Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ՝ ԷԺԱՆԱՑԵԼ, ՄԱՐԶԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Մայիս 08,2008 00:00

Երեւանցիները բնության գրկում գտնվող մարզերը գերադասում են փոշու եւ շինարարական աղբի մեջ կորած մայրաքաղաքից:

Այս տարի, անշարժ գույքի շուկայի մասնագետների կանխատեսումներով, մայրաքաղաքում բնակարանների գների անկում է սպասվում: Փոխարենը բնակարանները սկսել են աննախադեպ թանկանալ մարզերում: Չնայած մայրաքաղաքում են կենտրոնացած զվարճանքի, հանգստի օբյեկտների մեծ մասն ու բիզնես-կենտրոնները, սակայն այսօր անշարժ գույք ձեռք բերել ցանկացողներից շատերը ձգտում են ապրել էկոլոգիապես մաքուր միջավայրում, հանգիստ ու խաղաղ պայմաններում, ավտոմեքենաների աղմուկից հեռու: Հենց այդ հանգամանքներով էլ անշարժ գույքի գործակալությունների աշխատակիցները պայմանավորում են մարզերում տների գների կտրուկ բարձրացումը: Գործակալությունների տվյալներով, թանկացել են հատկապես Դիլիջանում, Իջեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, Ջրվեժում, Աշտարակում գտնվող բնակարանները, առանձնատներն ու հողատարածքները:

«Հիմա դաչաներ ձեռք բերել ցանկացողները ահագին շատացել են: Առաջ եթե բոլորը կենտրոն-կենտրոն էին ասում ու մարզերից ձեռ էին քաշել, հիմա հակառակն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Աս» անշարժ գույքի գործակալության աշխատակից Թորգոմ Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ, այսօր բավականին շատ են մարդիկ, որոնք տուն կամ բնակարան են ուզում գնել հենց Դիլիջանում. «Բնությունն էլ շատ գեղեցիկ է, բայց թունելի բացումն էլ մեծ դեր խաղաց: Անցյալ շաբաթ Դիլիջանում էի, Երեւանի բնակիչներն ընկած Դիլիջանով մեկ հարցուփորձ էին անում՝ ախպեր, տուն ծախողի տեղ չգիտե՞ս»: Թ. Հովհաննիսյանի խոսքերով, մայրաքաղաքում տուն գնելու ցանկություն ունեցող մարդիկ սփյուռքահայերն են, որոնք դեռեւս գերված են Արարատ սարով կամ նպատակ ունեն ինչ-որ բիզնեսում ներդրումներ անել:

«Պրեմիեր Ռիելթի» ընկերության տվյալներով, Դիլիջանում տների գները շատ արագ տեմպերով են բարձրանում: Ըստ գործակալության, նախորդ տարվա համեմատությամբ, Դիլիջանում տները մոտ 50%-ով թանկացել են: Եթե նախորդ տարի վերանորոգված առանձնատունը $200 հազար էր, ապա այս տարի դարձել է $300 հազար: «Պրեմիեր Ռիելթիին» հաճախ դիմում են նաեւ Ջրվեժում, Ձորաղբյուրում տուն գնելու համար: Ընկերությունից նաեւ հայտնեցին, որ հատկապես Դիլիջանում ազատ հողակտորների պահանջարկն էլ է շատ մեծացել, քանի որ շատ գործարարներ դրանք ձեռք են բերում զվարճանքի օբյեկտներ բացելու նպատակով: Սրան նպաստող մեկ այլ հանգամանք էլ կա, Դիլիջանը մոտ ապագայում հավակնում է դառնալ բանկային կենտրոն, կառավարության նախաձեռնությամբ մի շարք հայտնի բանկեր, այդ թվում՝ Կենտրոնական բանկը, ըստ տեղեկությունների, պետք է տեղափոխվեն Դիլիջան: Փոխարենը՝ Դիլիջանում այգեգործական նպատակներով հողակտորներ ձեռք բերել ցանկացողներ չկան: Հարուստ հողագործները գերադասում են Ջրվեժն ու Ձորաղբյուրը: «Ռիելթի գրուպ» անշարժ գույքի գործակալությունից նույնպես վստահեցրին, որ Դիլիջանում, Իջեւանում, Ջերմուկում առանձնատների եւ հողակտորների թանկացում է արձանագրվել. «Չի կարելի միանշանակ ասել, որ եթե քաղաքից դուրս են տուն գնում, ուրեմն մշտական ապրելու նպատակով է, այդ տները կամ հողերը հիմնականում դաչայի համար են գնում: Իսկապես, այսօր շատերն ուզում են բնության գրկում տուն ունենալ: Առաջ Դիլիջանում առանձնատներն արժեին մոտավորապես 20-50 հազար դոլար, իսկ այսօր 150 հազար է հասել: Դա կախված է նաեւ նրանից, թե այդ տունը քաղաքի որ հատվածում է գտնվում, ինչ հարմարություններ ունի եւ այլն»:

Որոշ գործակալությունների աշխատակիցներ էլ, հաստատելով իրենց գործընկերների տեղեկությունները, ուշադրություն հրավիրեցին մեկ այլ հանգամանքի վրա: Նրանց ներկայացմամբ, այսօր բնակարան գնել ցանկացողներից շատերը գերադասում են, թեկուզ կենտրոնից մի քիչ հեռու, բայց տուն գնել նորակառույց շենքերում: Բրոքերները վստահեցնում են, որ ստալինյան կամ խրուշչովյան նախագծով շենքերն արդեն մոդայի մեջ չեն, քանի որ դրանց համեմատությամբ, նորակառույց բնակարանների սենյակները բավականին ընդարձակ եւ լուսավոր են: Բացի այդ, նոր կառուցվող շենքերը, ի տարբերություն խորհրդային տարիներին կառուցվածների, որ հանրակացարանային մոդելով են, գրավիչ դիզայն ունեն եւ հարմարավետ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել