Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մայիս 08,2008 00:00

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին

«Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ քրեական գործով դատապարտյալներ՝ Գագիկ Հակոբյանից եւ Արամ Ղազարյանից

Հարգելի պարոնայք

Հրապարակային եղանակով Ձեզ դիմելու հանգամանքը պայմանավորված է նախկինում երկրի ղեկավարներին ուղղված մեր նամակները հասցեատերերին չհասնելու դառը իրողությամբ, հետեւապես սույն դիմումը նախկինների բախտին չարժանացնելու համար ընտրել ենք բաց նամակով թերթի միջոցով Ձեզ դիմելու եղանակը եւ հույս ունենք, որ Դուք ըստ պատշաճի կարձագանքեք մեր խնդրանքին:

«Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ հայտնի քրեական գործը կազմելու եւ մեզ դատապարտելու հանգամանքները վերջին ժամանակաշրջանում մեր իրականությունում տեղ գտած անբարո ու կոռուպցիոն դրսեւորումների արդյունք են: Դեռեւս 2004 թվականին մենք հրապարակավ հայտարարեցինք երկրի տնտեսության զարգացման գործում կարեւորագույն դերակատարում ունեցող մաքսային պետական կոմիտեում տիրող կոռուպցիոն ավանդույթների մասին, որի համար աննախադեպ հետապնդումների թիրախ դարձանք, որոնք մասնավորապես դրսեւորվեցին «Ռոյալ-Արմենիա» ընկերության ներմուծած ապրանքները այլ տնտեսվարողների կողմից ներմուծված նույնանման ապրանքների համեմատությամբ մշտապես էականորեն բարձր մաքսային արժեքներով մաքսազերծելու արատավոր պրակտիկան շարունակելով, շինծու մեղադրանքներով մեզ բանտ նստեցնելով եւ անհիմնորեն դատապարտելով: Այդ ամենի համար եղել են բարձրաստիճան պատվիրատուներ, որոնց հաջողվել է ճնշումների ենթարկել նաեւ դատարանին եւ նրանից մեզ դատապարտող ակնհայտ անհիմն դատավճիռ կորզել, մինչդեռ մենք անմեղ ենք եւ մեզ մեղսագրվող հանցանքներից ոչ մեկը չենք կատարել:

Թույլ տվեք նկատել, որ «Ռոյալ-Արմենիա» ընկերության քրեական գործի վերաբերյալ մեր ներկայացրած տեսակետը համահունչ է վերջին ընտրությունների ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ պարոն Արթուր Բաղդասարյանի կողմից հրապարակայնորեն հնչեցված տեսակետին:

Տակավին վերջերս մաքսային պետական կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահ պարոն Սերժ Սարգսյանն առավել քան ճշգրիտ բնութագրեց ու գնահատեց այդ կազմակերպությունում տիրող անճոռնի բարքերը, որոնց 2003 թվականից ի վեր զոհ է հանդիսացել «Ռոյալ-Արմենիա» ընկերությունը:

Մեր նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու ակնկալիքով դիմել ենք ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն հիմքեր ունենք անհանգստանալու, որ մեր գործով պատվիրատուներին կհաջողվի նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով խեղաթյուրել արդարադատությունը:

Հայաստանյան վերջին զարգացումները, մասնավորապես երկրի նախագահի որդեգրած ներքին քաղաքականությունը եւ կառավարության գործունեության ծրագիրը մեզ ոգեւորում ու հուսադրում են, որ օրինականությունը մեզ համար վերջնականապես մերժված չէ եւ այսօր կարող ենք ակնկալել իրական արդարադատություն: Ելնելով շարադրվածից՝ խնդրում ենք Ձեր միջամտությունը ՀՀ վճռաբեկ դատարանին ճնշումներից պաշտպանելու եւ մեր գործով արդարացի որոշում կայացնելու նպատակով օբյեկտիվ պայմաններ ապահովելու համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել