Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԸ»

Մայիս 01,2008 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ խաբեությամբ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու եւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից 2008թ. մարտի 14-ին ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոբանյանը, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վրեժ Ամիրխանյանը, գրանցման բաժնի պետ Հրաչ Թորոսյանը եւ ստորաբաժանման ղեկավար Ստյոպա Շահբազյանը, անձնական շահագրգռությունից ելնելով, կատարել են պաշտոնեական կեղծիք եւ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Ա. Չոբանյանը եւ Վ. Ամիրխանյանը կազմել ու գրանցման բաժնի պետ Հ. Թորոսյանին եւ ղեկավար Ս. Շահբազյանին են ներկայացրել կեղծ փաստաթղթեր՝ գրավի պայմանագրով արգելանքի տակ գտնվող Երեւանի Ադոնցի փողոցի 17/4 շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ 2005թ. հոկտեմբերի 25-ի թիվ 203632 ու 2006թ. փետրվարի 23-ի թիվ 220105 միասնական տեղեկանքներ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, չեն նշել բնակարանն արգելանքի տակ գտնվելու մասին, իսկ Հ. Թորոսյանը եւ Ս. Շահբազյանը ստորագրել են այդ տեղեկանքները, կնքել դրանք, որից հետո տեղեկանքները տրամադրվել են Հասմիկ Ամիրխանյանին ու Զարվարդ Հարությունյանին: Հ. Ամիրխանյանը, օգտագործելով ակնհայտ կեղծ փաստաթղթերը, հիշյալ բնակարանը օտարել է եւ խաբեությամբ խուսափել գրավի պայմանագրով նախատեսված ու 2003թ. նոյեմբերի 26-ի թիվ ԿԵԳԲԱԾ-1 պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը փոխանցված 17.296.17 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտավորությունը կատարելուց, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել), 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդի 1-ին (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մասերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել