Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Մայիս 03,2008 00:00

\"\"Ովքե՞ր եւ ինչո՞ւ են սատարում իշխանական թեկնածուին, կամ հանրահավաքներին մասնակցելն ի՞նչ ճակատագրական հետեւանքներ է ունենում բիզնեսմենների համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին նախընտրական շրջանում բավականին մեծ թվով խոշոր գործարարներ էին կանգնած՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ալրաղացի Լյովը, Դերժավայի Արկադին, «Մաքսգրուպի» Խաչիկ Մանուկյանը, Գուրգեն Արսենյանը եւ այլք: Նախընտրական շրջանում նորմալ տնտեսություն ունեցող երկրներում գործարարները միավորվում են որեւէ թեկնածուի շուրջ՝ ելնելով նրա առաջարկած ծրագրերից, բիզնեսի զարգացման տարբերակներից, հարկային-մաքսային բարեփոխումներից եւ այլն: Բնականաբար, մեր նախագահական ընտրություններից առաջ եւ հետո վերը նշված գործարարները Սերժ Սարգսյանի կողքին էին հայտնվել բոլորովին էլ ոչ նրա ծրագրային դրույթներից ելնելով, որովհետեւ բիզնեսի զարգացման տեսանկյունից նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը շատ ավելի լուրջ եւ հեռանկարային առաջարկներ ունեին: Պարզապես, այդ գործարարները գիտակցում էին, որ մեր երկրում առանց իշխանության աջակցության՝ իրենց բիզնեսն ուղիղ մեկ շաբաթում կտապալվի, ինչպես որ դա կատարվեց որոշ, այսպես ասած, «տաքացած» գործարարների հետ:

Ըստ համառորեն շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանին աջակցող Սամվել Ալեքսանյանը, որը մեր երկրի գործարար միջավայրի հետ լայն կապեր ունի, ներքին կարգով ինֆորմացիա էր հավաքում, թե գործարարներից ովքեր են Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին գնացել: «Միտինգավոր» բոլոր գործարարների անունները, անկախ նրանից՝ մա՞նր բիզնեսմեններ են նրանք, միջի՞ն, թե՞ խոշոր՝ ցուցակագրվում էր եւ ուղարկվում առաջին հերթին Հարկային պետական ծառայություն: Իսկ այսօր գիտենք՝ հարկայինը որ մի ընկերությունում էլ «կեղտ բռնելու» համար ստուգումներ անցկացնի՝ կգտնի մի բան, որի հիման վրա գործ կսարքի: Հենց միայն նման խնդիրներից խուսափելու համար մեր գործարարները, անկախ իրենց քաղաքական գաղափարներից, չկանգնեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ այլ ընդդիմադիր գործչի կողքին:

Օրինակ, Վազգեն Մանուկյանը նախընտրական շրջանում պնդում էր, որ իրեն սատարող բազմաթիվ գործարարներ կան: Սակայն նա ոչ մեկի անունն այդպես էլ չհայտարարեց՝ պատճառաբանելով, որ իրեն սատարող բիզնեսմենները «վերեւների» հետ խնդիրներ կունենան: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում պարոն Մանուկյանը տեղեկացրեց, որ ինքն այսօր էլ պատրաստ չէ իր կողքին կանգնած որեւէ գործարարի անուն նշել. «Անշուշտ, նախընտրական շրջանում ինձ սատարող շատ գործարարներ կային, հակառակ դեպքում կուսակցական բազմաթիվ խնդիրներ ես չէի կարողանա լուծել: Պարզապես, նրանք վախենում են իրենց բիզնեսը կորցնել: Դեռեւս 1995-ից իշխանությունները հայտարարել են. ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է: Ոչ մի գործարար գիտակցաբար չի ուզում իշխանությունների թշնամին դառնալ»: Նախկինում Վազգեն Մանուկյանի կողքին էր Ռուբեն Հայրապետյանը, բայց հիմա նա Սերժ Սարգսյանի կողքին է եւ լիովին աջակցում է նրան: Պարոն Մանուկյանի մեկնաբանմամբ՝ «Ռուբեն Հայրապետյանն իմ կողքին է եղել 96-ին: Իսկ դրանից հետո արդեն նա ինձ որեւէ կերպ չի աջակցել, իշխանությունների կողքին է»:

Սերժ Սարգսյանի կողքին կանգնած մյուս թեկնածուն՝ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ընտրություններից հետո կարծես թե վիրավորված էր Ս. Սարգսյանից, որովհետեւ նրա կուսակցությանը՝ ՄԱԿ-ին, մանդատ չէին տվել (գաղտնիք չէ, որ իրականում մեր երկրում պատգամավորի պաշտոնը մեծ մասամբ ոչ թե ընտրովի, այլ նշանակովի է): Բայց տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ «թարսվելը» բոլորովին ձեռնտու չէ, նախագահական ընտրություններում պարոն Արսենյանը նորից սկսեց սատարել իշխանության թեկնածուին:

Թալինից ընտրված պատգամավոր, «Մաքսգրուպի» Խաչիկ Մանուկյանի քաղաքական դիրքորոշումները նախընտրական շրջանում հակասական էին թվում: Իսկ Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների եւ թալինցի Սաքոյի հետ կատարված միջադեպից հետո Խ. Մանուկյանը հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդես եկավ ու դրանից հետո դժվար էր հստակ ասել՝ նա «լեւոնակա՞ն» է, թե՞ «սերժական»: «Ես մաքուր «սերժական» եմ: Եթե մի քիչ անհամություն է եղել, դրանից չի կարելի ասել, թե Լեւոնի հետ եմ»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց պարոն Մանուկյանը:

Տարեսկզբին՝ նախընտրական շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի հետ «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունները այլեւս «այն չեն»: Պարոն Բեգլարյանը խորհուրդ էր տվել Ս. Սարգսյանին վերանայել իր թիմակիցներին, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պետք է նման խորհուրդ տվողներին վերանայել: Սակայն նրանցից ոչ մեկն էլ «չվերանայվեց», քանի որ դա ձեռնտու չէր ոչ մեկին:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած խոշոր գործարարներին, նրանցից առաջին հերթին առանձնացվում է Խաչատուր Սուքիասյանը՝ իշխանությունների հետ «թարսվելու» արդյունքում իր ձեռք բերած դառը փորձով: Դեռ նախընտրական շրջանի սկզբից, երբ Խ. Սուքիասյանը հայտարարեց իր քաղաքական դիրքորոշման մասին, Սուքիասյանների արտադրած տոմատի հյութը պահեստներում սկսեց թթվել, քանի որ խանութները երկար ժամանակ չէին վերցնում դրանք: «Բջնի» գործարանի վրա հարկային մեծ պարտքեր կուտակվեցին, հարկայինը սկսեց հին ու նոր խախտումներ գտնել՝ տնտեսվարողին խեղճացնելու համար: Խ. Սուքիասյանն իր քաղաքական հայացքների համար մինչ օրս վճարում է: Այսօր նրա լուսանկարը փակցված է մետրոյի տարբեր կայարաններում տեղադրված «Հետախուզվում է» գլխագրով վահանակների վրա՝ այն ռեցիդիվիստների լուսանկարների կողքին, որոնց փնտրում է ոստիկանությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու համար նույն հալածանքները սպառնացին Մանվել Ղազարյանին: Բավական էր Մ. Ղազարյանը փետրվարի 22-ի հանրահավաքի ժամանակ 7 պատգամավորների անունից հայտարարեր, որ իրենք ժողովրդի հետ են՝ անգամ իր գործընկեր պատգամավորները սկսեցին քար նետել վերջինիս վրա, վիրավորել՝ ասելով. «Մանվել Ղազարյանը գլուխը պատովն է տվել, որ նման բան է ասել» եւ այլն: Դրանից հետո պարոն Ղազարյանն այլեւս ասպարեզում չի երեւում, անգամ օրեր շարունակ քաղաքային եւ բջջային հեռախոսազանգերին չէր պատասխանում:

«Լեւոնական» մեկ այլ գործարար -պատգամավոր «Ոգու փորձություն» հ/կ նախագահ Հակոբ Հակոբյանը նույնպես լուրջ խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանի հետ է: Նրա բիզնեսի գլխին սեւ ամպեր կուտակվեցին, ոստիկանության հետ լուրջ խնդիրներ առաջացան, նրան կավատի տեղ դրեցին, սկսեցին բնակարանում ապօրինի զենք ման գալ եւ այլն: Նրա գործընկերները առանց երկմտելու հանձնեցին նրան դատախազությանը՝ Աղվան Հովսեփյանի առաջին իսկ պահանջից հետո եւ այսօր նա անազատության մեջ է:

Այնպես որ, Հայաստանում գործարարները պետք է իշխանության պոչից կպած ման գան, այլապես՝ նրանց ձախորդություններն անպակաս կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031