Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ՞Ն ԵՆ

Ապրիլ 24,2008 00:00

Ըստ տնտեսական ոլորտի պատասխանատուների, մեր քաղաքացիները պետք է իշխանություններից գոհ ու շնորհակալ լինեն, քանի որ, համաշխարհային շուկայի թանկացումների համեմատ, Հայաստանում գնաճը չնչին է:

Իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում ժողովրդին «համոզելու», որ իրականում գազը Հայաստանում մայիսի 1-ից չի թանկանալու, պարզապես գործելու է դեռեւս 2006-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը: Այսինքն՝ ամսական մինչեւ 10 հազար խմ բնական գազ սպառողները յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց պետք է վճարեն 84 հազար դրամ, իսկ դրանից ավելի սպառում ունեցողները՝ 153,26 դոլարին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց: Իսկ թե ինչու այդ սակագները չեն գործել հենց 2006-ին, կառավարության ներկայացուցիչների մեկնաբանմամբ, պատճառն այն է, որ նախկինում պետությունը վճարում էր սպառողների օգտագործած գազի գնի մոտ 30%-ը: Այսինքն՝ 1 խմ-ի համար բնակիչները դեռեւս 2006-ին պետք է վճարեին ոչ թե 59, այլ 84 դրամ: Նկատենք, սակայն, որ մեր պետության այսօրինակ հոգածությունն այնքան էլ տեղին չէր, քանի որ սուբսիդավորվում էր ոչ միայն կարիքավոր խավը, այլ նաեւ գործարարները, օլիգարխներն ու մեծահարուստները: Թերեւս հենց այդ պատճառով էլ սուբսիդավորման համար նախատեսված գումարը սպառվեց ժամանակից գրեթե մեկ տարի շուտ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ եթե անգամ սուբսիդավորման համար նախատեսված գումարը սպառվի ժամանակից շուտ, պետությունն այլ միջոցներ կհայթայթի, որպեսզի մինչեւ 2009 թվականը բնակչությունը սպառած գազի մեկ խմ-ի համար 59 դրամ վճարի:

Սակայն, երբ կառավարությունում հասկացան, որ սպառողների օգտագործած գազի սուբսիդավորման համար նախատեսված 188,8 միլիոն դոլարը, որն առաջացել էր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքից, սպառվեց ավելի շուտ, քան իրենք կանխատեսում էին, բոլոր խոստումները հօդս ցնդեցին: Սուբսիդիայի համար նախատեսված գումարը սպառվեց այս տարվա հունվարին: Այդ մասին, բնականաբար, չհայտարարվեց, քանի որ առջեւում նախագահական ընտրություններն էին եւ իշխանության ներկայացուցչին ձեռնտու չէր ժողովրդի դժգոհությունը հարուցել ու հազարավոր ձայներ կորցնել: Այդ իսկ պատճառով ամեն ինչ ընթացավ նախապես ծրագրած սցենարով, եւ գազի թանկացման լուրը «ավետեց» նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ էության, մարդկանց համար առանձնապես նշանակություն չունի, թե 2006-ին ի՞նչ էր որոշել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի՞նչ էին կանխատեսել մեր պաշտոնյաները: Փաստն այն է, որ սպառողները ստիպված կլինեն օգտագործած 1 խմ գազի դիմաց մայիսի 1-ից վճարել 25 դրամ ավելի: Արդյունքում՝ կավելանա մեր երկրի աղքատ բնակչության թիվը, քանի որ միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը չի բավականացնի նույնիսկ կոմունալ ծախսերը հոգալուն:

Չնայած գազի թանկացմանը, մեր երկրի ղեկավարները բնակչությանը կոչ են անում դեռ մի բան էլ իրենցից գոհ ու շնորհակալ լինել, քանի որ նույն գազը, ասենք՝ հարեւան Վրաստանում, Թուրքիայում կամ Ադրբեջանում կրկնակի թանկ է:

Գազի թանկացումը, ըստ էության, շարունակությունն է դեռեւս անցյալ տարեվերջին Հայաստանում սկսված աննախադեպ գնաճի: 2007-ի վերջին ալյուրի եւ հացի գների բարձրացումից հետո, նվազագույնը 20%-ով Հայաստանում թանկացան ոչ պարենային բոլոր ապրանքները՝ բենզինը, նավթը, ցեմենտը, հեղուկ գազը, սակայն բնակչության գրպանին էապես հարվածեց հիմնականում սննդամթերքի՝ հացի, կաթնամթերքի, մսի, բուսական ու կենդանական յուղի, շաքարավազի եւ առաջին անհրաժեշտության այլ մթերքների թանկացումը: Տնտեսական ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակում իրենք մեղք չունեն, քանի որ ջանք ու եռանդ չեն խնայում գնաճը զսպելու համար: Ըստ նրանց՝ ստեղծված իրավիճակի պատճառը միջազգային շուկայում սկսված աննախադեպ թանկացումներն են: Ու մինչ մեր պաշտոնյաները մեղավոր ու անմեղ են փնտրում, երեկ մայրաքաղաքի խանութներում ապրանքների նոր թանկացումներ գրանցվեցին: 200-300 դրամով թանկացան ձեթի գրեթե բոլոր տեսակները: Ընդամենը մի քանի ամիս առաջ 500-550 դրամով վաճառվող ձեթն այսօր իրացվում է 1000-1200 դրամով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա մարտին՝ փետրվարի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են եւս 1,8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1,1% գնաճ: Ընդհանուր առմամբ, ըստ Ազգային վիճվարչության տվյալների, այս տարվա մարտին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքները թանկացել են 106,5%-ով, ոչ պարենայինը՝ 101,1%-ով, իսկ մատուցվող ծառայությունների սակագինը՝ 103,7%-ով:

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտարարելով գազի գնաճի մասին, ասաց, որ կառավարությունը դեռեւս 2 տարի առաջ էր այդ փոփոխությունը կանխատեսել, այդ պատճառով էլ այս տարեսկզբին բարձրացրել է կենսաթոշակները, որպեսզի մարդիկ կարողանան հոգալ իրենց ծախսերն ու չտուժեն: Սակայն նշենք, որ կենսաթոշակների մի քանի հազար դրամ ավելացումը հիմնականում բացասաբար անդրադարձավ կարիքավոր խավի վրա, քանի որ նրանցից շատերը «բարձր» կենսաթոշակ ստանալու պատճառով զրկվեցին նպաստից: Արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ, միայն պաշտոնական տվյալներով, ընտանեկան նպաստառուների թիվը կրճատվեց ավելի քան 8500-ով:

Նշենք նաեւ, որ գազի թանկացման հետեւանքով Հայաստանում նոր գնաճ կարձանագրվի, քանի որ գազի գինն ուղղակիորեն կապված է մի շարք ապրանքատեսակների գների հետ: Մասնավորապես՝ այն իր ազդեցությունը կունենա գազով շահագործվող հարյուրավոր ձեռնարկությունների արտադրանքի գների վրա, բացի այդ՝ կաճեն տրանսպորտային ծախսերը, որն էլ, ավելանալով ապրանքների ինքնարժեքին, կհանգեցնի պարենային ու ոչ պարենային ապրանքների նոր թանկացումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել