Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

Մայիս 01,2008 00:00

\"\"Առաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ավարտեց IBF-ի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ գոտիների միացման համար օգոստոսին Լաս Վեգասում կայանալիք մենամարտի նախապատրաստության առաջին փուլը, որն անցկացնում էր Երեւանում եւ այսօր վաղ առավոտյան մեկնեց Ավստրալիա:

Հայաստանում գտնվելու այս մեկ ամսվա ընթացքում Վիկը քրտնաջան մարզվելուց բացի, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր երկրպագուների հետ:

Վերջինը կայացավ երեկ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը Վախթանգին մաղթեց միայն հաղթանակ. «Օգոստոսի 2-ին բոլորս քեզ հետ ենք լինելու եւ հեռուստացույցի առջեւ նստած՝ մեր ուժը տալու ենք քեզ: Քո հաղթանակին չենք կասկածում ու անհամբեր սպասում ենք վերադարձիդ՝ առայժմ կրկին երկու գոտիներով: Այս ընթացքում մենք մեր ինստիտուտի օլիմպիական թանգարանում, որտեղ իրենց արժանի տեղն ունեն օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Յուրի Վարդանյանը, կստեղծենք Վիկ Դարչինյանի անկյունը: Մենք մի անակնկալ էլ ենք պատրաստել քեզ համար: Գիտենք, որ ավարտել ես Վանաձորի մանկավարժական ինստիտուտը: Դրա համար էլ կոլեկտիվը որոշել է այս տարի քեզ ընդունել մեր ինստիտուտ: Քեզ նման ուսանող ունենալը մենք պատիվ ենք համարում»:

Որպես թանգարանի՝ իրեն հատկացվելիք անկյան առաջին ցուցանմուշ, Վիկն ինստիտուտին նվիրեց իր ձեռնոցները, որոնցով վերջին շրջանում նախապատրաստվել է չեմպիոնական գոտեմարտերին:

Հանդիպման ավարտին «Առավոտը» հրաժեշտի հարցազրույց անցկացրեց Վախթանգ Դարչինյանի հետ:

– Առաջին անգամ էիր չեմպիոնական մենամարտին նախապատրաստվում հայրենիքում: Գո՞հ ես հայաստանյան քո մարզումներից: Դրանք ծառայեցի՞ն իրենց նպատակին:

– Այո: Սա նախապատրաստությանս առաջին փուլն էր եւ որոշել էի այն նվիրել տեխնիկայիս վերականգնմանը: Մտադիր էի մարզվել սիրողական բռնցքամարտում իմ առաջին ու միակ մարզչի՝ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, որին պարտական եմ իմ բոլոր հաջողությունների համար: Ցավոք, նա առողջության հետ կապված ժամանակավոր խնդիրներ ունեցավ եւ չկարողացավ լիարժեքորեն օգնել ինձ: Բայց մարզվեցի Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ու շատ գոհ եմ: Լավ է, որ Հայաստանում բարձրակարգ մարզիչներ կան:

– Կիրիլովի հետ մարտը սկզբում նշան ակված էր հուլիսի 6-ին: Հիմա այն մեկ ամսով հետաձգվել է: Դա քո պլանները չխախտե՞ց:

– Որոշ չափով՝ այո: Մարզումներս ծրագրել էի այնպես, որպեսզի հենց այդ օրը գտնվեմ լավագույն մարզավիճակում: Երբ տեղեկացա նոր ժամկետի մասին, վերջին օրերին մարզումներիս հագեցածությունը նվազեցրի: Հիմա կմեկնեմ Ավստրալիա ու մի երկու շաբաթից կվերսկսեմ, արդեն շեշտը դնելով ֆիզիկականի եւ ուժայինի վրա: Այնպես որ, օգոստոսի 2-ին խնդիրներ չեն լինի:

– Առաջնահերթ խնդիրդ հայտնի է՝ հաղթել Կիրիլովին: Իսկ դրանից հետո ի՞նչ մտադրություններ ունես:

– Միավորել ինձ համար նոր քաշային կարգի բոլոր գոտիները եւ դառնալ բացարձակ չեմպիոն: Իսկ ամենագլխավոր նպատակս Նոնիտո Դոնեյրին հաղթելն է, որից, իմ մեղավորությամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում կրել եմ մարզական կարիերայիս մեջ միակ պարտությունս:

– Մեկնելուց առաջ ասելիք ունե՞ս:

– Ամեն բան լավ կլինի: Սպասենք մինչեւ օգոստոսի 2-ը: Ջերմ բարեւներս հատկապես «Առավոտ» օրաթերթին: Ձեր ջերմ վերաբերմունքը միշտ ոգեւորում է ինձ:

Հանդիպման արարողության ժամանակ նորվեգացի մեծ մարդասեր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հայաստանյան հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը հայկական սպորտում ունեցած ավանդի եւ ծավալած բարեգործական մեծ աշխատանքի համար Վախթանգ Դարչինյանին շնորհեց «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել