ քարը տեսե՞լ ես՝ որ խոսում ես», եւ Վարդանն ասաց՝ «չեմ տեսել, բայց պատկերացնում եմ», եւ Գոքորն ասաց՝ «որ չես տեսել, ո՞նց կարաս պատկերացնես», եւ Վարդանն ասաց՝ «որ շատ մեծ քար ըլներ, դժվար թե կարենային գողանային», եւ Գոքորն ասաց՝ «լավ էլ մեծ քար էր», եւ իմ ամենափոքր քեռի Գագոն՝ որ մինչ այդ լուռ էր, միանգամայն լուրջ տոնով հորն ասաց՝ «պապ, պիտի շատ մեծ քար դնեիր, բայց՝ բազալտից», եւ Մեսրոպ պապս զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ Գագոն շատ լուրջ պատասխանեց եւ ասաց՝ «որ էժանանոց ու շատ ծանր ըլներ, դժվար թե գողանային», եւ իմ պապ Մեսրոպը հոգոց հանեց ու մորս ասաց՝ «էդ բանը մտքիցդ հանի, Սեդա», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչը մտքիցս հանեմ», եւ պապս ասաց՝ «չըլնեմ-չիմանամ՝ էդ գժի մոտ գնաս», եւ Ֆրեդն ասաց՝ «մենակ էդ էր պակաս, որ Սեդան էդ աստիճանի ցածրանա», եւ մայրս լացակումած ասաց՝ «բա ո՞նց անենք», եւ Ֆրեդն ասաց՝ «ոչ մի բան էլ մի արա. մեկ ա՝ Տիտանյանն արդեն դրա դրած էրկուսները հաշվի չի առնում», եւ պապս ասաց՝ «ինչքա՞ն կարա հաշվի չառնի», եւ Գագոն ասաց՝ «ինչքան շատ ա էրկուս դնում, էդքան շատ հաշվի չի առնում», եւ Ֆրեդը ծիծաղեց ու ասաց՝ «լավ էլ ձեւը գտել ես, Գա՛գ» եւ լրջանալով ավելացրեց՝ «ինձ էլ ա թվում, որ Սեդան չպիտի խառնվի», եւ Գոքորը Ֆրեդին ասաց՝ «ինձ ու քեզ ի՞նչ կա. մենք արդեն ավարտել պրծել ենք», եւ Ֆրեդն ասաց՝ «իրանք էլ կավարտեն. հեն ա՝ Գագոն ասում ա, որ Տիտանյանն արդեն էդ էրկուսները հաշվի չի առնում», եւ իմ պապ Մեսրոպն ասաց՝ «դուք մի խառնվեք. ես մի բան կանեմ», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչ պիտի անես», եւ պապս պատասխանեց ու ասաց՝ «էդ արդեն ի՛մ գործն ա», եւ մայրս լացակումած ասաց՝ «ինչ ուզում ես՝ արա, բայց ես Արմենին էդ դպրոցից հանելու եմ», եւ պապս մորս ասաց՝ «էդ արդեն քո՛ գործն ա», ու էդ խոսակցությունից ընդամենը մի շաբաթ անց արդեն Մաքսիմ Գորկու անվան դպրոցի աշակերտ էի, ու էդ խոսակցությունից ընդամենն ամիսուկես անց Շինելին վերստին հոգեբուժարան տարան, բայց նախքան հոգեբուժարան ընկնելն արդեն հասցրել էր շարաններով հինգեր նշանակել Վարդանին ու Գագոյին, ու մերոնք բոլորն ապշած էին, ու ենթադրում էինք, որ դպրոցս փոխելու կապակցությամբ Տիտանյանն, այնուամենայնիվ, Շինելին դիտողություն արած կլինի, մանավանդ որ՝ Տիտանյանը մորս երկարբարակ համոզել էր դպրոցս չփոխել, եւ, բացի այդ, Տիտանյանը նաեւ Մեսրոպ պապիս էր չափազանց հարգում, որովհետեւ իմ պապ Մեսրոպը տարին տասներկու ամիս միանգամայն անվճար խնամում էր Տիտանյան գերդաստանի գերեզմանոցը, ու նաեւ էդ հանգամանքն էր պատճառը, որ մենք վստահ էինք, թե՝ Տիտանյանն, այնուամենայնիվ, Շինելին դիտողություն ու նկատողություն արած կլինի, ու մեր էդ ենթադրությունների ամբողջ շրջանում իմ Մեսրոպ պապն ու իմ քեռի Գոքորը քթների տակ բազմանշանակ խնդմնդում էին, եւ միայն Շինելի՝ հոգեբուժարան գնալուց հետո իմացանք, որ մերոնց էդ խոսակցությունից անմիջապես հետո՝ ընդամենը մի շաբաթվա ընթացքում իմ պապ Մեսրոպն ու իմ քեռի Գոքորը Շինելի հոր գերեզմանին միանգամայն նոր՝ բազալտե ու հսկայական մի տապանաքար էին տեղադրել, եւ Շինելի հոր անունն ու ազգանունն էլ հայրս էր էդ տապանաքարի վրա չափազանց սիրուն տառերով գրել, ու էդ գաղտնիքը երեքով մեզանից թաքցրած պահեցին մինչեւ էն օրը, երբ Շինելի հոգեբուժարան ընկնելու լուրն իմացվեց, եւ դա առաջին դեպքն էր, որ Շինելի հոգեբուժարան ընկնելը մերոնց ուրախություն չպատճառեց՝ ո՛չ միայն էն պատճառով, որ Վարդանի ու Գագոյի հինգերի շարանն ընդհատվեց, այլեւ էն պատճառով, որ ես Շինելի էդ հինգերից անմասն մնալով՝ արդեն ոտով-գլխով խրված էի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի առաջադիմական մրցավազքի մեջ, եւ էդ անմարդկային ու շարունակական մրցավազքում իմ անելիքը միանգամայն անհայտ էր, ու էդ նոր դպրոցի հենց առաջին օրերից մայրս ու ես մեր բախտն էինք անիծում, որովհետեւ Մաքսիմ Գորկի տեղափոխվելս նախ մեկին մեկ համընկավ Շինելի աննախադեպ հինգերի, իսկ այնուհետեւ՝ Շինելի հերթական հոգեբուժարանի հետ, եւ մերոնք բոլորն էլ էն կարծիքին էին, որ դպրոցս փոխելու հարցում մայրս շտապել է, բայց եղածն արդեն եղել էր, ու մայրս իր էդ բացահայտ սխալը չէր խոստովանում, մանավանդ որ՝ Կրիվոյի մեր կոոպերատիվ բնակարանի հիմքերն արդեն գցված էին, եւ եթե Շինելի հանգամանքն էլ չլիներ, միեւնույն է, ամենաուշը մի տարուց մայրս ինձ Տիմոշենկոյից հանելու էր, բայց Շինելի անակնկալ հինգերն ու հոգեբուժարան ընկնելը մորս էլ էին մտածել տալիս, ու երեւի էդ օրերին մայրս էլ էր հոգու խորքում զգում, որ տեղափոխվելուս հարցում ահագին շտապեց, մանավանդ որ՝ մեր էդ կոոպերատիվ բնակարանի հետ կապված՝ առնվազն վեց ամիս մեր վարձով ապրելն օրենքով պարտադիր էր, ու մենք համարյա մի տարի Բութանիայի Թորամանյան փողոցում իսկապես վարձով ապրեցինք, եւ Բութանիայից Մաքսիմ Գորկի ու Կոջոյանի նկարչական գնալս ինձ ու մորս համար հանապազօրյա գերագույն տառապանքներ էին, բայց մայրս իր սխալները խոստովանելու սովորություն չուներ, եւ երբ էդ վարձով իրիկուններից մի իրիկուն հայրս մորս ասաց՝ «էրեխի դպրոցը փոխելու հաշվով շատ վռազեցիր», մայրս ասաց՝ «ճիշտ ժամանակին տեղափոխեցի. ինչքա՞ն պիտի էդ խուժանանոցում մնար», եւ հայրս ասաց՝ «էդ խուժանանոցում մենակ Շինելն էր իրան էրկուս դնում», եւ մայրս ասաց՝ «թող սովորի. թող մրցակցության մեջ մտնի», եւ հայրս ասաց՝ «Շինելն արդեն ախպերներիդ սկսել էր հինգեր դնել, հիմի էլ՝ էլի գժանոց են տարել», եւ մայրս լացակումած ասաց՝ «մեղավորը դուք եք», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ո՞վ», եւ մայրս լացակումած ասաց՝ «դու, պապան ու Գրիգորը», եւ հայրս ավելի զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ ենք մեղավոր», եւ մայրս լացակումած ասաց՝ «գոնե կեսբերան ասեիք, որ նոր տապանաքար եք տեղադրելու», եւ հայրս ասաց՝ «դուք էլ կեսբերան ասեիք, որ թազա դպրոց եք տեղափոխվում», եւ մայրս խորը հոգոց հանեց ու լացակումած ասաց՝ «իրարից անտեղյակ ապրում ենք», եւ հայրս արդարացավ ու ասաց՝ «ձերոնք ինձ ամենավերջին օրն են էդ տապանաքարի հաշվով ասել», եւ մայրս արցունքների միջից հորս ժպտաց ու ասաց՝ «տառերը լավ էլ սիրուն գրել էիր», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «դո՞ւ երբ ես տեսել», եւ մայրս պատասխանեց ու ասաց՝ «էրեկ մեռելոց էր. գերեզմաններ էի գնացել», եւ հայրս ծիծաղեց ու ասաց՝ «Շինելի հոր գերեզմանին էի՞ր գնացել», եւ մայրս ասաց՝ «իրենց գերեզմանները մերոնց գերեզմաններին կպած են», եւ հայրս ասաց՝ «ճիշտ ա», եւ մայրս նորից ժպտաց ու ասաց՝ «տառերը շատ սիրուն էիր գրել», եւ հայրս ասաց՝ «գրելը կապ չունի. տաշողից ա կախված», եւ մայրս ասաց՝ «փաստորեն, էդ տառերի վրա ահագին չարչարվել ես», եւ հայրս ժպտաց ու ասաց՝ «որ իմանայի դպրոցը փոխելու ես, չէի չարչարվի», եւ մայրս արցունքախառն ծիծաղեց ու ասաց՝ «որ իմանայի էդքան չարչարվել ես, դպրոցը չէի փոխի», եւ հայրս մորս ասաց՝ «էրեւում ա՝ փոշմանել ես», եւ մայրս հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ հայրս ասաց՝ «դպրոցը փոխելու համար», եւ մայրս հառաչեց ու ասաց՝ «իրարից գաղտնի ապրելու վերջն է՛ս պիտի լիներ», եւ հայրս արդարացավ ու ասաց՝ «Մեսրոպն էր ասել, որ էդ թազա գերեզմանաքարի մասին ոչ մեկիդ չասենք», եւ մայրս լացակումած ասաց՝ «մենակ տապանաքարի իմաստով չեմ ասում», եւ հայրս հարցրեց՝ «բա ինչի՞ իմաստով ես ասում», եւ մայրս ասաց՝ «ամեն ինչի», եւ հայրս ասաց՝ «պարզ խոսա», եւ մայրս լացակումած ասաց՝ «վերջն է՛ս պիտի լիներ», եւ հայրս ծիծաղեց ու ասաց՝ «ուզում ես ասես՝ էս վե՞րջն ա», եւ մայրս ասաց՝ «համարյա», եւ հայրս ասաց՝ «շատ վռազեցիր», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ հայրս ասաց՝ «դպրոցը փոխելու իմաստով. հեն ա՝ Շինելն էլի գժանոց ա ընկել», եւ մայրս ասաց՝ «ես ի՞նչ իմանայի, որ գժանոց ա ընկնելու», եւ հայրս ասաց՝ «արդեն սեզոնն էր», եւ մայրս ասաց՝ «մարդկանց ողբերգությունը ծաղրի՞ ես ենթարկում», եւ հայրս ասաց՝ «ծաղրի չեմ ենթարկում. իրա վիճակն էս սեզոնին միշտ էլ սրվել ա», եւ մայրս ասաց՝ «իզուր էլ բժիշկ չես դառել», եւ հայրս հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ մայրս լացակումած ասաց՝ «ընտանյոք ենք ձեռառնելիք դառել», եւ հայրս ասաց՝ «որ դպրոցը փոխած չըլնեիր, հիմի էրեխեն էդ հին աշխարհի պատմությունից մի բոլ կհանգստանար», եւ մայրս ասաց՝ «դպրոցը սովորելո՛ւ համար է, ո՛չ թե՝ հանգստանալու», եւ հայրս քմծիծաղ տվեց ու ասաց՝ «հիմի էդ Մաքսիմ Գորկու դպրոցում մի բոլ կսովորեք», եւ մայրս ասաց՝ «տարիուկես կսովորի, հետո ուսումնարան կտեղափոխվի», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ուսումնարան», եւ մայրս պատասխանեց ու ասաց՝ «Թերլեմեզյան», եւ հայրս ասաց՝ «էլի ես վռազում», եւ մայրս ասաց՝ «հեչ էլ չեմ վռազում. Թերլեմեզյան ութից են ընդունվում», եւ հայրս ասաց՝ «բայց մինչեւ ընդունվելը պիտի նկարել սովորի», եւ մայրս ասաց՝ «Փիլոյանն էս վերջին նատյուրմորտը շատ գովեց», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ նատյուրմորտ», եւ մայրս լացակումած ասաց՝ «ոչ մի բանից տեղեկություն չունես. ուշքումիտքդ տապանաքարերն են», եւ հայրս զայրացած գոռաց՝ «էդ տապանաքարը հորդ խաթեր գրեցի. հե՛րդ խնդրեց» եւ այդ ասելով՝ հայրս տեղից կտրուկ վեր կացավ, մեր էդ վարձով տան դուռը շրխկացնելով՝ տանից դուրս եկավ, բայց հեռու չգնաց. մեր էդ վարձով տան պատի տակի նստարանին նստած՝ ֆուտբոլիստ Չալիկյանի հետ մինչեւ ուշ գիշեր խոսեց ու վերադարձավ միայն էն ժամանակ, երբ մայրս արդեն քնած էր, բայց ես ոչ մի կերպ չէի կարողանում քնել, եւ անքնությանս պատճառները վախս ու սարսափս էին, որովհետեւ Մաքսիմ Գորկու անվան էդ ուժեղ ու խիստ դպրոցում սովորելս հեչ չէի պատկերացնում եւ առավել եւս Թերլեմեզյանի ուսումնարան ընդունվելս չէի պատկերացնում, որովհետեւ Կոջոյանի մեր նկարչականում էլ նկարչական ընդունակություններով առանձնապես աչքի չէի ընկնում, իսկ սարիթաղցի Սամվելի համեմատությամբ՝ բոլոր կոջոյանցիներս էինք հեչ բան, եւ, ինչպես իմ ու իմ համակուրսեցիների բանասիրական կրթությունն էր մեր կուրսի անվանական թոշակառու Վահանի կրթության համեմատ զրո, էդպես էլ իմ ու Կոջոյանում սովորող մյուսների նկարելն էր սարիթաղցի Սամոյի նկարչության համեմատ ծիծաղելի, եւ չնայած Վահանն ու Սամոն իրարից ահագին տարբեր մարդիկ էին, բայց երկուսի ճակատագրերն ահագին նման ստացվեցին է՛ն իմաստով, որ արդյունքում Վահանը բանասեր ու դասախոս չդարձավ, իսկ սարիթաղցի Սամոն՝ նկարիչ, եւ եթե Վահանի դասախոս չդառնալու հիմնական պատճառը Վահանի ու բուն կյանքի առնչության բացակայությունն էր, ապա սարիթաղցի Սամոյի նկարիչ չդառնալու պատճառն, ընդհակառակը, բուն կյանքի ձգողականությունն էր, ինչպես նաեւ՝ Սամոյի շինարար քեռին, որը եւ Սամոյին վերջնական ու վճռական խորհուրդ տվեց՝ ոչ թե ինչ-որ սոված նկարիչ դառնալ, այլ միայն ու միայն՝ ճարտարապետ, ու մեր տաղանդավոր հասակակից Սամոն հենց էդպես էլ արեց, եւ շուտով մյուսներս՝ Թերլեմեզյան դիմածներս ու ընդունվածներս վերջնականապես ազատվեցինք սարիթաղցի Սամոյի մշտական ու նվաստացուցիչ ստվերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել