Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԼԱՎ ՄԻՋՈՑ Է

Մայիս 08,2008 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Փաստարկ» ակումբում երեկ նշեց, թե սկսվել է ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու երկրորդ փուլը, եւ սա «պարարտ հող» չէ երկխոսության ու ճգնաժամից դուրս գալու համար: Ըստ նրա՝ այդ նպատակների համար շատ լավ հիմք կարող է լինել, օրինակ, համաներումը. «Քանի դեռ չկան դատավճիռներ՝ համաներման կիրառումը կունենար այնպիսի իրավական հետեւանքներ, որ եթե անձը նույնիսկ չհամաձայնվի, որ իր նկատմամբ կիրառվի համաներում, համենայնդեպս, դատապարտված չի լինի»: Հիշեցնենք, որ պատասխանելով «Ժառանգության» հենց այս պատգամավորի հարցին՝ Սերժ Սարգսյանը մի անգամ արդեն հայտարարել է, թե չի պատրաստվում դիմել ԱԺ-ին՝ համաներում կիրառելու առաջարկով:

Զարուհի Փոստանջյանն ասաց, թե չի հավատում ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի ստեղծած աշխատանքային խմբերին, որոնք զբաղվում են ԵԽԽՎ բանաձեւի շուրջ առաջարկներ անելու ու դրանք կյանքի կոչելու գործով. «Հանձնաժողովներ, խմբեր ստեղծելուն, հռչակելուն եւ ինչ-որ մի թղթի վրա փաստաթուղթ ստեղծելուն ես չեմ հավատում: Ես պետք է, որպես քաղաքացի, շոշափեմ եւ զգամ, որ այլեւս մարդկանց չեն հետապնդում, առավոտյան անկողնուց չեն հանում ու տանում ժամերով, օրերով պահում՝ հետո բաց թողնում: Ես պետք է դա, որպես քաղաքացի, որպես պատգամավոր, որպես այս հասարակության անդամ, զգամ: Դա պետք է լինի ուղղակի, կոնկրետ քայլերով ու գործողություններով, այլ ոչ թե ինչ-որ հանձնաժողովներով»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտնեց, թե նախնական կալանքի, ճնշումների եւ բռնությունների փաստերի, նաեւ արտակարգ դրության վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի կապակցությամբ հայցեր են ներկայացվելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Եվ մենք կարող ենք նաեւ ականատեսը լինել, որ այս անգամ հնարավոր է ԵԴ-ն հատուկ ընթացակարգերով այդ գործերը քննի ոչ թե 3-4 տարվա ընթացքում, այլ ավելի շուտ»: Ըստ նրա՝ մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդները եւս ցանկանում են փաստաբանի միջոցով բողոք ներկայացնել Ստրասբուրգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել