Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՂԱԲԱՐ

Մայիս 08,2008 00:00

Փետրվարի 19-ից մինչ օրս ընդդիմության բողոքները դեռ «նախաքննության» փուլում են

Փետրվարի 19-ից ի վեր սկսվել են, մարտի 1-ի իրադարձությունների ֆոնի վրա նոր թափ են հավաքել ու այսօր էլ շարունակվում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ընտրությունների ժամանակ նրա վստահված անձանց ու նրանց հարազատներին, նաեւ մերձավոր շրջապատին բերման ենթարկելու, կալանավորելու եւ, ընդդիմության գնահատմամբ՝ շինծու հոդվածներով դատապարտելու փաստերը: Ընդ որում, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ե՛ւ ընտրական պրոցեսներին, ե՛ւ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցելու, ե՛ւ մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում տեղի ունեցած հասարակական ընդվզման ակցիաներին առնչվող բոլոր գործերը, որոնք, բնականաբար, վերաբերում են բացառապես ընդդիմադիրներին, շատ արագ քննվում եւ ուղարկվում են դատարաններ: Կան, իհարկե, բացառություններ. դրանք այն դեպքերն են, երբ կալանվածներին՝ Սմբատ Այվազյան, Գագիկ Ջհանգիրյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան եւ այլք, առաջադրված մեղադրանքները դժվար է նախաքննությամբ ամրագրել՝ ապացույցների անբավարարության եւ բացակայության պատճառով, ուստի՝ պարբերաբար երկարացվում է նրանց կալանքի ժամկետը, ու գործը դատարան ուղարկելն էլ հետաձգվում է: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործերի մի տեսակ էլ կա, որն արդեն շուրջ երեք ամիս է, ինչ գտնվում է «նախաքննության» փուլում: «Հատուկ քննչականը» դանդաղկոտ է դառնում, երբ խոսքը վերաբերում է փետրվարի 19-ի՝ բուն ընտրությունների գործընթացին վերաբերող գործերին, ընդ որում՝ այն քրգործերին, որոնք հարուցվել են ընդդիմության ներկայացուցիչների բողոքների, հանցագործության մասին հաղորդումների հիման վրա: Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացին առնչվող թվով 38 քրգործ էր հարուցվել, թե դրանցից քանիսի նախաքննությունն է ավարտվել եւ քանիսն է դեռ քննվում՝ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ դժվարացավ ասել: Փաստ է, սակայն, որ մոտ երեք ամիս է, ինչ հիշյալ ծառայությունում «քննվում» է փետրվարի 19-ին Էրեբունի համայնքի ընտրատեղամասերից մեկում համայնքի ոստիկանապետի եւ ոստիկանության այլ աշխատակիցների կողմից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի, «ՀԺ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ կիրառված բռնությունների գործը: Սույն փաստի առնչությամբ դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Փետրվարի 23-ին թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ոստիկանության բարձրաստիճան սպաների ներկայությամբ եւ նրանց օժանդակությամբ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը եւ նրա թիկնապահները բռնություն էին գործադրել դարձյալ ԱԺ պատգամավորների եւ լրագրողների նկատմամբ, փետրվարի 19-ին Ավանում Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձին՝ Արսեն Ամիրխանյանին, եւ համակիր Գարիկ Ղազարյանին առեւանգել էին եւ տարել «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Նույն օրը Արաբկիր համայնքի թիվ 4/26 տեղամասում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի կողմից Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Ռուբիկ Աղինյանը, Աշոտ Կիրակոսյանը, Նիկոլ Աբգարյանը ծեծի էին ենթարկվել: Այս եւ համանման այլ բազմաթիվ փաստերի առնչությամբ եւս քննություն չի գնում ու կատարվածի համար դեռ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել: Ավելին, ո՛չ ՀՀ գլխավոր դատախազը, ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռ որեւէ կերպ չեն արձագանքել մայիսի 2-ին մի քանի թերթերում հրապարակված եւ ՀՀՇ-ի, ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, «Այլընտրանք» նախաձեռնության Աբովյանի տարածքային կազմակերպությունների հայտարարությանը, որի հեղինակները մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազից ակնկալել էին ստանալ ընդամենը երեք հարցի պատասխան, որոնցից մեկն այս էր՝ «ի՞նչ ընթացք են ստացել Աբովյանի եւ տարածաշրջանի գյուղերի ընտրատեղամասերում տեղի ունեցած ընտրակեղծիքների ու բռնությունների փաստերն արձանագրած ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց թվով 9 դիմում-բողոքները՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաեւ կատարված քրեական հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող թվով 6 դիմում-բողոքները ՀՀ ԿԸՀ-ին»: Նկատենք, որ հիշյալ 9 դիմում-բողոքներից մեկի հեղինակն էլ ընտրությունների օրը թիվ 28/7 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանն էր: Հիշեցնենք, որ նրան փետրվարի 19-ի առավոտյան բռնի ուժով նստեցրել «Ջիփ» ավտոմեքենան ու տարել էին, նաեւ ծեծի էին ենթարկել: Պարզվում է՝ այս գործը դեռ նախաքննության փուլում է: Ընդդիմության ներկայացուցիչները տպավորություն ունեն, որ իշխանություններն ուզում են հայտնի պատճառներով կարճել եւ կոծկել այս գործը: Մնացած 8 բողոքներից երկուսի դեպքում տեղեկացվել է, որ գործը քննվում է, եւ միայն այդքանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել